Հանդուրժե՞լ, թե՞ ամուսնալուծվել. սուսուփուս ապրողները, ամուսնալուծվածներն ու նրանց երեխաները

Հանդուրժե՞լ, թե՞ ամուսնալուծվել. սուսուփուս ապրողները, ամուսնալուծվածներն ու նրանց երեխաները

Ամուսնալուծված կինը խոցելի է
Կանայք մեր հասարակությունում հաճախ խոցելի են: Այդպիսի օրինակ են ամուսնալուծված կամ, հակառակը՝ ընտանիքում բռնության ենթարկվող, սակայն այդպես ապրել շարունակող կանայք: Կանանց ճակատագրի, երջանկության, հոգեկան խաղաղության, արժանապատվության հաշվին երբեմն ամուր, դրսից շա՜տ ամուր թվացող, հասարակության համար օրինակելի ընտանիքներ են կառուցվում:

Ընտանիքը բարձրագույն արժեք է, սա անքննելի բան է, բայց ընտանիքը միայն կառույց չէ, այն առաջնահերթ երջանիկ մարդկանց ներդաշնակ, սիրառատ, արժանապատիվ միություն է: Արդյոք ճշմարի՞տ է, երբ ընտանիքի ինստիտուտը գերադասվում է կնոջ արժանապատվությունից, նրա` սիրված, հարգված, ինքնաիրացված լինելու հնարավորությունից: Կան ընտանիքներ, որտեղ կանայք նսեմացվում են, ենթարկվում հոգեբանական ու ֆիզիկական բռնության, սակայն, միեւնույն է, հանուն ընտանիքի պահպանման, հանուն երեխաների (իսկ իրականում վնասելով երեխաներին) կուլ գնալով իրենց վախերին, որ ամուսնալուծությունից հետո հայ կնոջ ճանապարհը շատ բարդ է, սուսուփուս շարունակում են իրենց գոյությունը: Մի ժողովրդական խոսք կա` դրսից ուրիշների աչքն են հանում, ներսից` իրենց: Եվ կան իրավիճակներ, երբ ամուսնալուծությունը լավագույն լուծումն է թե՛ զույգի, թե՛ երեխաների համար:

Արուսյակը (անունը փոխված է) ամուսնալուծվել է տարիներ առաջ: Դժվար ու երկար ճանապարհ է հաղթահարել մինչեւ հոգեկան խաղաղության հասնելը: Ասում է` մեր հասարակությունն այնքան զարգացած չէ, որ ամուսնալուծությանը նորմալ վերաբերվի: Մարդիկ իրենց պարտքն են համարում հասկանալ, թե ամուսնալուծության պատճառը որն է, ու յուրաքանչյուրն իր դատողություններն է անում: «Ամենադժվարն ընկալում էին ամենամոտ ու հարազատ մարդիկ: Սկզբնական շրջանում կար կողմնակալ վերաբերմունք, պատկերացումներ` տեսնես ինչո՞ւ է բաժանվել, ամեն մեկը մի բան էր երեւակայում, եւ արդյունքում փոխվում էր իմ հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքը»,- պատմում է` ափսոսալով, որ կանայք հաճախ նախընտրում են խեղդված ապրել, կորցնել սեփական խաղաղությունն ու ներդաշնակությունը, միայն թե չարժանանան շրջապատի քննադատությանը: Հիմա արդեն վստահ ասում է` եթե կինն ուժեղ է, կայացած, հասարակության քննադատություններն ու կարծիքները նրան կործանել չեն կարող, հակառակը` կունենան կառուցողական նշանակություն` ավելի  իմաստուն ապրելու:

Երկար է մտածել՝ մինչ նման որոշում կայացնելը. «Ափսոսում եմ, թե ինչքան ժամանակ եմ կորցրել անխաղաղ ապրելու վրա, չէ՞ որ մեկ անգամ ենք ապրում, ու պարզ չէ, թե որքան ունենք ապրելու: Շատ բարդ ու ծանր որոշում է, որը շատ ճակատագրերի վրա հետք է թողնում, սակայն ավելի լավ է մեկ անգամ այդ բարդությունները հաղթահարել ու հետո ներդաշնակ ապրել, քան ամեն օր քնել ու արթնանալ մի մտքով, որ, ախր, քո կյանքում ամեն բան այնքա՜ն սխալ է: Չգիտեմ` գուցե շատերն իրենց ավելի ուժեղ են համարում, երբ ապրում են խեղդվելով` մտածելով, որ պահպանում են իրենց ընտանիքը: Բայց արդյոք այդ գինը ճի՞շտ է հենց մեր երեխաների համար: Ո՛չ, նրանց պետք են ուրախ, կայացած, խաղաղ ու ներդաշնակ մայրեր եւ առողջ մթնոլորտով ընտանիքներ»: 

Երեխան չպետք է տուժի
«Եթե ամուսինների հարաբերություններում իսկապես առկա չեն սեր, հարգանք, միասին լինելու ցանկություն, ինչու չէ` նաեւ կախվածություն միմյանցից (հոգեբանական, ֆիզիկական կամ ֆինանսական), ապա զույգը չի երկարացնի այդ ամուսնությունը»,- կարծում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մանկավարժ-հոգեբան Անի Ապիտոնյանը: Չամուսնալուծվելու դեպքում  երեխային որպես պատճառ բերելը, ասում է, միմյանց հետ մնալու հուզական դրսեւորումներից մեկն է, բայց ո՛չ բուն պատճառը: Հոգեբանը վստահ է` այս դիրքորոշումը կարող է ծանր հետեւանք ունենալ երեխաների համար, քանի որ ծնողները պարբերաբար հիշեցնում են, որ նրանց պատճառով  են ստիպված ապրում միասին: Արդյունքում երեխային լուրջ հոգեբանական տրավմա են  հասցնում: Սա էլ իր հերթին կարող է տարաբնույթ հետեւանքների հանգեցնել` ինքնամեղադրանքից մինչեւ տնից փախուստ:


«Անընդհատ կոնֆլիկտային միջավայրում ապրելը սթրես է ցանկացած մարդու համար, հատկապես` անչափահասների, որոնք դեռ ձեւավորված եւ կայուն անձ չեն»,- ասում է հոգեբանը` հավելելով` ելնելով երեխայի ներդաշնակ զարգացման շահերից, իհարկե, կարեւոր է, որ նա ապրի առողջ մթնոլորտում: Խորհուրդ է տալիս` եթե ծնողները փորձել են տարբեր միջոցներ՝ հարաբերությունները կարգավորելու համար (որոնցից առաջինը հոգեբանին այցելելն է), եւ համակարծիք են, որ լավագույն տարբերակն ամուսնալուծվելն է, ապա հոգեբանի օգնությամբ նրանք կարող են պահպանել դրական հարաբերություններ, զբաղվել երեխային վերաբերող ցանկացած խնդրով, ժամանակ անցկացնել նրա հետ: Նման դեպքերում սա լավագույն տարբերակն է բոլորի համար` առողջությունը պահպանելու եւ երջանիկ ապրելու: Հորդորում է ցանկացած դեպքում երեխայի հետ ազնիվ եւ անմիջական լինել:
Վստահ է` յուրաքանչյուր դեպք առանձին քննարկման կարիք ունի, եւ հոգեբանն իրավունք չունի ամուսնալուծվելու կամ միասին ապրելու խորհուրդ տալ: Նա կատարում է օգնողի դեր, որպեսզի ամուսինները լավ պատկերացնեն ստեղծված իրադրությունը, յուրաքանչյուր օգուտն ու վնասը, ապա  նոր միայն կայացնել որոշում:

Ապահարզանների դինամիկան
«Վերջին 10 տարվա ընթացքում ամուսնությունների թիվը Հայաստանում կրճատվել է մոտ 3 հազար 100-ով, ապահարզանների թիվն աճել է 1000-ով: Եթե 2007թ. ապահարզանները կազմում էին ամուսնությունների 16%-ը, ապա 2017-ին` 26%-ը: Եթե նախկինում մինչեւ 5 տարի ամուսնացածների 18%-ն էր բաժանվում, ապա 2017-ի տվյալներով` 32%-ը»,- մեզ հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ նախկինում 5-14 տարի ամուսնացածների 32%-ն էր ամուսնալուծվում, իսկ 2017-ի տվյալներով` 36%-ը: 15 տարի եւ ավելի ամուսնացածների դեպքում, եթե նախկինում 40%-ն էր բաժանվում, հիմա` 32 %-ը: Ադիբեկյանը նշում է. «Դինամիկան այսպիսին է.  նորաստեղծ ընտանիքներն ավելի անկայուն են, իսկ նրանք, ովքեր արդեն հարմարվել են, չեն դիմում ապահարզանի, քանի որ հնարավորություն չունեն նոր ընտանիք ստեղծելու, բնակարանի հարց լուծելու եւ այլն: Մյուս կողմից՝ մեզ մոտ ամեն 10-րդ երեխան պաշտոնական հայր չունի, այսինքն` կան նաեւ չգրանցված ընտանիքներ, եւ հստակ խոսել թվերից, հնարավոր չէ»: Ամեն դեպքում հույս է հայտնում, որ հայկական ընտանիքն աշխարհում համարվում է կայուններից մեկը, ապահարզանները 25%-ը չեն գերազանցում, իսկ, օրինակ, Շվեյցարիայում ապահարզանները կազմում են ամուսնությունների 75 %-ը: 

Ապահարզանների հիմնական պատճառները
Ըստ Ադիբեկյանի` մինչեւ 5 տարվա ամուսնությունների ապահարզանների պատճառը հիմնականում իրար վատ ճանաչելն է, մակերեսային մոտեցումը, հաճախ կարեւորում են, թե ինչ ընտանիքից է զուգընկերը, սակայն միշտ չէ մարդն ընտանիքի արժանիքները ժառանգում:
Երկրորդ պատճառը` երբ արդեն երեխան մանկապարտեզ է հաճախում, մայրը կարողանում է աշխատել, ինքնուրույնություն է ստանում, ու եթե ամուսնական հարաբերություններն իր սպասելիքները չեն արդարացնում, դիմում է ապահարզանի: Պատճառներից մյուսն էլ` երբ երեխան մեծանում է, սկսում իր կյանքով ապրել, ծնողների հոգսը քչանում է, ու եթե նախկինում երջանիկ չեն եղել, ամուսնալուծվում են` փորձելով կյանքի մյուս շրջանը երջանիկ ապրել: Ամեն տարիքային խումբ իրեն բնորոշ ապահարզանի պատճառներն ունի:

Մեջբերում է զարգացած երկրների փորձը. «Աշխարհի զարգացած երկրներում, երբ զույգը դիմում է դատարան՝ ապահարզանի համար, նրանց ուղարկում են մասնագետի մոտ` հասկանալու համար ամուսնալուծվելու պատճառները: Մասնագետները փորձում են զույգի հետ աշխատել` պահպանելու համար ընտանիքը: Եվ արդյունքում 10 դիմողներից 8-ը հետ են վերցնում ապահարզանի դիմումները»: Ափսոսում է` մեզ մոտ այդ պրակտիկան չի գործում: Այսօր աշխարհում գիտությունն օգտագործվում է ընտանիք ստեղծելու, պահպանելու, երեխա ունենալու ու դաստիարակելու համար, իսկ մենք միջնադարի չափանիշներով ենք դեռ առաջնորդվում: Կարծում է, որ ամուսնալուծված կինը Հայաստանում չունի հարգանք ու հեղինակություն, այդ պատճառով կանայք, հաճախ բռնության ենթարկվելով, ամեն կերպ փորձում են պահել իրենց ամուսնությունը, իսկ ամուսնալուծվածներից շատ քչերն են նորից ամուսին գտնում: Քանի որ եթե կինը բաժանվել է, ուրեմն «ա՜, ուրեմն ինչ-որ մի բան էն չէ»:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ