Պատեհապաշտության մասին

Պատեհապաշտության մասին

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իմ «Մի կարեւոր ուղղում» հրապարակմանը, որտեղ ճշտել եմ Աշոտ Ղուլյանի քաղաքական կենսագրության մի դրվագ՝ հանրությանն իրազեկելով, որ 2005թ. նա ԱԺ նախագահ է ընտրվել ոչ թե ԱԳ, այլ ԿԳ նախարարի պաշտոնը թողնելուց հետո եւ ինձ անվանել «պատեհապաշտ»: 

Ակադեմիկոս Էդվարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանն» այդ բառի համար ունի հետեւյալ բացատրությունը. «Դիրքի, պաշտոնի հասնելու համար գործի շահերը, հասարակական կողմը անտեսող եւ հարմարվողականությամբ առաջնորդվող մարդ, կարիերիստ»: 

Հիմա անցնենք փաստերին: Ես համարել եմ, որ հասարակության, երկրի շահը պահանջում է, որպեսզի տասնհիգ տարի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պաշտոնավարելուց հետո թողնեմ ասպարեզը: Եւ այդ մասին նախագահ Բակո Սահակյանին իրազեկել եմ 2014թ. սեպտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից ինը ամիս առաջ: Իսկ ի՞նչ է արել Աշոտ Ղուլյանը: 2010թ. ընտրություններում առաջնությունը զիջելով Ազատ հայրենիք կուսակցությանը, քաղաքական կամք եւ պարզ մարդկային արժանապատվություն չի ցուցաբերել, չի առաջնորդվել հանրային շահով, ամեն ինչ արել է, որպեսզի պահպանի ԱԺ նախագահի աթոռը: Իսկ 2015թ. այդ պաշտոնում նրա ,,վերընտրվելն,, արդեն պարզապես նոնսենս էր, քանի որ ԱԺԿ-ն խորհրդարանում ստացել էր ընդամենը հինգ մանդատ եւ երրորդ ուժն էր: Ասել, թե խորհրդարանի խոսնակի պաշտոնում նա անփոխարինելի էր, նշանակում է ծաղրել քաղաքական մյուս ուժերին եւ հանրությանը: Մարդը տասը տարի Ազգային ժողովի նախագահի աթոռն զբաղեցրել է ,,սիրտը դող,, իրավիճակում. Ազատ հայրենիք կուսակցությունը ցանկացած պահի կարող էր նրա պաշտոնանկության հարցը դնել եւ հաջողությամբ լուծել: Եւ այդ ամբողջ ընթացքում Աշոտ Ղուլյանը հարմարվել է իրավիճակին՝ արժանանալով հանրության քամահրանքին: Հետեւանքներն ակնհայտ են. Քսան տարում ԱԺԿ-ն քսան կուսակցական եւ երեք համակիրների մանդատներով որակյալ մեծամասնությունից այսօր հասել է խորհրդարանում երկու պատգամավորի «հզոր» ներկայացվածության: Նման դեգրադացիայի կարող էր հասնել միայն շատ սկզբունքային եւ հանրային շահը գերակա ընդունող առաջնորդը:  Ահա պատեհապաշտությունը: Ահա քաղաքական ֆիասկոն: Ահա հանրության ծանր ապտակը, որն արժանապատվորեն ընդունելու, մարսելու եւ թույլ տված կոպիտ սխալների համար կուսակիցներից ներողություն խնդրելու քաջություն իսկ չունի Աշոտ Ղուլյանը:

Հ. Գ. Անցած ընտրապայքարի ընթացքում ԱԺԿ-ի,  նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի հասցեին քննադատական, առավել եւս՝ հակաքարոզչական ոչ մի տող չեմ գրել: