Թանկ քարոզարշավի պերճանքն ու թշվառությունը

Թանկ քարոզարշավի պերճանքն ու թշվառությունը

Որքա՞ն փող է պետք «Իմ քայլը» դաշինքին ԱԺ ընտրությունների քարոզարշավը մինչեւ վերջ հասցնելու համար: Այն, ինչ տեսնում ենք մեր աչքերով, արդեն գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի սահմանագիծը, իսկ քարոզարշավի ավարտին դեռ բավականին ժամանակ կա: Կարծում եմ` այդ գումարները գրանցվում են օրենքի տառին համապատասխան` ծախսվում լեգալացված նախընտրական հիմնադրամից: Այսինքն` վերջում խնդիրներ չեն ծագելու ծախսված ֆիքս գումարի հետ կապված, եւ հանրությունն իմանալու է այդ թիվը: Թե ով է ԻՔ դաշինքի ֆինանսական պատասխանատուն, էական չէ: Ֆինանսական հաշվետվությունը ժողովուրդը պահանջելու է անձամբ Նիկոլ Փաշինյանից:

Իմ մասնավոր եւ ոչ մասնագիտական դիտարկումները հուշում են, որ ԻՔ-ն արդեն իսկ գերազանցել է 50 միլիոն դոլարի սահմանագիծը, իսկ այդ գումարի առյուծի բաժինը կազմել է պաստառների տպագրությունը, որով լիքն է ողջ Հայաստանը: Ամեն քայլափոխի հանդիպում ես ԻՔ շտաբների, որոնք նույնպես լուրջ գումարներով են այս օրերին վարձակալվում: Երեւանի եւ մյուս քաղաքների գովազդային վահանակների վրա նույնպես ԻՔ ռեյտինգային թեկնածուների մեծադիր պաստառներն են: Այդ վահանակները հաստատ թեկնածուների անձնական միջոցներով չէ, որ վարձակալվել են եւ, անշուշտ, լուրջ փողեր են արժեցել:

Որքա՞ն է ծախսում Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքների վրա` չհաշված պետական ռեսուրսի (թիկնազոր, ավտաշարասյան տեղաշարժ, բենզին, հեռախոս) օգտագործումը: Միայն բեմի (բեմերի) եւ բեմական տեխնիկայի տեղափոխումը, ամեն անգամ դրանց մոնտաժումն ու ապամոնտաժումն արդեն իսկ լուրջ թիվ է, ինչը, հուսանք, պետությունը չի վճարում: Փաշինյանի ծախսերին պետք է վերագրել նաեւ այն բարոյական վնասների փոխհատուցումը, որ երկիրն ու ժողովուրդն այս օրերին կրում են նրա եւ նրա որոշ թիմակիցների անհարկի հայտարարությունների պատճառով: 
ԻՔ-ում, բնականաբար, նաեւ աշխատավարձ են տալիս այն երիտասարդներին եւ դպրոցականներին, որոնց օգտագործում են քարոզչական նյութերի տարածման, իսկ ավելի ստույգ՝ այդ նյութերով պետական եւ բնակելի շենքերի մուտքերը, կանգառները, հեռախոսային եւ էլեկտրական վահանակները, ավտոտնակների դարպասները, ծառերն ու էլեկտրասյուներն իրենց թեկնածուների նկարներով ալամաթելու համար:

ՀՀԿ-ի քարոզարշավներից մեկը, եթե հիշողությունս չի դավաճանում, իշխող կուսակցության վրա 115 միլիոն դոլար էր նստել: Այդ գումարի որ մասն էր «մաքուր», որ մասը`«կեղտոտ», ոչ ոք չի կարող այսօր ասել: ԻՔ-ի պարագայում, սակայն, «կեղտոտ» մուտքերն ու ծախսերը երեւի պետք է բացառել, քանզի Փաշինյանն ասում է` «հորս արեւ, ամեն ինչ օրինական ենք անելու»: Այդուհանդերձ, ո՛չ նրա սվիտան, ո՛չ տեղաշարժվելու «ռազմախը», ո՛չ հանրահավաքների քանակն ու շքեղությունը ոչնչով չեն զիջում ՀՀԿ-ի ժամանակների հանրահավաքներին, եթե չասենք` գերազանցում են: Նույնը կարելի է ասել նաեւ արտաքին գովազդային մասի վերաբերյալ: Եվ, ուրեմն, պետք է պատկերացնել նաեւ այն իրավիճակը, որում կարող է հայտնվել մի իշխանություն, որ, իր ասելով, հոգի է տալիս ժողովրդից կողոպտված եւ բյուջե վերադարձվելիք ամեն մի դոլարի համար: 10 միլիոնի դրամաշնորհ են «կպցնում»` ողջ ազգին հայտարարում են այդ մասին, թեեւ դեռ հայտնի էլ չէ, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը: Եթե Փաշինյանը չի կարծում, որ այս տեմպերով գնալու դեպքում գերազանցելու է նաեւ քարոզչական ծախսերի գծով ՀՀԿ-ի սահմանած ռեկորդը, ապա նա սխալվում է: Իսկ ամենադժվարը միշտ էլ վերջում ֆիքս թվի հրապարակումն է:

ՀԳ. ԻՔ շտաբներում աշխատող դեռահասների թեմային առիթ կունենանք անդրադառնալու: Կփորձենք հասկանալ` չե՞ն շահագործվում արդյոք երեխաները ԻՔ դաշինքի «շտաբս կապիտանների» կողմից: Հասկանալի է, չէ՞, որ միջազգային բոլոր օրենքներով դա արգելված է: Պարզապես կմտնենք ԻՔ որեւէ ենթաշտաբ, կբարեւենք, հաջողություն կմաղթենք տվյալ թեկնածուին ու այնտեղ խմբված երեխաներից կհարցնենք` ո՞ր դասարանում ես սովորում, բալիկ ջան: Ու հենց այդտեղ էլ կսկսվի փակ տարածության մեջ պաշտոնյաներին ասֆալտին փռելու եւ պատերով տալու հատկանիշներով առերեւույթ գործողությունը: