Ծիծաղելի է պարետ Տ. Ավինյանի՝ քաղաքացիների շարֆ կապելու առաջարկը

Ծիծաղելի է պարետ Տ. Ավինյանի՝ քաղաքացիների  շարֆ կապելու առաջարկը

Դիմակ կրելը մի քանի օրից պարտադիր պայման է լինելու: Թեև  քաղաքացիները միանշանակ չեն վերաբերում դիմակով շրջելու իրողությանը, այնուամենայնիվ, խուսափել ոչ մեկի չի հաջողվելու: Եթե մայրաքաղաքում դիմակով է շրջում ամեն երկրորդ քաղաքացին, ապա Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, պաշտպանիչ դիմակ կրում է  4 քաղաքացուց մեկը: Դիմակ չկրելը հիմնավորված պատճառներ ունի: Ոմանք կասկածում են՝ դիմակը առավելագույն պաշտպանիչ միջոց չէ, ոմանք էլ թերահավատ են հիվանդության առկայության հարցում, իսկ ահա քիչ չեն այն քաղաքացիները, որոնց դիմակ չկրելու պատճառը սոցիալականն է: Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի ուսուցիչ Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում սեփական դիտարկումն է անում.

«250-350 դրամանոց դիմակները պարտադիր են և չկրելու դեպքում տուգանքը կարող է կազմել 100 000 դրամ և ավել։ Սա սխալ քաղաքականութուն է։ Մեր իշխանությունների վարքագիծը հաշվի առնելով՝ կարող է կիրառվել նաև շահադիտական նպատակներով։ Օրինակ մի տնտեսվարող, ով չի պաշտպանում իշխանությունների վարքագիծը կարող է մի օրում զրկվել գործունեություն ծավալելու իրավունքից՝ իշխանավորների շատ պատահական այցի և դիմակ չկրելու արդյունքում։ Շիրակի մարզում, որտեղ տարվա 6 ամիսը մարդիկ ջեռուցում են իրենց տները, արտակարգ սահամանափակումները բնակչությանը օրվա հացի հայթայթման լրջագույն խնդրի առաջ են կանգնեցրել։ Մեր հազարավոր հայրենակիցներ պարազապես չեն կարող իրենց թույլ տալ դիմակ գնել։ Մեր օրերում պետական չնչին օգնությունը միանշանակ չի փոխհատուցել քաղաքացիների ֆինանսական դժվարությունները; 

Ծիծաղելի է պարետ Տ. Ավինյանի՝ քաղաքացիների  շարֆ կապելու առաջարկը։ Պարզվում է՝ տնտեսական հեղափոխություն խոստացող կառավարությունը չի կարող երկու երեք կարի ֆաբրիկայի պատվիրել՝ արտադրել Հայաստանի դիմակների ամբողջ պահանջարկը։ Այս իրավիճակում հույս ունենալ, որ սահմանափակումները վերացնելով կարելի է մարդկանց դարձնել տուգանելու մատերիալ,  մեղմ ասած քաղաքական բոբիկության արդյունք է։ Հետաքրքիր է , թե ինչու օրինակ վարչապետը չի ներկայացնում քաղաքացիներից տուգանքների միջոցով խլված գումարները որպես իր կառավարության հերթական հաջողություն։ Եթե տուգանելը միակ միջոցն է պանդեմիայի դեմ առնելու, ապա ինչու այդ եղանակը կառավարության հաջողություն չի ներկայացվում երկրի առաջին դեմքի կողմից։ Իշխանությունների ունեցած լուրջ ներքին ու արտաքին խնդիրների պայմաններում հակադիմակային օրենքների կիրառումը կարող է սոցիալական պայթյունի հանգեցնել: Նորմալ կառավարությունը  պետական միջոցներով դիմակներ կարտադրի և կբաժանի բնակչությանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով.

«Չեմ զարմանա, եթե փետրվար-մարտ ամիսներին 40 000 դրամ գազ սպառած և վարչապետի խոսքերով՝ օլիգարխ քաղաքացիներից պաշտոնապես ետ պահանջվի իրենց ունեցվածքը։ Չմոռանամ նշել, կառավարության արտակարգ իրավիճակային որոշումներն իրարամերժ են։ Երբ կար մի քանի վարակակիր,  հայտարարվեց արտակարգ դրության և տոտալ սահմանափակումների մասին, իսկ պանդեմիայի թռիչքաձև աճի պայմաններում մենք ականատեսն ենք լինում հակառակ պատկերին՝ բացառություն է կազմում միայն արտակարգ դրություն ասվածը։ Իսկ արտակարգ դրությունից առաջ կրկին անտեսելով համաշխարհային վտանգն ու քաղաքացիների կոչերը՝ մեր իշխանությունները նորից դիտավորյալ մեծ ռիսկի գնացին՝ արտակարգ միջոցառումների փոխարեն շարունակելով ԱՅՈ-ի քարոզարշավը»: