Քաղաքական իշխանության խնդիրը չէ, թե ով կլինի ԲԴԽ նախագահ կամ անդամ

Քաղաքական իշխանության խնդիրը չէ, թե ով կլինի ԲԴԽ նախագահ կամ անդամ

Բարձրագույն դատական խորհրդի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախ՝ ԲԴԽ կազմը հիմնովին թարմացվեց եւ վեթթինգի ենթարկվեց, ապա պարզ դարձավ, որ դատական համակարգի վեթթինգի բարդ եւ պատասխանատու գործը մեր իշխանությունը պատրաստվում է դնել նորընտիր ԲԴԽ-ի վրա։ Եվ այդ պատճառով սկսեցին ամենայն զգուշությամբ ընտրել նոր անդամության թեկնածուներին։ Ինչպեսեւ գրել էինք նախապես, դատավորների ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին եւ նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ Իսկ երրորդ անդամը, որը պետք է ներկայացված լինի դատական համակարգից, որոշվեց, որ լինելու է դեռեւս 9 ամիս առաջ ընտրված, այն ժամանակ հրաժարական տված, ապա մի քանի օր առաջ դատավորների ժողովում երդված ու ԲԴԽ անդամ դարձած Նախշուն Տավարացյանը։ Բայց այս անօրինական երդումը նախ դատավորների դժգոհությունը հարուցեց, որոնցից ոմանք անգամ նրա երդման պահին լքեցին դահլիճը, ապա՝ լայն հանրության։ Շատերը հիշեցին, որ Նախշուն Տավարացյանի թեթեւ ձեռքով է ժամանակին լիցենզիայից զրկվել «Ա1+» հեռուստաընկերությունը, նա բազում այլ կասկածելի վճիռներ է կայացրել։

Ամենից խիստն այս ընտրությանն արձագանքեց հեղափոխության շահառուներից մեկը՝ «Գյումրիի Ասպարեզ ակումբի» նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Ապա համացանցում աղմուկը շարունակվեց, եւ հասկանալի էր, որ նման աղմուկներն ազդում են իշխանական որոշումների վրա, ու վերեւներում անմիջապես հետեւություններ արեցին սրանից։

Երեկ տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների մի մասը՝ պրոիշխանական թեւը, դեմ է Նախշուն Տավարացյանի ուշացած անդամությանը, քանզի կարծում են, որ նա օրենքի խախտումով է 9 ամիս անց երդվել։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարեց, որ ինքն ու իր գործընկերներ Հայկ Հովհաննիսյանը, Լիպարիտ Մելիքջանյանը 2019թ. հուլիսի 18-ին, ժամը 11։30-ին հրավիրել են Բարձրագույն դատական խորհրդի նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը մեզ ասաց, որ ԲԴԽ անդամներն իրավունք ունեն նման նախաձեռնությամբ հանդես գալ, եւ այդ պահանջով նիստը նշված օրը կկայանա։ Իսկ թե ինչ կարծիք ունի նա այս պահանջի վերաբերյալ, Չիչոյանը չցանկացավ վաղօրոք բարձրաձայնել։ «Ես էս պահին իրավունք չունեմ եւ չեմ կարող իմ կարծիքը հայտնել՝ դրա հետ կապված։ Իմ կարծիքը կհայտնեմ նիստի ժամանակ, նիստից հետո, երբ որ քննարկվի»,- ասաց նա։

- Ամեն դեպքում, ինչո՞ւ է Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու շուրջ այսպես աղմուկ բարձրացել, այստեղ կա՞ իրավական խնդիր։

- Դա քննարկման խնդիր է, չեմ կարող պատասխանել։ Ամեն մեկն իր կարծիքն ունի, բնականաբար, ես իմ կարծիքն էս պահին չեմ կարող բարձրաձայնել։

- Բայց օրենքով, հստակ ինչպե՞ս է ամրագրված։

- Յուրաքանչյուր օրենք ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել, բայց որոշակի առումով հստակություններ կան։

- Այդ որոշակի հստակությունները տարածվո՞ւմ են Նախշուն Տավարացյանի ընտրվելու վրա։

- Դուք նորից նույն հարցն եք կրկնում՝ տարբեր ձեւակերպումնեով։

- Դուք այն ժամանակ ի՞նչ դիրքորոշում եք հայտնել, երբ Տավարացյանը երդվեց։

- Ես չեմ հայտնել էդ պահին դիրքորոշում։

- Ի՞նչն է խանգարում Ձեզ՝ դիրքորոշում հայտնել այս հարցում, ի վերջո, դատավորներից մարդիկ եղան, որ նույնիսկ հրապարակավ դուրս եկան դահլիճից՝ ի նշան անհամաձայնության։ Ձեզ ի՞նչն է կաշկանդում, որ դիրքորոշում չեք հայտնում։

- Ես ասացի՝ քանի որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել մեր անդամներից երեքը, եւ հետագայում քննարկվելու է էդ խնդիրը, ես էս պահին չեմ կարող դիրքորոշում հայտնել թե՛ որպես ԲԴԽ անդամ, թե՛ որպես նախագահի պաշտոնակատար։

- Բայց մինչեւ այդ էլ Դուք դիրքորոշում չէիք հայտնում, այն ժամանա՞կ ինչն էր կաշկանդում։

- Ոչ մի բան չի կաշկանդել, ինչի՞ հայտնեի կամ ո՞ւմ հայտնեի։ Դա դատավորների ընդհանուր ժողովն էր որոշում՝ երդվել, թե չերդվել։

- Ի դեպ, տեսակետ կա, որ քաղաքական իշխանությունն իրեն ցանկալի անդամներով է համալրում ԲԴԽ-ն, որ հետագայում վեթթինգի եւ դատական իշխանության բարեփոխման գործընթացում խնդիրներ չունենա ԲԴԽ-ի ներսում։

- Ես նման տեսակետ չեմ լսել, չեմ կարող ասել՝ կա, թե չկա, եթե նույնիսկ լինի էլ, ապա դատական իշխանությունն իշխանության առանձին ճյուղ է, եւ քաղաքական իշխանության խնդիրը չէ՝ ով կլինի ԲԴԽ նախագահ կամ անդամ։ ԲԴԽ-ն անկախ իշխանություն է, նույնը՝ դատական իշխանությունը, եւ նման խնդիր չկա։

- Վերջին մեկ տարում եւ դրանից առաջ՝ նախորդ տարիներին, այնքան շատ է կասկածի տակ դրվել դատական իշխանության անկախությունը, որ այսօր զուտ խոսքերը դեռ բավարար չեն անկախ լինելու համար։

- Դա հանրության մի մասի կարծիքն է, բայց ես էդ կարծիքին չեմ։