Նիկոլ Փաշինյանը գրոհեց լրագրողների ճամբարի վրա 

Նիկոլ Փաշինյանը գրոհեց լրագրողների ճամբարի վրա 

Հետո մարդուն պոզուպոչ եք կպցնում, իսկ ինքն անգամ իր  չընտրության օրը բոլորին մերկացրեց եւ հունից հանեց։ Խոսքը մեր հավերժ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է, ով թեեւ գնացել էր ԱԺ՝ վարչապետ չընտրվելու համար, բայց այդ առիթը բաց չթողեց՝ իր քաղաքական հակառակորդներին եւս մեկ անգամ ռմբակոծելու համար։ Իհարկե, վարչապետի չընտրվելու միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի թիրախն այս անգամ եւս նախկիններն էին։ Վարչապետին կարծես որոշակի անհանգստություն էր պատճառել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում հայտնի քաղաքական շախմատիստը որոշ փակագծեր էր բացել՝ փորձելով նեղը գցել իր քաղաքական  ախոյանին՝ կրուտիտների արքային։

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահին գաղափարապես շատ արագ ջախջախեց, եւ ամենեւին կարեւոր չէ, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ, կարեւորը մատուցման ձեւն ու մատուցողի խարիզման է, մնացածը երրորդական նշանակություն ունեցող հանգամանք է։ Զգալով հաղթանակի համը, իսկ ցանկացած խարիզմատիկ առաջնորդ դա զգում է ճառն արտասանելու պահին, վարչապետ Փաշինյանն առիթը բաց չթողեց իր խմբակցությունը լքած պատգամավորներին էլ կշտամբելու՝ նրանց մեղադրելով թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ։ Այստեղ նույնպես մեծ նշանակություն չունի, թե ինչ մեղադրանք է հնչեցվել, կարեւորը դա անելն էր եւ հակառակորդին շարքից հանելը, իսկ խմբակցությունը լքած պատգամավորը, ըստ վարչապետի, ոչ մի դեպքում գթասրտության արժանի չէ, ուստիեւ թույլատրելի է կիրառել ցանկացած հնարք։

Որքան էլ հետագայում նրանք փորձեն արդարանալ կամ հերքել մեղադրանքները, քննադատել դրանք հնչեցնողին, միեւնույն է՝ վնասն արդեն հասցված է, մնացածը կարեւոր չէ։ Տեսնելով, որ բոլոր դիրքերի վրա հաջողությամբ գրոհում է, Փաշինյանը որոշեց նաեւ գրոհ կազմակերպել թերեւս ամենավտանգավոր ուղղությամբ՝ մի քանի համազարկ էլ լրագրողների ճամբարի վրա արձակեց։ Սա համարձակ քայլ է, քանի որ, լինելով նախկին լրագրող եւ խմբագիր, նա շատ լավ գիտակցում է, որ լրագրողները շատ բծախնդիր եւ քինախնդիր ժողովուրդ են եւ իրենց հասցեին ուղղված ցանկացած քննադատություն միշտ սվիններով են ընդունում ու գրեթե երբեք չեն ներում։ 

Այնուամենայնիվ, Փաշինյանին հերթական անգամ հաջողվեց ցնցել մարդկանց, իսկ ԶԼՄ-ներն իսկույն գործի անցան եւ քաղաքական գործիչների հետ մեկտեղ, թույլ հակագրոհներ ձեռնարկեցին վարչապետի ուղղությամբ։ Ընդհանրապես, վերջերս այնպիսի տպավորություն է, որ քաղաքական գործիչները Նիկոլ Փաշինյանին հակադարձում են հենց այնպես, ուղղակի պտիչկա դնելու համար, կարծես թե նրանք համոզվել են, որ նրան հնարավոր չէ հակազդել։ Հետեւաբար, ընդդիմադիրներն իրենց դիրքերից երբեմն պարապ կրակոցներ են արձակում, որոնք միայն որպես ազդանշան կարող են դիտարկվել այն բանի, որ այնտեղ դեռ պայքարողներ կան եւ չեն լքել իրենց խրամատը, ինչպես վերջերս հայտարարեց երրորդ նախագահը։

Չընտրության օրը նաեւ Մամուլի միջազգային օրն էր, եւ, իհարկե, շատերն արագ  հասկացան, որ ամենեւին էլ պատահական չէր, որ հենց այդ օրը վարչապետը որոշեց «դաս տալ» լրագրողներին՝ հայտարարելով, որ մամուլը միայն իր վարչապետության օրոք է ազատ դարձել, իսկ նախկինում ուղղորդվում էր իշխանական գրասենյակներից եւ վարձատրվում։

Իհարկե, սա անարձագանք չէր կարող մնալ, եւ «Հրապարակի» գլխավոր  խմբագիր Արմինե Օհանյանը, հանդիսանալով ոլորտի ամենադաժան խմբագիրը, որոշեց խմբագրականով հակադարձել իր նախկին գործընկերոջը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի մասին մի հետաքրքիր դրվագ։ Եթե հիշում եք, աքսորի մեջ գտնվող հայտնի թագաժառանգը՝մեր ժամանակների Էնգիենի դուքսը, աքսորավայրից խոստովանել էր, որ ժամանակին ինչ-որ մութ գործարքների մեջ է եղել խմբագիր Փաշինյանի հետ եւ նրան խոշոր գումարներ է փոխանցել՝ իր ընտանիքի հասցեին պարբերաբար հրապարակվող վարկաբեկիչ  հոդվածների տարափը դադարեցնելու համար։ Տիկին Օհանյանը հիշեցնում է Փաշինյանին, որ այդ մութ գործարքներում հենց ինքը՝ Փաշինյանն է ներգրավված եղել, եւ արդյոք ազնիվ ու արդա՞ր է այլոց նման մեղադրանքներ ուղղելը։ Հարգարժան խմբագիրը, հավանաբար, մի փոքր սխալ է հասկացել վարչապետին եւ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը միայն ուրիշներին է ուղղում այդ մեղադրանքները, իսկ ո՞վ ասաց, որ ինքը՝ վարչապետ Փաշինյանը, նաեւ խմբագիր Փաշինյանին չի դա ասում։ Ես համոզված եմ, որ եթե առիթ լինի, եւ որեւէ լրագրող վարչապետին այդպիսի հարց ուղղի, ապա նա կպատասխանի մոտավորապես այսպես․ «Իսկ ո՞վ ասաց, որ մենք զերծ էինք մնում այդ ամենից, եւ ո՞վ ասաց, որ մենք սուրբ ենք՝ ոչ, բնավ ոչ, մենք նույնպես այդ ամենի բաղկացուցիչ մասն էինք։ Ճիշտ է, մերժվածի փեսայի ասածները միանգամայն սուտ են, բայց խնդիրներ եղել են բոլորիս հետ, ու հենց դա էլ ասում եմ եւ առաջին հերթին՝ ինքս ինձ։ Հիմա կարո՞ղ է Փարիզի ու Հռոմի դղյակների որեւէ բնակիչ պնդել, որ այսօր էլ է «Հայկական ժամանակին» որեւէ գումար փոխանցում, իհարկե՝ ոչ։

Ուրեմն մենք ինքներս ենք օրինակ ծառայում եւ ուրիշներին էլ խորհուրդ ենք տալիս վարվել նույն կերպ»։ Նիկոլը հենց դրանով է Նիկոլ, որ հավատում է՝ եթե որեւէ բան խոստովանում ես, ապա դա այլեւս չի կարող քեզ վարկաբեկել կամ կաշկանդել, կարեւորը՝ ժողովուրդը քեզ ճիշտ հասկանա եւ ների։ Նա ժողովրդի մարդն է եւ ամեն օր ուզում է կրկին ապացուցել, որ մնացել է այդպիսին՝ անգամ բարձր պաշտոն զբաղեցնելով։ Նա անընդհատ հիշեցնում է, որ մարդն անսխալական չէ եւ ունի բազում թերություններ, նույնիսկ վարչապետը զերծ չէ դրանից։ Եվ մարդիկ ասում են․ «Հա, դե ճիշտ ա ասում, էլի, մարդը՝ ո՞ր մեկս չենք մի տեղ համը հանել, կարեւորը՝ որ մարդը չեստնի ասում ա, նրանց նման մռութները կիտած ման չի գալիս՝ իրան գիտունի տեղ դրած», եւ վերջ։ Թող ցանկացած մեկը համեմատական անցկացնի՝ «Կապիտուլյանտը դուք եք, արա»-ի եւ «Իյա, իրո՞ք»-ի միջեւ։ Ակնհայտ է, չէ՞, թե որն ինչ է նշանակում։ «Կապիտուլյանտը դուք եք, արա»-ն թերեւս ամենասխալ պատասխաններից էր, բայց այդտեղ էլ նա իրեն հասարակ մարդու նման պահեց՝ իրեն ընդդիմացող մարդկանց հակադարձելով, ինչպես հավասարը հավասարին են հակադարձում։ Իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը՝ իրեն անհարմար հարց ուղղած լրագրողին պատասխանում էր․ «Իյա, իրո՞ք», ու ծիծաղում։ Այսինքն՝ հեգնում էր լրագրողին՝ հասկացնելով․ «Դու չէ, որ պետք է ինձ իմ պարտականությունները բացատրես, հետ քաշվիր քո տեղը»։

Սրանք զգացմունքային երեւույթներ են, բայց գնում հասնում են մարդկանց հոգու խորքը եւ այլեւս դուրս չեն գալիս, ու նման բաների դեմ հնարավոր չէ պայքարել ճառերով կամ վիրավորանքներով։ Նիկոլին կարող է լիարժեք մրցակից լինել միայն մեկ այլ Նիկոլ՝ ժողովրդի միջից դուրս եկած մեկ այլ կերպար։ Բոլոր մյուսները մնալու են օտար պարզապես։ Սա է ընդդիմադիրների ամենամեծ բացերից մեկը՝ ժողովրդին խորթ, օտար լինելը։ Ինչ վերաբերում է մամուլին եւ մամուլի օրվան, ապա հաշվի առնելով վարչապետի հոգեկերտվածքը, կհամարձակվեմ պնդել, որ մամուլի օրվա առթիվ արված նրա դիտարկումները յուրատեսակ շնորհավորանք էին, պարզապես, ըստ իս, վարչապետը համարում է, որ իր նախկին կոլեգաներն իրեն դավաճանել են, եւ, լինելով շատ զգացմունքային անձնավորություն, այսպես է շնորհավորում՝ արտահայտելով իր մտահոգություններն ու դժգոհությունները նրանց գործունեության վերաբերյալ։ Եվ դրանք թշնամանքի խոսքեր չէին, այլ, ավելի ճիշտ՝ նորից բարեկամանալու մի յուրահատուկ առաջարկ։

Պողոս Պողոսյան