Թուրքիա՝ մեծ ու հակասական երկիր

Թուրքիա՝ մեծ ու հակասական երկիր

Արեւմտյան Հայաստան մեր ուղեւորության ողջ ընթացքում հակասական զգացումները չէին լքում ինձ։ Մի կողմից՝ ամեն քայլափոխի չէր «լռում» ազգիս գենետիկ հիշողությունը, մյուս կողմից՝ հայտնվել էինք մի մեծ պետության մեջ՝ իր անծայրածիր տարածքներով, մշակված հողերով, տարբեր որակի ու աշխարհայացքի մարդկանցով, մշակույթով ու ավանդույթներով։ Ինչպե՞ս տեղավորի իր ներսում Թուրքիա այցելած հայ մարդը՝ ներկան ու անցյալը, պատմությունն ու ժամանակակից իրողությունները, վրեժի ու կորստի զգացումները։ Մանավանդ՝ եթե դեմ է հավերժ թշնամանքին ու հարեւանների հետ անվերջանալի հակամարտություններին, բայց նաեւ մանկուրտ չէ՝ իր ազգի պատմությունն ու անցյալն էլ չի ուզում մոռանալ։ Բարդ խնդիրներ, որոնք նաեւ մտորումների եւ անելանելության զգացում էին առաջացնում։ Բայց թերեւս նման զգացումներ ներկայիս Թուրքիա պետություն այցելած ցանկացած զբոսաշրջիկ է ապրում։

Սա մի երկիր է, որտեղ ներկան ու անցյալը, առաջադեմն ու հետադեմը, գեղեցիկն ու տգեղը միահյուսված են իրար։ Փնթի, թափթփված փողոցների կողքին գեղեցիկ, ժամանակակից բնակելի համալիրներ են վեր խոյանում, ժպտադեմ ու բաց թուրքերի կողքին մռայլ ու տգեղ դեմքերն էլ քիչ չեն։ Մեզ՝ հայերիս, որպես կանոն, լավ էին վերաբերվում, եւ գրեթե ամենուրեք կարելի է հանգիստ շրջել՝ անգամ բաց ու գունագեղ հագուստով, մինչդեռ արեւելյան որոշ երկրներում կանայք միայնակ աներկյուղ շրջել չեն կարող։ 

Մենք մեզ հինգհազարամյա մշակույթ ունեցող ազգ ենք համարում, բայց կանաչի ու բնության հանդեպ նման հարգանք չունենք եւ մեր բոլոր այգիները, օրինակ, սրճարանապատել ենք, իսկ Թուրքիայի մեծ քաղաքների զբոսայգիներում սրճարաններ չհանդիպեցինք։ Փոխարենն ամենուրեք հսկայական մինարեթներ էին վեր խոյանում՝ զույգ կամ կենտ աշտարակներով։ Աշոտ Մելքոնյանը բացատրեց, որ շիա եւ սուննի հավատի մահմեդականների մինարեթները տարբերվում են կենտ կամ զույգ աշտարակներով։ Իսկ ինչպիսի հարգանք ու պաշտամունք կա պետական դրոշի հանդեպ՝ ամենուրեք, անգամ մեքենաների վրա, պատերին, շենքերին, հագուստներին, ամեն տեղ ծածանվում է թուրքական դրոշը, որը, իհարկե, ցավալի էր տեսնել հայկական հուշարձանների, օրինակ՝ Կարսի բերդի վրա։ Բայց այս երկրում հասկացել են, որ զբոսաշրջիկը փող է բերում, եւ ամեն ինչ անում են զբոսաշրջիկներին գրավելու համար։ Նաեւ այս նկատառումներից ելնելով են պատմական հուշարձանները վերականգնում ու խնամում։ 

Մեր խմբի անդամները, իհարկե, ամեն քայլափոխի փնթփնթալու առիթ էին փնտրում․ Անիի եկեղեցիների վերականգնումը կանգնել է, Սոլուխի կամրջի ցուցանակի վրա գրել են, որ սելջուկներն են կառուցել, միայն մի աննկատ տեղում նշված է, որ հայերն էլ են մասնակցել կառուցմանը, Աղթամարի եկեղեցում բարձրաքանդակների դիմանկարները փորվել-քանդվել են եւ այլն։ Բայց այդ նույն հնամենի կամուրջները՝ Սոլուխի, Հովվի, հիմնովին վերակառուցվել են։ Իսկ Արաքսի ու Մուրծի գետերի միացման հատվածում գտնվող հոյակերտ Հովվի կամրջի վրա երթեւեկությունն են արգելել, որ հուշարձանը պահպանվի։ 

Վագըֆ գյուղի մերձակայքում մենք այցելեցինք հայտնի Խդրբեկ գյուղը, որը նշանավոր է իր 100 տարվա թվագրությամբ ծառով, որի փչակում կարող է մարդ տեղավորվել, իսկ դիմացի ցուցանակին հին լուսանկար է՝ հայ մարդիկ։ Ծառը յուրօրինակ սրբավայր, տեսարժան վայր է, որի մոտ փոքրիկ շուկա է գործում՝ նուշ, ընկույզ եւ այլ տեղական բարիքներ են վաճառում։ Դժվար էր առանց հուզմունքի դիտել այդ լուսանկարը, որն այս տարածքում 100 եւ ավելի տարի առաջ բնակված ազնվական հայերի մասին է պատմում։ 

Մեր ճամփորդությունն արդեն մոտենում էր իր եզրափակիչ մասին․ Ադանայից, որը 1,7 միլիոն բնակչություն ունի եւ Թուրքիայի 5-րդ քաղաքն է համարվում՝ Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից ու Բուրսայից հետո, մենք պետք է ուղեւորվեինք դեպի հյուսիս՝ Մուշ, Կարս, Անի։ Սրտի թրթիռով էինք մեկնում՝ հասկանալով, որ հայոց նվիրական բնակավայրերում հեշտ չի լինելու մեզ համար, այնտեղ հաղորդակցվելու ենք մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերին։