«Բրենդավորումն» իրականացվում է «սեւ-սպիտակ»-ի մեջ

«Բրենդավորումն» իրականացվում է «սեւ-սպիտակ»-ի մեջ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, հետեւելով նախընտրական քարոզարշավին, գլխավոր հարցը համարում է այն՝արդյոք ԱԺ արտահերթ ընտրությունները կընթանա՞ն «սեւ-սպիտակ» մարտավարությամբ, թե՞ բարիկադները քանդելու կարգախոսի ներքո։

«Հիմա մենք տեսնում ենք, որ առաջին շաբաթը քարոզարշավն ընթանում է սուր՝ «սեւ-սպիտակ»-ի մթնոլորտում։ Շատ հետաքրքիր է, որ այս քարոզարշավում պայմանական սեւերի եւ սպիտակների մարտավարությունը համընկել է։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականներն իրենք են իրենց դիրքավորում սեւերի դաշտում։ Իրենց «բրենդավորումն» իրականացվում է «սեւ-սպիտակ»-ի մեջ։ Իշխանությունը եւ միակ ընդդիմության հավակնող ՀՀԿ-ն մարտավարության առումով ընտրել են նույն տակտիկան եւ խաղում են «սեւ-սպիտակ» դաշտում։ Կա տպավորություն, որ մյուս քաղաքական ուժերն անցկացնում են այլ ընտրարշավ, եւ նրանց ամենակարեւոր խնդիրն այն է, որ կարողանան իրենց կողմը գրավել այն պոտենցիալ ընտրողներին, որոնք իրենց քվեն չեն տալու ո՛չ ներկա  իշխանությանը, ո՛չ էլ նախկին իշխանությանը։ Այսինքն՝ նրանք պետք է փորձեն դիրքավորվել դաշտում, որպեսզի այդ ընտրազանգվածը իր քվեն տա իրենց»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը դրական է համարում, որ կյանքի են կոչվել բանավեճերը, չնայած, դրանք շատ քիչ են նմանվում քաղաքական բանավեճերի։ 

«Նույնիսկ այդ բանավեճերը, որոնք սկզբում ընթանում են գաղափարների շուրջ, շատ արագ վերածվում են լեզվակռվի, վիրավորանքների։ Ամեն դեպքում, որպես բանավեճի ինստիտուտ, այն սկսում է կայանալ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ըստ նրա՝ թիրախավորելով նախկին ռեժիմը, ներկա իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, որ կա ռեւանշի վտանգ, եւ պահպանում են իրենց ակտիվությունն իրենց ընտրազանգվածի մոտ, որպեսզի չկրկնվի նոյեմբերի 24-ի քայլերթի պատմությունը, երբ իշխանության համախոհներն ակնկալած ծավալներով դուրս չեկան քայլերթի։