Պրոֆեսոր Մարկոսյանին չեն ուզում ազատել

Պրոֆեսոր Մարկոսյանին չեն ուզում ազատել
Աշոտ Մարկոսյան

Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը մոտ երկու ամիս կալանքի տակ է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու կեղծիք կատարելու մեղադրանքով։

Դատախազությունը կարծում է, որ պրոֆեսոր Մարկոսյանն է նախապատրաստել եւ իրականացրել Ամասիայի ջրային համակարգի ու հարակից կառույցների օտարումն էժան գնով՝ 22 մլն դրամով։ Մարկոսյանի շահերի պաշտպան Խաչատուր Խաչատրյանը բողոքարկել է կալանքի որոշումը վերաքննիչ դատարանում։ Փաստաբանը հայտնեց, որ վերաքննիչ դատարանը դեկտեմբերի վերջին նիստ է հրավիրել եւ մերժել է փաստաբանի բողոքը։ «Այս պահին դատարանի որոշումը չեմ ստացել, որ ըստ դրա կարողանամ կարծիք հայտնել դատարանի որոշման վերաբերյալ։

Ենթադրում եմ՝ ուշացման պատճառը տարեվերջյան փոստային խնդիրներն են»։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մարկոսյանն իր դեմ հարուցված գործին, Խաչատրյանը պատասխանեց․ «Շատ վատ է վերաբերվում։ Սա զարմանալի գործ է նաեւ իր համար։ Ես հրապարակման համար շատ հետաքրքիր նյութ ունեմ, բայց այս պահին զերծ կմնամ հրապարակումից»։ Ըստ նրա, Աշոտ Մարկոսյանի հետ առերեսումներ են արվում։ «Դեռեւս առերեսումներն ընթացքի մեջ են»,- ասաց Խաչատուր Խաչատրյանը։


Հիշեցնենք, որ Ամասիայի ջրանցքի վերաբերյալ որոշումն ընդունել է ՀՀ կառավարությունը։ Սակայն «Անի» ԲԲԸ-ն դժգոհ է եղել գործարքից, քանի որ ընդամենը ստացել է այն շահագործելու իրավունք, ընդ որում՝ իր համար ծանր պայմաններով։ Ջրանցքը հին, մաշված ենթակառույցներով Ջրպետկոմի հաշվեկշռում որեւէ արժեք չի ունեցել, նույնիսկ հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի ունեցել, եւ հաշվեկշռային արժեքն իջել է -500։ Մինչդեռ, ըստ դատախազության, այն պետք է օտարվեր 220 մլն դրամով։