Առաքիչները աշխատում են ծանրաբեռնված

Առաքիչները աշխատում են ծանրաբեռնված

Մենք տեղեկացանք, որ առաքման ոլորտի աշխատակիցները այս օրերին ծանրաբեռված են աշխատում։ Հիշեցնենք, որ վարչապետը ֆեյսբուքյան լայվերից մեկի ժամանակ անձամբ էր խորհուրդ տալիս մնալ տանը, և ինչ-որ բանի կարիքը զգալու դեպքում ոչ թե խանութ գնալ, այլ կատարել օնլայն գնումներ, որոնք տեղ են հասնում առաքման միջոցով։

«Հրապարակի» հետ զրույցում menu.am-ից չհերքեցին, որ առաքիչներն այս օրերին իրոք ծանրաբեռնված են աշխատում։ Վերոնշյալ ընկերության աշխատակիցը հայտնեց նույնիսկ, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին սկսել են առաքման ոլորտի նոր աշխատողներ փնտրել։
Հարցին, թե որքան պետք է սպասի քաղաքացին պատվեր կատարելու դեպքում, «Մենյուի» ներկայացուցիչը պատասխանեց.« Դե դա կախված է հասցեի և սննդի կետի հեռավորությունից։ Միջին, ստանդարտ տևողությունը կարող եմ ասել, որն այս պահին 45-ից 50 րոպե է։
Աշխատակցը հավելեց, որ  ընկերության բոլոր առաքիչները պատվերը տեղ հասցնելիս օգտվում են պաշտպանիչ բոլոր հնարավորություններից՝ դիմակ, ձեռնոց և այլն։

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից ևս նշեցին, որ իրենք առաքիչներն էլ աշխատում են ծանրաբեռնված։ Ըստ մեր զանգին պատասխանող աշխատակցի՝ «ՍԱՍ Ֆուդ Կորտից» ինչ-որ բան պատվիրելու դեպքում պետք է սպասել մոտավորապես 55 րոպե, իսկ խանութից պատվիրված ապրանքները՝ առաքիչների ծանրաբեռնված աշխատանքով պայմանավորված, մոտեցվում են 3 ժամվա ընթացքում։
«Այո, մենք ծանրաբեռնված ենք, դրա համար  է այդպես»,- ասաց աշխատակիցները։

«Պարմայի» աշխատակցի խոսքով՝ իրենց առաքիչներն էլ են աշխատում ծանրաբեռնված։ Եվ եթե նախկինում, այսինքն՝ մինչեւ արտակարգ դրությունը և մարդկանց տեղաշարի սահմանափակումները, պատվերները մոտեցվում էին մեկ ժամում, հիմա դրանք իրականացվում են երկուսից երեք ժամվա ընթացքում։