Հ1-ից հեռացածներին նորից Հ1 են հրավիրում

Հ1-ից հեռացածներին նորից Հ1 են հրավիրում

Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ Հանրային հեռուստաընկերությունը հասարակական դաշտում ակտիվ անհատներին, հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող ոմանց, աշխատանքի առաջարկներ է անում՝ թերեւս մի նպատակով՝ լռեցնել իշխանության հասցեին նրանց կողմից հնչեցվող քննադատությունները։

Արտավազդ Եղոյան եւ Կարեն Քոչարյան հեռուստատեսային զույգը երկար տարիների ընդմիջումից հետո նորից վերադառնում է Հ1, թե որն է պատճառը, Արտավազդ Եղոյանը միայն ասաց․ «Շատ ուրախ եմ, որ մեզ չեն մոռացել եւ նորից հրավիրում են աշխատանքի»։ Գուցե առաջարկել են այն պատճառով, որ լիցքաթափե՞ն մտավորականների դժգոհությունը։ «Ի՞նչ իմանամ․․․ ձմերուկը դեռ չեմ կտրել, ի՞նչ իմանամ մեջն ինչ կա»,- ասաց Եղոյանն ու նշեց, որ դեռ կոնկրետ ոչինչ չի կարող ասել հաղորդման ձեւաչափի մասին, եւ արդյոք այն լինելու է 3-րդ ալիքի շարունակությունը, թե ոչ՝ դեռեւս պարզ չէ։ Թեպետ սցենարը դեռ գրված չէ, բայց «շապկան» արդեն նկարել են եւ հաղորդման վրա նույն թիմով են աշխատելու․ «Ներկայացնելու ենք 65-ամյա հեռուստատեսության՝ այդ տարիների ընթացքում կատարված աշխատանքը, նաեւ լավագույն հաղորդումները կրկնվելու են»։

Որեւէ նախապայման դրվե՞լ է իր առաջ, օրինակ՝ որ սոցիալական ցանցերում նախկինի պես ակտիվ գրառումներ չանի, չքննադատի։ «Իրավունք չունեն նման բան ասելու․․․ մենք միշտ եթեր ենք մտել ու ասել ենք այն, ինչ մտածում ենք»,- նշեց Եղոյանն ու հավելեց, որ տնօրինության հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հարցին ի պատասխան, թե գլավլիտ լինելո՞ւ է, վստահեցրել են, որ իրենց խոսքը չի գրաքննվելու, եւ լինելու են ազատ։ Սակայն նկատենք, որ վերջին շրջանում Ա․ Եղոյանն այլեւս սուր գրառումներ չի անում, վերջին գրառումը դեկտեմբերի 10-ին է արել՝ հիշատակելով նաեւ «անիմաստ թավիշը», որն անկարող է երկիրն այս վիճակից դուրս բերել։ Ինչ վերաբերում է այսօրվան, ապա Եղոյանը նշեց, որ հիմա չի քննադատում, որովհետեւ զգում է, որ միամտացրին եւ ամեն ինչ «կոտրեցին Նիկոլի գլխին»։

«Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ, վարող Ռաֆայել Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ ինքն առաջարկ է ստացել եւ վերադառնում է Հ1, չի համապատասխանում իրականությանը, ավելին․ «Ես Հ1-ից չեմ էլ բացակայել երբեք, 17 տարի է արդեն՝ հաղորդումը գնում է ու շարունակվելու է»։ Նոր եթերաշրջանը մարտից է սկսվելու, ու քանի որ արդեն որոշ երկրների սահմանները բաց են, այդ երկրներից էլ լինելու են հաղորդաշարի առաջիկա հաղորդումները։ «Կար տեղեկություն, որ ինձ առաջարկել են գնալ Հ1, այն պայմանով, որ չպետք է քննադատեմ իշխանությանը, որեւէ նման խոսակցություն տնօրինության հետ չի եղել, ես հանգիստ հաղորդումները հեռարձակում էի ու հիմա էլ հեռարձակում եմ, այսինքն՝ որեւէ ուրիշ խնդիր այդտեղ չկա, եւ խոսելու որեւէ նոր թեմա էլ չկա»,- ասում է Հովհաննիսյանն ու հավելում, որ տնօրինության հետ հանդիպել է 2 անգամ, եւ 2 անգամ էլ քննարկել են ստեղծագործական հարցեր, ու որեւէ նախապայման՝ սոցիալական հարթակում հանրային գրառումներ անել-չանելու շուրջ, չի եղել․ «Նույնիսկ գրել են, որ սոցիալական ցանցերում կարծիք չեմ հայտնում, որովհետեւ Հ1-ով․․․, բայց ցանկացած պահի կարելի է մտնել իմ ֆեյսբուքյան էջը եւ տեսնել իմ դիրքորոշումը՝ այսօրվա ամեն ինչի հետ կապված»։

Դերասան Հրանտ Թոխատյանը կտրուկ արձագանքեց իր՝ Հ1 գնալու լուրի մասին․ «Դա ապուշ լուր է»՝ միաժամանակ նկատելով․ «Ինչո՞վ ինձ պետք է ճնշեն՝ Հանրային հեռուստաընկերությա՞մբ, եւ ի՞նչ պետք է առաջարկեն․․․»։ Եթե առաջարկեն մի լավ հաղորդում անել, կհամագործակցի՞ Հ1-ի հետ։ «Մեծ հաճույքով կանեմ, բայց առանց որեւէ պայմանի,- ասաց Թոխատյանն ու մի փոքր ընդմիջումից հետո հստակեցրեց իր խոսքը,- չնայած չեմ կարծում, որովհետեւ շատ վաղուց Հանրայինի հետ որեւէ բան չեմ արել, հետո էլ՝ հիմա զուգահեռ ներկայացումներ եմ անում եւ դրա ժամանակը չունեմ»։

Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ Թոխատյանին առաջարկն արվել է կամ, առնվազն, մոտ օրերս է արվելու, եւ նա չի մերժելու այն։