Պարգևավճարների հարցը այսքան հնչեղություն ստացավ, ես մտահոգ եմ, այո․ Հ․ Աղազարյան

Պարգևավճարների հարցը այսքան հնչեղություն ստացավ, ես մտահոգ եմ, այո․ Հ․ Աղազարյան

Hraparak.am -ի հարցազրույցը «Իմ քայլը դաշինքի պատգամավոր» Հովիկ Աղազարյանի հետ.

-Պարոն Աղազարյան, պարգևավճարների կամ 13-րդ աշխատավարձերի հետ կապված բոլոր գերատեսչությունների պարզաբանումներն, իհարկե, եղան, երեկ էլ ու այսօր էլ ՊԵԿ-ից էին նշել, թե ՊԵԿ ղեկավարն իրեն 8 միլիոն պարգևավճար չի գրել, այստեղ եղել է 2 ամսվա աշխատավարձ, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարներ: 8, 5, 3 միլիոն, ինչ-որ մի օգտատեր գրել էր դա շարքային ծառայողի կամ ակադեմիայի աշխատողի 9 տարվա աշխատավարձն է։ Չեք կարծո՞ւմ, որ այս ամենը ահավոր, սարսափելի հիասթափեցնում է   նույնիսկ այն մարդկանց, ովքեր դեռ պաշտպանում են հեղափոխական թիմին։ Ավելին՝ փաստաբան Նորայր Նորիկյանը խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ գրել էր, որ սա ուղղակի սաբոտաժ է։

-Իսկ Դուք գիտե՞ք՝ նախորդ տարիներին ո՞նց է եղել, նմանատիպ դրսևորումներ եղե՞լ են, թե՞ ոչ։

-Ինչ  կապ՝ ունի՝ ինչպես է եղել նախորդ տարիներին, դրա համար էլ իշխանափոխություն եղավ։ Դուք պատկերացնու՞մ եք, որ 100 հազար դրամ ստացող մարդը, ում կրճատում են՝ ասելով, որ բյուջեում ուռճացված հաստիքներ պահելու համար փող չկա, ինչ է  զգում՝ տեղեկանալով այդ միլիոնավոր դրամների հասնող ինքնապարգևատրումների ու պարգևատրումների մասին։

-Անձամբ ես կարծում եմ, որ տարվա ընթացքում, տարվա կտրվածքով, կարելի է աշխատողներին տրամադրել նման դրամական պարգաևատրումներ։

-Բայց, եթե իրենց աշխատավարձը միլիոններ է, կարելի՞ է մեկ անգամ պարգևատրել իրենց՝ ուրիշներից 10-20 անգամ ավելի բարձր աշխատավարձերով։ Սա ճի՞շտ է, արդա՞ր է, ազնիվ է, այն սկզբունքների մե՞ջ է, որը հռչակել էր հեղափոխությունը։

-Եթե ելնում ենք արդարության սկզբունքից, ապա ես կողմնակիցն եմ, որպեսզի բոլոր աշխատավարձերը կապված լինեն իրար հետ՝ որոշակի գործակիցներով։ Բնականաբար, ամենացածր աշխատավարձից սկսած, վերջացրած ամենաբարձրով։ Ես չգիտեմ պետական որևէ հիմնարկ, հիմնարկի ղեկավար, որի աշխատավարձը միլիոնների է հասնում։ Ես նման ինֆորմացիա չունեմ։

-Դա, պարոն Աղազարյան, պարզ թվաբանություն է, Եթե Դավիթ Անանյանն ասում է, որ ստացել է 2 աշխատավարձ և 2 ամսվա  հավելավճար ու տարեվերջյան ինչ-որ գումար, և դա կազմել է 8 միլիոն, իսկ այսօր էլ ասաց, որ ամենամեծ պարգևատրումը եղել է 1․5 միլիոն դրամ, ապա կարող ենք հաշվել, որ 3 մլն․ դրամ աշխատավարձ է ստանում, սա եղավ՝ 6, 1․5 միլիոն էլ իրեն պարգևատրել է, երևի մի 500 հազար էլ տարեվերջյան գումար է ստացել։ Կամ 3․5 միլիոն աշխատավարձ է ստանում իրեն՝ 1 մլն․ հավելավճար է գրել։

-Ես չեմ կարող հավատալ, որ Դավիթ Անանյանի աշխատավարձը կարող է լինել 3․5 միլիոն։

-Դե ուրեմն պետք է հավատանք նրան, որ իրեն  մի 5-6-4 հավելավճար է գրել։ Կամ, կամ։

-Միգուցե էդպես է եղել․․․ չեմ կարող ասել, բայց չեմ կարող հավատալ, որ Դավիթ Անանյանի աշխատավարձը կարող է լինել ավելի բարձր, քան` փոխվարչապետի։

-Եկեք մի կողմ դնենք այս թվաբանական հաշվարկները․․․

-Եթե դրանք մի կողմ ենք դնում, ես համարում եմ, որ կարելի է տարվա կտրվածքով 1 անգամ աշխատողներին պարգևատրել։ Եթե դա 100 -150 հազար դրամանոց աշխատավարձ է ու սա սարսափելի չէ, բայց 8 միլիոնն ուրիշ բան է, հասկանում եք։ Չգիտեմ՝ այստեղ ինչ-որ բան էն չի․․

-Թվերը, որ ներկայացնում եմ, կայքերից վերցված պաշտոնական թվեր են, և նորից եմ ասում՝ կամ այդ մարդը ստանում է 3,5 մլն, դրամ աշխատավարձ ու դեռ մի բան էլ իրեն 500 հազարով քիչ պարգևավճար է գրել, կամ  հավելավճարի առավելագույն չափը 1․5 միլիոն չէ, ինչպես հայտարարել է։ Ու նորից եմ ասում՝ ասում եք՝ բա առաջ, բայց սա նոր Հայաստանն է ու ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանը չէ, այլ Արարատ Միրզոյանը, մեծամասնության պատգամավորը Շուշան Պետրոսյանը չէ, այլ Լուսինե Բադալյանը ,  Շմայսը չկա, Ռուբեն Ռուբինյանն է և այսպես շարունակ։ Բա ո՞րն է այս երկու Հայաստանների տարբերությունը։

-Բայց գիտեք ինչ կա՝ այդ հին ու նոր Հայաստանների տարբերությունը պիտի կայանա նաև նրանում, որ եթե ամբողջ տարին աշխատում են․․․ ասում եք՝ 8 ամիս են աշխատում,  բայց նրանց մեծ մասն աշխատում է ամբողջ տարին։ Եթե աշխատողն աշխատել է ամբողջ տարին, և նոր Հայաստանի օրենքներին համապատասխան աշխատել են, քաղաքացու նկատմամբ բարի են եղել, կաշառք  չեն վերցրել, էն մյուսը չեն արել, էն մյուսը, չարժի՞, որ իրենց պարգևատրեին։

-Պարոն Աղազարյան, քաղաքապետարանում աշխատում են 3ամսից պակաս, մարզպետները՝ 5-6 ամիս։

-Անձամբ իմ կարծիքն այն է, որ 2-3 ամիս աշխատողի պարգևատրումը պետք է լինի շատ արտառոց դեպք։ Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց չի կարելի 1-2 ամսվա աշխատողին պարգևատրել։ Ես կոնկրետ երբեք չէի անի։

-Համարում եք, որ այս հարցը պետք է քննարկվի ՔՊ-ում և չեք կարծո՞ւմ, որ սա նման է խրախճանքի ժանտախտի ժամանակ։

-Այո, մենք այդ հարցը պետք  է քննարկենք, չի կարող մի հարց, որ էսքան հասարակական հնչեղություն ունենա, չքննարկենք։ Անպայման պիտի քննարկենք։

-Ոմանք անգամ ասում են, որ պետական մարմինների այս համակարգային պահվածքը սաբոտաժ է Փաշինյանի դեմ։ Չե՞ք կարծում, որ սա լրջագույնս վարկաբեկում է ՀՀ քաղաքական իշխանություններին։

-Ես չեմ կարող Դավիթ Անանյանի ու մյուս հարցերի հետ կապված գնահատական տալ։ Իհարկե, այս հարցը մեր մոտ քննարկման առարկա պետք է դառնա՝ բարձր մարմիններում, վարչությունում, և էդ ժամանակ կարող ենք գնահատական տալ՝ դա ի՞նչ նպատակ է հետապնդել՝ սաբոտաժի՞, թե՞ էլեմենտար, այսպես կոչված․․․օրենքներին չտիրապետելու հետևանք է չգիտեմ, կդժվարանամ ասել։ Բայց, նորից եմ ասում, անկասկած է, որ նման հարցերը պետք է քննարկեն։

-Նման հարց դրվա՞ծ է, թե՞ Ձեր ենթադրությունն է, ցանկությունը։

-Վարչության նիստ առաջիկայում դրված չէ առաջիկայում, չեմ կարող ասել՝ դրա՞ծ է, թե չէ։ Նիստը կլինի,կխոսենք։

-Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գրել է, թե երկրում  ձևավորվող գաղջ մթնոլորտի հովանավորողները (ինչպես և միշտ) նախկին իշխանությունների լրատվամիջոցներն ու նրանց սպասարկող ֆեյսբուքյան կեղծ օգտատերերն են։ Հիմա, եթե մամուլը գրում է այս մասին, մամու՞լն է մեղավոր, որ ամեն ինչ այսպես է։

-Ես ցանկանում եմ բարձր գնահատել լրատվամիջոցների  դերը մեր պետականության կայացման գործում, և եթե այն, ինչ գրում են, կեղծիք չէ, ապա  մամուլը միշտ ճիշտ է։ Եթե ես սխալ բան եմ արել և լրատվամիջոցն այս մասինն բարձրաձայնում է, ես չեմ կարող դատապարտել լրատվամիջոցին։ Խոսքը, կներեք, պետական գաղտնիքի պարունակող բանի մասին չէ, որ ես սխալվելով՝ ասեմ, բայց դուք չպետք է հրապարակեք։

-Ինչևէ, կարելի՞ է ասել, որ այս ամենից մտահոգ եք, ՀՀԿ-ականների բառապաշարով ասած։ Կամ, ինչու՞ ՀՀԿ-ականների, պարզապես մտահոգված։

-Անկասկած մտահոգված եմ։