Սերժ Սարգսյանն առջևում ունի Մարտի 1-ի գործը, ապրիլյանի քննիչ հանձնաժողով պետք է գա․ նրան հետաքրքիր օրեր են սպասվում

Սերժ Սարգսյանն առջևում ունի Մարտի 1-ի գործը, ապրիլյանի քննիչ հանձնաժողով պետք է գա․ նրան հետաքրքիր օրեր են սպասվում

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոթորկել է նաեւ իշխանական դաշտը՝ մասնավոր զրույցներում իմքայլական պատգամավորները չեն թաքցնում իրենց վրդովմունքը, թե, փաստորեն, ստացվում է, որ հեղափոխությունից մեկուկես տարի անց պարզվեց, որ «Սերժ Սարգսյանի մեղքն ընդամենը 1 միլիոն դոլարի յուրացումն էր», նույնիսկ ո՛չ Մարտի 1-ը։ Հիշեցնենք․ նախօրեին Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար․ նա իր մտերիմ Ֆլեշի Բարսեղին դիզվառելիքի տենդեր է տրամադրել: Նախկին նախագահի համար խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՀԿ-ն «քաղաքական հետապնդման աղաղակող դրսեւորում» որակեց այդ մեղադրանքը։ Կարծում են՝ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներն են անհանգստացրել գործող իշխանություններին, ուստի մեղադրանք առաջադրելու նպատակը համարում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձ: Իշխանությունից հակադարձում են՝ անցել են Սերժ Սարգսյանի ժամանակները, երբ մարդիկ քաղաքական հետապնդման էին ենթարկվում։ Պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ուշադրություն է հրավիրում՝ «այս պահին» է մեկ միլիոն դոլարի քրեական գործ հարուցված, ինքը նախկին  նախագահին ավելի մեծ «հանցագործ» է պատկերացնում։ «Ես անձնապես Սերժ Սարգսյանին համարում եմ մարդ, ով 10 տարի Հայաստանը բռնազավթել եւ թալանել է։ Բայց քանի որ ես չեմ կարող իմ կարգավիճակից ելնելով մեղադրանք առաջադրել, ու Հայաստանն էլ այլեւս իրավական պետություն է, եւ պատվերով գործեր չեն կարվում․․․ գործերը բացահայտվում են, քրեական գործեր են հարուցվում եւ ընթանում իրենց հունով»,- ասաց նա։

Քրիստինե Պողոսյանը բացառում է, որ Սերժ Սարգսյանի մեղքը մեկ միլիոն դոլարի յուրացումն է․ «Բացառվում է, ես լավ հիշողություն ունեմ, 17 տարեկանից քաղաքականացված անձ եմ եւ շատ լավ հիշում եմ Հայաստանի զարգացման ողջ ընթացքը։ Սերժ Սարգսյանից եւ իր կլանից ես սպասել եւ սպասում եմ ամեն ինչ։ Սերժ Սարգսյանն առջեւում ունի Մարտի 1-ի գործը, ապրիլյան պատերազմով պետք է մեր քննիչ հանձնաժողով գա։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանին հետաքրքիր օրեր են սպասվում»։ 

Իսկ «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանը զարմացած է․ «Մի միլիոն դոլարը քի՞չ է՝ քիչ չէ, այնպես, որ հիմա որոշ անհատներ գրում են, թե էսքանի մեջ ընդամենը մի միլիո՞ն։ Ասենք, էդ մի միլիոն դոլարը ձեռքի բան է, հա՞, ոնց ասես գալիս-գնում է»։ Բայց հեղափոխականներն ալամ-աշխարհի մեղքերն էին վերագրում Սերժ Սարգսյանին, ու իշխանափոխությունն էլ կյանքի կոչվեց «Մերժիր Սերժին» կարգախոսով։ «Իրեն եւ իր հարազատներին»․ խմբագրեց պատգամավորը՝ շարունակելով․ «Բայց միլիոնների համար չէինք մերժում, այլ շատ տարբեր՝ հավաքական բաների»։ Հեղափոխականներն էլ հենց այդ փաստից են նեղսրտած, որ միթե սա էր Սերժ Սարգսյանի մեղքը։ «Դեռ այս մեկն է, դա չմոռանանք, ես չգիտեմ, թե ինչ կլինի, բայց այս մեկն էլ խոշոր գումարի մասին է»։

Հրաչ Հակոբյանը չի կարող ասել՝ բավարարվա՞ծ է իրավապահների գործողություններից՝ կապված Սերժ Սարգսյանի հետ, թե՞ կարծում է, որ ավելին կարող էին անել։ «Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն իմ ոխերիմ թշնամին էր, ու ես պետք է մեղադրանքով ինձ բավարարված զգամ կամ չզգամ, ինձ համար ոխերիմ թշնամի չէ, եղել է երկրի նախագահ, դժգոհ եմ եղել, ժողովուրդը դուրս է եկել, հեղափոխություն է արել, հիմա որեւէ հետապնդման չի ենթարկվում, իսկ եթե օրենք է խախտել, հանցագործություն է արել, պետք է պատասխանատվություն կրի»։ Նախկինում նրան էիք վերագրում նաեւ Մարտի 1-ի ոճիրը։ «Ես չեմ ուզում մեկնաբանել, այդ գործով հիմա դատական գործընթաց է գնում, ես չեմ ուզում խոսել այդ մասին»։

Իշխանական պատգամավոր Արթուր Դավթյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը վատն էր, բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի «անձամբ կատարած գործերի» համար են նրան մերժել․ ««Մերժիր Սերժին» հասկացությունը պետք է հասկանալ, որ նրա ղեկավարած իշխանությունն էր վատը, թե չէ անձամբ իր կողմից կատարած հանցագործությունները հո չէի՞ն լինելու գնահատականը՝ ինչ-որ անձի մերժելու համար։ Այն անձինք, ովքեր անձամբ քրեական հանցագործություն են կատարել, ենթարկվել են պատասխանատվության»։
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն իմքայլականներից ավելի իշխանական  գտնվեց։ «Զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ քրեական գործը շինծու է, մեղադրանքը կեղծ է, ապացույցներ չկան, բայց ի՞նչ են ասում ՀՀԿ-ականները Ֆեյսբուքում, որ, այ, Սերգո Կարապետյանը՝ իրենց նախարարը, ցուցմունք տվեց։ Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանը ցուցմունք տա իմ դեմ, ես բողոքեմ Նիկոլից»,- ասաց նա։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ չբացառեց, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ «Կարող էր լինել, որովհետեւ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի ելույթն էնպես չէ, որ գովեստ էր այս իշխանությունների հասցեին, էնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրներ։ Բնական է, դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել, բայց ես նորից եմ ասում՝ ես, լինելով մասնագիտությամբ իրավաբան, չեմ կարող այդպիսի պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Դա չի բացառվում, բայց այդպիսի պնդում անելու համար դու պետք է իրազեկված լինես․ ես այդպիսի տեղեկատվություն չունեմ»,- հայտարարեց պատգամավորը։