Ֆինանսական ահաբեկչություն

Ֆինանսական ահաբեկչություն

Պողոս առաքյալը, խոսելով Աստծո պատվիրաններից տասներորդի մասին (Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր), օրենքի վերաբերյալ հետաքրքիր դատողություն է անում. ըստ նրա` մարդը որտեղի՞ց կարող էր իմանալ, որ ուրիշի ունեցվածքը ցանկանալը մեղք է, եթե «օրենքը չասեր»: Հետեւաբար` օրենքն է «ասում»` գծում այն սահմանը, որի այն կողմում մեղքն է, ապօրինությունը: Օրենքը բարոյական սահման է կարելիի եւ չի կարելիի միջեւ: Օրենքն ու բարոյականությունը մեկնելի են միմյանցով:

Պողոս առաքյալի մեկնությանն այս հպանցիկ անդրադարձից հետո, որին կվերադառնանք, գանք բուն նյութին եւ տեսնենք, թե ինչ են «ասում» նորօրյա մեր կառավարիչների օրենքները: ՀՀ Ազգային ժողովի կայքի տեղեկացմամբ` իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ)։ Իսկ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)։ Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։

Օրենքի նախագիծն ակնհայտորեն խնդրահարույց է մի շարք պատճառներով, որոնցից կանդրադառնանք երկուսին: 
Նախ` ընդունումից հետո դրա կիրարկումը հանգեցնելու է մի շարք հակաօրինական եւ մարդու իրավունքները ոտնահարող դրսեւորումների: Բայց սպասվող ապօրինությունների պատկերը փոքր-ինչ պարզելու համար փորձենք ապագա օրենքի կիրարկումը «տեսնել» որեւէ լրատվամիջոցի խմբագրության օրինակով, մանավանդ որ վերջին ժամանակներս «օրենքը» հաճախ է հյուրընկալվում անհնազանդ լրատվամիջոցներին:

Դիցուք` որեւէ խմբագրության աշխատակիցներ միեւնույն սենյակում աշխատում են: Ինչպես եւ սպասվում էր անպատասխանատու լրագրողներից` աշխատում են առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու: Ոստիկանությունն ինչպե՞ս է արձանագրելու օրինախախտումը: Բնականաբար, նա պիտի անակնկալ, դուռ ու պատուհան ջարդելով՝ ներխուժի լրագրողների աշխատասենյակ, որպեսզի ցանկացած անակնկալի սովոր լրագրողները չհասցնեն վայրկյանների ընթացքում քիթ-բերաններին քաշել ականջներից կախ դիմակները: Ուրեմն` ոստիկանը լրագրողին բռնելու մի ձեւ ունի` սրարշավ ներխուժել աշխատասենյակ: Բայց այստեղ «գլուխ է բարձրացնում» մյուս օրենքը, որն արգելում է ոստիկանության նման պահվածքը: Արդյունքում պարզվում է, որ աշխատավայրում դիմակ չկրելու համար 50 հազար դրամ տուգանքի ենթարկելը պարզապես անհնար է, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրի ոստիկանության տրված չէ առանց համապատասխան իրավական թույլտվության (սանկցիայի) ներխուժել աշխատանքային տարածքներ՝ խուզարկության կամ այլ նպատակներով:

Նկատենք, որ խնդրո առարկա օրինագիծը հակասություն ունի նաեւ բարոյականության հետ: Ոչ մի օրենք, անկախ այն բանից, թե ինչ նպատակի է միտված, չպետք է ահաբեկի մարդուն, ինչն անխուսափելի է ոստիկանական անակնկալ ներխուժումների դեպքում: 

Ի լրումն այս ամենի` թշվառականի գոյություն պահպանող ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար 20 հազար կամ 50 հազար դրամ տուգանքը մեկ այլ ահաբեկչություն է` ֆինանսական ահաբեկչություն: Ինչպես ասում են` կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

ՀԳ. Պողոս առաքյալը, երբ խոսում էր օրենքի ու բարոյականության առնչությունների մասին, ինչպե՞ս կարող էր պատկերացնել, որ օրենքն ու բարոյականությունը կարող են նաեւ հակադրվել միմյանց, որի պատճառով կտուժեն հարյուր հազարավոր… պողոսներ: