Արյունաշաղախ ավազի վրա կառուցված երրորդ հանրապետությունը

Արյունաշաղախ ավազի վրա կառուցված երրորդ հանրապետությունը

Սկսենք սկզբից. Ղարաբաղյան շարժում, ցույցեր, ազգահավաքներ... Պահանջը մեկն էր` Հայաստանից ապօրինի օտարված Ղարաբաղը վերստին միավորել մայր Հայաստանին: Եվ այդ հարցը պետք է լուծեր այդ ապօրինությունը գործած Կրեմլը: Սակայն ցարական Ռուսաստանը, բոլշեւիկյան Ռուսաստանը, սովետական Ռուսաստանը, այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը վարել են միեւնույն քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, այն է` Հայաստանը պետք է լինի հենակետ Ռուսաստանի համար: Այսօր էլ Կրեմլը անթաքույց հնչեցնում է այդ միտքը՝ «անկախ» Հայաստանը «ֆորպոստ» է։

Ղարաբաղյան շարժման ընթացքում բոլոր իրավական, մարդկային ջանքերը գործադրած հայ ժողովուրդը, հանդիպելով Կրեմլի զրահապատ, սպառնալից մերժմանը, Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցում եկավ այն համոզման, որ ի՛նքը պետք է լուծի այդ հարցը։ Եվ այլեւս չխաբվելով Կրեմլի կողմից ուղղորդվող «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում՝ ՀՀՇ-ի կոչերին՝ «Ղարաբաղը մերն է», «Միացում», հարյուր հազարավոր հայեր, հավաքված Օպերայի հրապարակում, ի պատասխան այդ կոչերին, վանկարկում էին՝ Ան-կա-խու-թյուն։ Այդ տարիներին (1988, 1989, 1990թթ.) ողջ թափով գործում էր անկախության գաղափարախոսության առաջամարտիկ ԱԻՄ-ը՝ Ազգային ինքնորոշում միավորումը։ Հայ ժողովուրդն ինքնակազմակերպվում էր. ստեղծվեց Հայոց ազգային բանակը (ՀԱԲ)՝ Ռազմիկ Վասիլյանի գլխավորությամբ։ ՀԱԲ-ին զինվորագրվեցին հազարավոր հայեր՝ տասնապետներ, հիսունապետներ, հարյուրապետներ, հազարապետներ՝ իրենց ցուցակներով։

Նկատի ունենալով այն, որ Կրեմլը պատերազմ է սադրելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հայ ժողովուրդը դարձավ Ազգ-Բանակ։ Կրեմլին անհրաժեշտ էր ներսից քայքայել հայ ժողովրդի միասնությունը, որպեսզի իրագործեր իր ծրագրերը՝ Ղարաբաղյան հարցը տաներ իր ուզած ուղղությամբ։ Դրանից առաջ երկրաշարժ սարքեց Հայաստանում, սակայն այդքան կորուստներից ու տառապանքներից հետո էլ հայ ժողովուրդը դարձյալ անսասան մնաց Ղարաբաղին տեր կանգնելու իր որոշման մեջ։ Այդ ժամանակ Կրեմլն անցավ մի այլ գործողության. իրեն հավատարիմ ՀՀՇ-ի ղեկավարությանը, որը նույն «Ղարաբաղ» կոմիտեն էր, թելադրեց, որ ազգային հավաքների ժամանակ դժգոհություն հայտնի Կենտրոնի գործողություններից եւ երբեմն վանկարկի «Անկախություն» բառը։ Այդպիսով պիտի վերականգնվեր ժողովրդի աչքում հեղինակազրկված «Ղարաբաղ» կոմիտեի վարկը։ Հետո Մոսկվան կատարեց մյուս քայլը. «ձերբակալելով» Կոմիտեի անդամներին՝ տեղափոխեց Մոսկվայի բանտերից մեկը եւ այնտեղ լավ «մշակելուց» հետո վերադարձրեց Հայաստան։

Կրեմլից հանձնարարություններ ստացած

ՀՀՇ-ն առաջին քայլերով պետք է «վնասազերծեր» Հայաստանի իսկական անկախականներին։ Առաջին թիրախն ԱԻՄ-ն էր։ Կագեբե-ի (ՊԱԿ) գլխավորությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԿԳԲ-ների օժանդակությամբ, ՀՀՇ-ի եւ այլոց գործուն աջակցությամբ կազմակերպվեց «Երասխավանի կռիվ» կոչվածը, որտեղ հայ-ադրբեջանական բախում տեղի չունեցավ, բայց զոհվեցին Մովսես Գորգիսյանը, Երվանդ Սաղումյանը եւ պատանի Վարդան Պապիկյանը։ Դա 1990 թվականի հունվարի 19-ն էր․ նրանք ընկան ոչ թե ադրբեջանցի ասկյարների գնդակներից, այլ՝ «յուրայինների»։

Հաջորդ քայլը ՀԱԲ-ը կազմալուծելն էր, բայց դա այդքան էլ հեշտ չէր, որովհետեւ ՀԱԲ-ը հայ ժողովուրդն էր։ Տարբեր զրպարտանքներ հնչեցնելով ՀԱԲ-ի հասցեին՝ ՀՀՇ-ն հաջողության չհասավ։ Եվ նա դիմեց սահմռկեցուցիչ ոճրագործության. գնդակահարել տվեց Գեղազնիկ Միքայելյանին եւ Վիտյա Այվազյանին՝ ոճիրը բարդելով ՀԱԲ-ի վրա։ Այդ առիթով Գերագույն խորհրդում հայտարարությամբ հանդես եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչի հետեւանքով ձերբակալվեց ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանը։ Նա էլ հեռուստատեսությամբ ՀԱԲ-ի լուծարման վերաբերյալ հայտարարություն արեց։

Կրեմլի աջակցությամբ անցնելով իշխանության գլուխ, նրանից ստանալով անձնական անվտանգության երաշխիքներ, Հայաստանում ուզածի պես գործելու թույլտվություն՝ ՀՀՇ-ն սկսեց իր հայահալած քաղաքականությունը։ Կրեմլի վասալները, 1988-ից առայսօր միջոցների միջեւ խտրականություն չդնելով, քաղաքական սպանություններով, բռնություններով, Հայաստանը կողոպտելով, ժողովրդին սովի ու աղքատության մատնելով, բնավեր անելով, հազարավոր հայերի հարկադրեցին արտագաղթել Ռուսաստան՝ որպես շենացնող աշխատուժ ու պատանդ։ Արցախյան պատերազմի ընթացքում էլ, երբ բռունցք դարձած հայությունը սրընթաց ազատագրում էր Արցախը՝ նպատակ ունենալով արցախա-ադրբեջանական սահմանը հասցնել մինչեւ Քուռ գետը, Կրեմլի վասալների կողմից ենթարկվում էր զանազան սադրանքների։ Հատուկ անհատների եւ ջոկատների միջոցով շարքից հանում էին անհնազանդ հրամանատարներին (Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան եւ այլք)՝ նրանց գցելով ծուղակը եւ ոչնչացնելով ազերիների օգնությամբ։

Եվ այսօր իշխանության գլուխ անցած Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այս 30 տարիներին 3 նախագահների կողմից կատարված եղեռնագործությունը, որն իրականում ոճրագործություն է հայ ժողովրդի եւ հայրենիքի նկատմամբ, մեր երկրում տեղի ունեցածը որակելով կոռուպցիայի եւ մենաշնորհության հետեւանք, փաստորեն, կոծկում է իր նախորդների կատարած հանցագործությունները հայ ժողովրդի եւ Հայոց պետականության նկատմամբ՝ դրանով իսկ դառնալով նրանց հովանավորը եւ հայրենադավ գործունեության արժանի ժառանգորդը։

Գեւորգ Ջանփոլադի ՄԻՐԶՈՅԱՆ