Հիմա քիչ է մնում ինձ մեղադրանք առաջադրեք

Հիմա քիչ է մնում ինձ մեղադրանք առաջադրեք

ՀՔԾ-ն դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանին՝ ինչ-որ դիզվառելիքի տենդերն իր ընկեր Ֆլեշի Բարսեղի անունով «դասավորելու» համար։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդի հաշվից ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել մոտ ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դրամ, որն էլ փոխանցվել է «Ֆլեշ» ընկերության բանկային հաշվին: Դրա արդյունքում փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է ավելի քան 66 միլիոն դրամ ավելի վճարված գումար:
Այս հայտարարությունից հետո փորձեցինք հարց ուղղել կառավարության ամենաօրիգինալ ու ամենաանդարդ տոնով հարցերին պատասխանող նախարարին՝ ֆիննախարար Ատոմ Ջանջուղազյանին, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել է երկրի գլխավոր գանձապետը։

«Բայց էդ եղա՞վ բա, բա դա եղա՞վ»,- անմիջապես արձագանքեց Ջանջուղազյանը՝ նկատի ունենալով մեր հարցն իրեն։

Իսկ մենք «հասկացանք», թե Ջանջուղազյանը նկատի ուներ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը։

- Ես էլ եմ համաձայն, բա եղա՞վ, ինչպե՞ս կարելի էր Սերժ Սարգսյանի պես մարդուն նման մեղադրանք առաջադրել։

- Չէ, որ դրա հետ կապված ինձ ուզում եք հարց ուղղեք… ես իրավապահ մարմի՞ն եմ ներկայացնում։

- Չէ, Դուք ներկայացնում եք նաեւ նախորդ կառավարությունն ու նախորդ իշխանությունը, ուստի ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս գործին, քանզի Դուք էլ եք եղել այն կառավարության կազմում, որի օրոք այս չարաշահումը եղել է, եւ հիմա Ձեր նախկին ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։

- Դուք Ձեր հարցը լսո՞ւմ եք։ Հիմա նախկին բոլոր ժամանակների հետ կապված, տեղի ունեցած էս քննությունների վերաբերյալ ենթադրում եք, որ ես պիտի ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենամ, որովհետեւ ես նախկինում աշխատե՞լ եմ։ Այսինքն՝ եթե նախկինում աշխատել եմ, ուրեմն պիտի որեւէ ձե՞ւ վերաբերվեմ, եթե հիմա որեւէ գործ է քննվում։

- Բայց խոսքը սուբսիդիային եւ ֆինանսներին է վերաբերում, Դուք էլ այդ ժամանակ ֆինանսների նախարարությունում էիք աշխատում, տեղյակ չե՞ք եղել այդ գործընթացից, գնումներից․․․

- Հիմա քիչ է մնում ինձ․․․

- Մեղադրա՞նք առաջադրեմ։

- Հա․․․ էդ Դուք ասացիք, ես չասացի։ Ասում եք՝ Դուք տեղյակ չե՞ք եղել, ուզում եք ասել՝ տեղյակ եմ եղել, բայց լռե՞լ եմ էդ մասին։

- Ամեն դեպքում, Ձեր նախարարությունն է փող տվողը, դրա համար եմ Ձեզ հարցնում, եթե մշակույթի նախարարը լինեիք,  այս հարցը չէի տա, բնականաբար։ Ինչպե՞ս է ստացվել, որ բյուջեից գումար է տրամադրվել սուբսիդավորման համար, բայց վերջում չարաշահումներ են կատարվել։

- Ձեր հարցը չեմ հասկանում, ճիշտն ասած, պիտի մի քիչ ավելի մանրամասնեք։ Նկատի ունեք՝ ինչպես է կազմակերպվում գնումների գործընթա՞ցը․․․ նկարագրված է՝ գնումների մասին օրենքով եւ կառավարության ենթաօրենսդրական ակտերով։

- Սերժ Սարգսյանի այդ հրահանգը որեւէ կերպ չի՞ երեւացել, որ պետք է «Ֆլեշ» ընկերությունը հաղթի մրցույթում։

- Ինձ հայտնի չէ էդպիսի բան։ Դուք հիմա էդ գործի մանրամասների վերաբերյալ ինձ հարց եք տալիս, որ Դուք շատ լավ գիտեք, որ չեմ կարող իմանալ։ Դուք ասում եք մի բան, որը չէր կարող ինձ հայտնի լինել, որովհետեւ ես չեմ զբաղվում էդ գործով, ենթադրում եմ, որ իրավապահ մարմիններին պիտի Ձեր հարցն ուղղեք։