Բենիկ Ստեփանյան. Աչքդ պահիր ապրիլի վրա

Բենիկ Ստեփանյան. Աչքդ պահիր ապրիլի վրա

* * *
Բառերս՝ փամփուշտներ,
արկեր...
Թշնամիները՝ շատ...
Պոետների ու գրի պակաս
կա... առաջնագծում...
Անպատասխան եմ թողնում շատ
հղացքներ,
որ այցելում են ինձ գիշերով
հիմնականում,
(ինչպես հետախույզները թշնամու),
որ դիպուկ տողերով
արձագանքեմ մտքերի տեղատարափին.
ազատագրեմ ինձ՝
արթնացնելով բոլորին:

 

* * *
Կրակ երկնքում
ճերմակ աղավնի,
գիշերն էր նախանձ,
ու լույսը՝ առատ...

Այստեղ բոլորն էին
մահապարտներ,
մահը վախկոտ էր,
ծերերը՝ անպարտ...

Գյուղը դարձել էր
աննվաճ տապան,
ուր հանգչում էին
ան-օդ-ա-չուները...

Այստեղ բոլորը
ճախրում էին,
այստեղ զինվոր էր
աղավնին անգամ...

 

* * *
Հենվել էր պարսպին
իրենն էր համարում
ստվերն էլ նրա,
ստվերն ա՛յն ամրոցի,
որի տոհմիկ տերերը
սպանվել էին
ամրոցում այս
դարեր առաջ:

Եվ սա
որ հենված էր
պարսպին,
ներկայանում էր
ժառանգը
վաղուց բնաջնջված
տոհմի:

 

Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՍՊԵՍ... 

«Ի՞նչ կասես դու մեզ՝
ո՞ւր ենք գնում այսպես»,-
օդում կախված մնաց,
հարցս մնաց օդում:

Ինձ չեմ գտնում հիմա,
երազս ո՞նց պատմեմ...
Հաց բերողին տեսա,
նրան՝ Լուսավորին:

«Ո՞ւր ենք գնում այսպես»,-
հարցիս ի պատասխան՝
հետո հայհոյում էր միայն
դաժա՛ն, դաժա՛ն, դաժա՛ն:

 

* * *
Կկո՛ւ, վա՜յ կկո՛ւ
խաբվեցինք
բայց աշնանը
նորից...

Կկո՛ւ
խաբվեցի՛նք
նույն փոսում
արդեն բոլորս...

...Եղբայրս էլ
«հրացանակիր»
բախտի բերմամբ էր
որ կեր չդարձանք:

 

* * *
Մեծ սիրախաղ էր
լռության եւ աղմուկի,
որսում էի անորսալին,
վերածնվում էին
ազնիվներն այնտեղ,
գիշատիչները՝ մարդ փրկում
այդ թվում նաեւ ինձ
(մի քանի անգամ):
Տեղը չեմ հիշում.
երազում լիներ կարծես,
բայց այստեղ էր այն՝
մեր կողմերում:
Չե՞ք հավատում՝
վերածնվածներից հարցրեք:

 

* * *
Ինձ էլ
կձերբակալեն
մի օր

Կմեղադրեն
ամեն ինչում

Ու կդատեն
հանուն ոչնչի

 

ՆՈՐ ՊՏՈՒՅՏ

Պտտեինք
պտտեինք
հնարով մի
դարերի պատմությունը
հանց անիվ

Ինչեր
ինչե՜ր
չէին երեւակվի
պտույտից մեր
դարեր անց

Խորտակված
բերդեր անառիկ
պայմանագրեր
անամոթ ու
անհեռանկար

Եվ հիմա
դարեր անց
նոր ընթացք տանք
պտույտին այս
երեւակված

 

* * *
Եվ գտնվելով
դիպուկահարների
նշանառության տակ
գարնանը
դուրս կգամ
թաքստոցներից

Ջրառատ ափերիդ
կարոտ մնացած
բարձրանում եմ
դեպ քեզ
մոտ գտնվելու
լեռներից հոսող ջրերիդ

Ջրերիդ հայելիում
երեւացող հայացքս
դիպուկահարներին
շփոթեցնում է անվերջ

 

* * *
Ծափողջունի՛ր, հրա՛շքս,
ծափողջունիր.
գարուն է շուտով,
անսպառ,
հրաշքոտ,
ո՞ր մեկը ասեմ...

Ծափողջունի՛ր կյանքին,
գալու եմ շուտով...

...Չմոռանաս աղոթքներդ.
հատկապես աչքդ պահիր
ապրիլի վրա,-
կարդում էր աղջիկը
տղայի գրածը՝
համբույրով ողողված:

 

ՊԱՀԱՊԱՆԸ

«Վերադառնաս ողջ եւ առողջ»,-
ծառայության ինձ ճամփելիս
մաղթեց տատս
ու նվիրեց...

Վերադարձա...
նա էլ չկար:

Բայց ինձ հետ էր
միշտ,
եւ, ինչպես հիմա՝
գրպանումս,
Նոր կտակարանը՝
տատիս:

 

* * *
Հորս
Որդուս
չորբացնելու համար
չկորցրի քեզ, Արցախ:

Ի՞նչ էի զգում
առաջնագծումդ
չգիտեմ.

Անբացատրելի է
զգացածս
հանց
որդիական
սկիզբը:

 

ՂՈՒՇԲԱԶԻ ՀՐՃՎԱՆՔԸ

ամենից շատ հնչող
մաղթանքը
ղուշբազի հրճվանքը
դարձավ
սահմանամերձ գյուղում.
հարսանիքներին
ծնունդներին
որն էլ
զինվորներին
փոխանցվեց

 

* * *
Իրենց մասին
անընդհատ հիշեցնող
չգրվածներս
բանաստեղծություններ
չդարձան,
որ ես ապրեմ:

 

* * *
Խմածս սուրճը
տարավ հասցրեց
ինձ
իր ծննդավայրը,
որտեղով Ամազոնն 
էր հոսում:
Եվ ես, որ
գիտեի
մեր ջունգլիները,
կողմնորոշվեցի այնտեղ՝
հասնելով մոտակա
բնակավայրը...
Հիմա այդ գյուղի
անունն արդեն
չեմ հիշում,
որտեղ վայելեցի
ավելի համեղը:

 

* * *
Կոմիտաս էր
հնչում.
աստվածներն էին,
Քրիստոսը...

 

* * *
Այս գարնանը
երկնքին պահ տված
գաղտնիքներս
կտեղան
խորհրդավոր ու
անտես
անձրեւի հետ

Կթափվեն
անխնա
եւ դու կծաղկես
այլ կերպ
միայն ինձ
տեսանող
խորհրդավորությամբ

 

* * *
Հայացքովդ շրջված
չնկատած ինձ՝
վարդերը քեզ կտենչան
ձեռքերս՝ ապաստարան:

Աչքերս աչքերիդ...
գտնված երազ
ուրիշ էլ ի՞նչ է պետք
եթե այսքանը կա:

 

ԲԱՌԸ

Հեռացողները բոլոր
թռչուններն էլ
կհիշեցնեն իրենց մասին...

Իսկ գարնանն արդեն
կփնտրեմ բառը՝
կես-վերադարձ:

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Դար է օրս ամեն,
որ պատմության դասագրքում
չես գտնի.
պիտի պեղվեն ավելի, քան
բոլոր հնավայրերը
դեռ չուսումնասիրված...

Ու իմ սրտում
նման անթիվ դարեր են
կուտակվում, որ 
նույնպես,
կարիքն ունեն վերծանման...

 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ