Հայաստանն էն երկիրը չի, որ մարդիկ նստած գրասենյակում՝ երազում են նրա մասին

Հայաստանն էն երկիրը չի, որ մարդիկ նստած գրասենյակում՝ երազում են նրա մասին

Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ, Եվրոպայից Հայաստան տեղափոխված ու եվրոպական մտածելակերպով առաջնորդվող Տաթեւիկ Ռեւազյանը հետաքրքիր կերպար է։ Նրան հաճախ են քննադատում, որ ոլորտից այդքան էլ տեղեկացված չէ, հաճախակի ճամփորդությունների մեջ է եւ այլն։ Մյուս կողմից էլ, ասում են՝ ակտիվ, պրպտող, իր աշխատանքին նվիրված ղեկավար է, բայց փորձի պակաս ունի եւ գործի մեջ իսկական եվրոպացի է, որը ոչ մի կերպ չի տեղավորվում հայաստանյան խճանկարում։ Արդյունքում բախվում են եվրոպական մոտեցումներն ու հայկական իրականությունը, ինչն էլ ցանկալի արդյունք չի տալիս։ Մյուս կողմից՝ հաճախ է շտապում իր ոգեւորությունն արտահայտել այն ծրագրերի վերաբերյալ, որոնք դեռ կյանքի չեն կոչվել, եւ մեծ հարցականի տակ է՝ մոտ ապագայում կիրականանա՞ն, թե՞ ոչ։ Բայց ապագայում կատարվելիքը որպես արդեն պատրաստի «արտադրանք» հանրությանը մատուցելը միայն նրա սինդրոմը չէ․ ամբողջ կառավարությունն է տառապում այդ հիվանդությամբ՝ վարչապետից սկսած։

Օրինակ՝ Ռեւազյանն ամիսներ առաջ ոգեւորությամբ հայտարարել էր Ryanair խոշոր լոուքոսթերի հավանական մուտքի մասին Հայաստան, բայց մինչ օրս այդ ուղղությամբ դեռ տեղաշարժ չկա, քանզի դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ եւ կապված է պարզ տնտեսական հաշվարկների հետ։ Եվ միայն այն, որ մեր քաղավիացիան առաջարկել է գալ Հայաստան ու դա ներկայացնել որպես բանակցություն Ryanair-ի հետ եւ նրա կողմից հետաքրքրվածություն, մեղմ ասած, լուրջ չէ։ Նախկինում այդպիսի բազմաթիվ «բանակցություններ» են եղել, եւ ՀՀ կառավարությանն ուղղակի պարզ ասել են՝ մեզ այսքան միլիոն դոլար կտաք, կգանք։

«Լոուքոսթեր մի տարվա ընթացքում չեն բերում, բանակցություններ են մի տարվա ընթացքում սկսում, որը մենք սկսել ենք բոլորի հետ։ Օրինակ՝ շուտով ես արդեն երկրորդ հանդիպումն եմ ունենալու Ryanair-ի հետ, ոնց որ՝ իրանք առաջարկ ուղարկեցին, մենք էլ մեր առաջարկն ենք ուղարկել, հիմա գնում եմ feed back ստանալու համար, հասկանամ՝ դա իրենց համար ընդունելի՞ տարբերակ է, թե՞ ոչ։ Միաժամանակ, էդ նույն առաջարկը ներկայացնելու եմ Wizz Air-ին եւ Easy jet-ի հետ եմ հանդիպելու։ Այսինքն՝ ես անընդհատ կապի մեջ եմ, բանակցում եմ, բայց նոր ավիաընկերություն բերել շուկա՝ դա մի տարվա գործ չի, մինչեւ 10-15 տարի բանակցում են ավիաընկերությունների հետ։ Մենք ինչքան հնարավոր է՝ շուտ կանենք»,- մեզ հետ զրույցում ասաց Տաթեւիկ Ռեւազյանը։

- Մասնագետներն ասում են, որ գուցե Դուք լավ չեք պատկերացնում, որ իսկապես դժվար է նման ընկերությունների բերել Հայաստան, կամ գուցե Ձեր հավակնություններն են մեծ, բայց դրա համար պետք է կառավարությունը, օրինակ, սուբսիդիա տրամադրի։ Մյուս կողմից՝ կա մի պարզ բան․ եթե շուկան իրենց հետաքրքիր է բիզնեսի տեսանկյունից, իրենք կգան, անկախ նրանից՝ հեղափոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։

- Չէ, հեղափոխության հետ կապված չի։ Դա պրոակտիվ աշխատանքի հետ է կապված։ Հայաստանն էն երկիրը չի, որ մարդիկ նստած գրասենյակում՝ մտածում կամ երազում են Հայաստանի մասին։ Մե՛նք պետք է Հայաստանը ներկայացնենք։ Ոչ ոք մեր մասին չի մտածի, եթե մենք մեզ չներկայացնենք։ Եթե ավիաընկերությունն իր ուղղությունների 90 տոկոսը գիտի ու գիտի՝ փողը որտեղ է, ինքը տասը տոկոս էլ ունի, որը մի քիչ ավելի ռիսկային ուղղություններ են, իսկ էդ ռիսկային ուղղություններն իրենք ընտրում են, եթե մարդիկ լավ են ներկայացնում։ Էն, որ մեր մասնագետներն ասում են՝ անհնար է, որ լոուքոսթերը գա Հայաստան, դա ճիշտ չի։ Որովհետեւ, եթե անհնար է, ինչի՞ պիտի Ryanair-ի կոմերցիոն տնօրենն Իռլանդիայից թռչի Բրյուսել՝ ինձ հանդիպելու համար։ Երկրորդը․ Ryanair-ի հետ հանդիպումից հետո CAPA ընկերությունը, որն ավիացիայի ոլորտում շատ մեծ վերլուծական ընկերություն է, շատ հետաքրքիր անալիզ է արել Հայաստանի ու, ընդհանրապես, այս տարածաշրջանի պոտենցիալի վերաբերյալ՝ դեպի Եվրոպա։ Ու շատ սիրուն թվերով ներկայացրել է պոտենցիալը եւ ուղարկել է դա որոշում կայացնողներին՝ ամբողջ ավիացիայում։ Մեր պատմության մեջ նման բան չի եղել։

- Սա Ձե՞ր շնորհիվ է, թե՞ նախորդները չէին կարողանում կամ չէին ցանկանում նման նախաձեռնողականություն ցուցաբերել։

- Ես չեմ ուզում նախորդների մասին խոսել, դա ճիշտ չի լինի, ես չգիտեմ՝ ոնց ու ինչ է արվել։ Ես կարող եմ ասել, թե ինչքան կարեւոր է պրոակտիվ աշխատանքը։ Եթե ես չգնայի Ryanair-ի մոտ բանակցելու, մենք հիմա չէինք ունենա երկրորդ հանդիպումը բանակցելու, մենք իրենցից առաջարկ չէինք ունենա, մեր առաջարկը չէինք ներկայացնի։ Այսինքն՝ պրոցեսը կանգնած կմնար, ու կերազեինք։ Գոնե եթե չստացվի, կհասկանանք՝ ինչու չի ստացվում։

- Ձեզ քննադատում են, նաեւ բաց նամակ էին հրապարակել, որ Դուք զբաղված եք ճամփորդելով, չեք տիրապետում ոլորտին․․․

- Իսկ էդ նույն մարդիկ՝ Նավիկը, օրինակ, որ քննադատում են եւ էդ նամակը գրում են, ու դուք էլ հրապարակում եք մի բան, որը սուտ է․․․ ու ինքն իր նպատակներն ունի, ես կարող եմ բացատրել, թե ինչու է ինքը դա արել։ Ու խնդրում եմ՝ այս հատվածը չհանեք։

- Չենք հանի, բնականաբար։ Դուք հիմա բացառիկ հնարավորություն ունեք մեր թերթի միջոցով ասելու այն, ինչ ուզում եք։

- Շնորհակալություն։ Նավիկը նեղվել է նրանից, որ ես իր առաջարկը քննադատել եմ, ես իրեն ասել եմ՝ Նավիկ, պետք է ավելի լավ աշխատանք անեք, որ ես կարողանամ Ձեզ աջակցել։ Ու ես օրինակներ ունեմ։ Ուրիշ մարդիկ, որ լավ աշխատանք են արել՝ տեղական ավիափոխադրողով, ես իրենց ծանոթացրել եմ ներդրողների հետ, որոնք հիմա իրենց աջակցում են։

- Հիմա այն ընկերությունները, որոնց հետ Դուք բանակցում եք՝ Ryanairից սկսած, ունե՞ք հստակ բիզնես-պլան, թե ինչ եք առաջարկում, կառավարությունն այդտեղ ֆինանսական ինչ միջամտություն է ունենալու եւ այլն։

- Մենք հաշվարկ ենք արել՝ Ryanair-ի առաջարկը եթե մենք ընդունենք, ինչ ազդեցություն կունենա դա մեր երկրի տնտեսության վրա, արժի՞, թե՞ չարժի։ Պարզվում է, որ չարժի։ Դրա համար հիմա մենք մեր առաջարկն ենք պատրաստել, որը մեր երկրի համար լավ կլինի։ Ու էդ ամեն ինչը՝ հաշվարկներով, պրեզենտացիաներով։ Ձեզ թվում է, եթե ես պատրաստված, թույլ բիզնես-առաջարկով գնայի, Ryanair-ի հետ հանդիպեի, երկրորդ հանդիպումը հիմա կունենայի՞նք։