Ինչո՞ւ Գրանադայի այցից առաջ հատուկ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը կազմակերպեցին եւ տապալեցին հանդիպումը

Ինչո՞ւ Գրանադայի այցից առաջ հատուկ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը կազմակերպեցին եւ տապալեցին հանդիպումը

Իսպանական Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է ընթանում: Նախօրեին Ալիևը չեղարկել է իր նախապես ծրագրած այցը Գրանադա, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպում Ալիեւ-Փաշինյան-Մակրոն-Շոլց- Շառլ Միշել կազմով։ Մի քանի պատճառ է նշվել` Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը հանդիպմանը, Թուրքիայի նախագահի բացակայությունը: Անկարայից էլ հայտնել էին, որ Էրդողանը Իսպանիա չի մեկնի մրսածության պատճառով։ 

Զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:

- Ադրբեջանը որոշեց, ըստ էության, արհամարհել Գրանադայի հավաքն ու գերտերությունների ղեկավարներին: Նիկոլ Փաշինյանը մենակ մեկնեց, Գրանադայում հնգակողմ հանդիպումը չի կայանա: Ի՞նչ կարող է այդ հանդիպումը տալ Հայաստանին, եթե դրան ներկա չէ Ադրբեջանի նախագահը:

- Նիկոլ Փաշինյանը որոշել է մասնակցել գագաթնաժողովին: Նա հանդիպել է ինչ-որ պաշտոնյաների հետ, սակայն առանց Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցության շատ դժվար է ենթադրել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կարող են ինչ-որ լուծումներ գտնվել: Մանավանդ, որ Ալիևն է որոշել չմասնակցել դրան: Կարող են լինել ինչ-որ քննարկումներ, որոնք ոչ էական են, անկարևոր: Հաջիևն էլ զուգահեռաբար հայտարարել է, որ Շառլ Միշել- Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև եռակողմ հանդիպմանն իրենք պատրաստ են մասնակցել: Այսօրվա Փաշինյանի բանակցությունները վերաբերելու են նոր հնարավոր եռակողմ հանդիպմանը: Առանց Ֆրանսիայի և Գերմանիայի Միշելը կարող է որոշել նոր եռակողմ հանդիպում կազմակերպել: Փաշինյանին այսօր դա առնվազն կարող են ասել:

- Ուրեմն ինչի՞ շուրջ է լինելու նոր ստորագրվելիք փաստաթուղթը, առհասարակ ինչի՞ մասին է բանակցելու Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի իշխանությունները նոր ստորագրվելիք փաստաթուղթը որպես ջախջախիչ հաղթանակ են ներկայացնում:

- Գուցե վաղն էլ Հայաստանի բոլոր մարզերը հանձնեն` Երևանը պահելու համար և դա էլ համարեն ջախջախիչ հաղթանակ: Պարտված երկիրը չի կարող փաստաթղթավորված հաղթանակներ արձանագրել, եթե իշխանությունները դա չեն հասկացել, հավանաբար առողջական որոշ խնդիրներ ունեն: Աբսուրդ ուղղակի: Պարտված երկրները նման իրավիճակներում վատի, վատագույնի և սարսափելիի միջև են ընտրություն կայացնում: Ես չգիտեմ, թե նոր փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, մեզ համար վա՞տ է, վատագո՞ւյն, թե՞ սարսափելի է: Ինչպիսի լուծումներ կարող են գտնվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում, անկլավների հարցն ինչպիսի լուծում կստանա: Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանին կապող ինչ տեսակ լուծում կարող է գտնվել, սրանք են ամենակարևոր հարցերը, որոնց պատասխանները պետք է ստանանք: Վիճահարույց խնդիրներից մեկը դուրս եկավ արանքից` Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հիմա քանի որ Լեռնային Ղարաբաղով միայն պատմաբաններն են զբաղվում, այդ մի «բեռից» Նիկոլ Փաշինյանն ազատվել է: Եթե այս իրավիճակն իշխանությունները համարում են նորմալ, ուրեմն լրջագույն խնդիրներ ունեն իրենց հոգեկան առողջության հետ:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ալիևը չներկայացավ այս հանդիպմանը:

- Իսկ ինչո՞ւ պետք է ներկայանար: Բրյուսելյան հարթակից նա ստացել է առավելագույնը, ինչո՞ւ պետք է այսօր ևս հանդիպմանը մասնակցեր: Նա Նիկոլ Փաշինյանին արդեն իսկ ներքաշել է բրյուսելյան ծուղակի մեջ: Բրյուսելում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչվեց, ինչը դարձավ Արցախի հայաթափման ճակատագրական քայլը: Այսօր Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար փակ է: Նա արդեն անցել է մյուս հարցին` Զանգեզուրի միջանցքին: Ալիևը շատ լավ հասկանում է, որ իր գործընկերները ոչ թե Եվրոպայում են նստած, այլ Ռուսաստանում և Թուրքիայում: Նա ակտիվ աշխատում է այդ երկու երկրների հետ, Նիկոլ Փաշինյանին թողնելով եվրոպական ծուղակում: Այսօր Փաշինյանին եպրոպացիները կշոյեն, կժպտան, կոֆե կհյուրասիրեն, ինքն էլ կկարծի, որ պինդ ու ուժեղ տղա է` Հայաստանի զիջումների հաշվին:

- Իսկ ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում թուրքական կողմը:

- Թուրքիան ողջունում է Ալիևի չգնալը, ավելին Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել այդ հարցում: Մոսկվան ևս նրանց հետ համաձայնության է եկել: Այս պահին կա ռուս-թուրքական պայմանավորվածություն, որն Ալիևի համար շատ ավելի մեծ արժեք ունի, քանի Գրանադայի այսօրվա ոչինչ չտվող հանդիպումն է:

- Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը:

- Այն հիմնականում վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությանը, թե կոնկրետ ինչ են պայմանավորվել, ես չեմ կարող: Այդ ամենը Հայաստանի օրվա իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունքում է տեղի ունեցել: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Բաքուն, Անկարան և Մոսկվան միասնական պայմանավորվածություններ են ձեռք բերում, առանց Երևանի մասնակցության: Եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն, հայ-ռուսական հարաբերությունների այս խոր ճգնաժամը թույլ չէր տա, զուգահեռ ակտիվ դիալոգներ կվարեր Թուրքիայի հետ, կառավարելով ռիսկերը: Բայց քանի որ մենք չունենք գրագետ իշխանություն, ունենք այն, ինչ ունենք: Փաշինյանը բավարարվում է արևմտյան լալահառաչ տեքստերով, իսկ իրականությունն այն է, որ մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ գործում են թուրքական, ռուսական, իրականական շահերը: Մենք դրա խաչմերուկում ենք հայտնվել, իսկ Արևմուտքն ուղղակի չի կարող այստեղ լուծումներ առաջարկել:

- Ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում Ֆրանսիայի նախագահի ներկայությունից:

- Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարին պետք է այդ հարցն ուղղել: Ինչո՞ւ Գրանադայի այցից առաջ հատուկ երևանյան այց կազմակերպեցին: Ըստ էության, գրգռեցին Ադրբեջանին, որպեսզի այսօրվա հանդիպումը չկայանա: Չեմ կարծում, թե Ֆրանսիան չէր հաշվարկել այս սցենարը: Ըստ իս` Ֆրանսիան ևս շահագրգռություն չուներ, որպեսզի այսօրվա հանդիպումը կայանար: