Նստարանագողությունից մինչև հովհարային աղբահանություն

Նստարանագողությունից մինչև հովհարային աղբահանություն

Երկրում իրավիճակի փոփոխությունն ավելի շատ ակնհայտ դարձավ մայրաքաղաքի ծայրամասերում՝ հատկապես աղբամանների ճոխ պարունակությամբ եւ մայթերին նախկին իշխանությունների կողմից տեղադրված նստարանների անհետացմամբ: Եթե լիքը աղբամաններն ու դրանց շրջապատի աղբն անմիջապես աչք են ծագում, եւ այդ մասին ով ասես խոսում է, ապա նստարանների անհետացումը հատուկենտ քաղաքացիներ կարող են նկատել, ձեռքերն անհուսորեն թափահարել ու հեռանալ:

Հալաբյանից Շինարարներ ձգվող Էստոնական փողոցից միանգամից անհետացել են հինգ նստարաններ, իսկ նստարանների կողքին տեղադրված աղբամաններից երկուսն է մնացել: Մեր տեղեկություններով, յուրաքանչյուր նստարան՝ աղբամանների հետ, մոտ երկու հարյուր հազար դրամ արժողություն ունի: Բոլորը միասին՝ մեկ միլիոն դրամ: Իսկ եթե փորձենք հաշվառում անել վարչատարածքի բոլոր փողոցներում, կարծում եմ՝ վնասի թիվը միլիոններ կկազմի:

Նշված իրավիճակը բնորոշ է ոչ միայն այս փողոցին: Վարչատարածքի գրեթե բոլոր փողոցներում նույն պատկերն է: Քաղաքացիներից փորձեցինք իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են իրավիճակին: Մեկն ասաց, որ գիշերով տարել են, եւ այդ երեւույթը պարբերաբար է կատարվում: Իսկ մենք նկատենք, որ օր օրի նստարանների թիվը պակասում է փողոցներում, վերջերս էլ այդ գործընթացը շարունակվում է ավելի մեծ թափով: Հարց է առաջանում. արդյոք տեղյա՞կ են իշխանությունները կամ քաղաքապետարանը լրջագույն այս խնդրին: Ու եթե տեղյակ են, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկել: Թե՞ սպասում են, որ փողոցներից լիովին վերանան նստարաններն ու աղբամանները, որպեսզի նախորդ իշխանություններին մեղադրելու եւս մի առիթ ունենան՝ ինչո՞ւ են տեղադրել, որ հիմա էլ գողանում են:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ