Միակ տարբերակը Ադրբեջանի տարածքով Ղարաբաղ գնալն է․ բաց նամակ վարչապետին

Միակ տարբերակը Ադրբեջանի տարածքով Ղարաբաղ գնալն է․ բաց նամակ վարչապետին

Հարգելի պարոն Փաշինյան

Ես ծագումով Արցախից եմ, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, բայց հանգամանքների բերումով, ինչպես շատ հայեր, դարձել եմ Ռուսաստանի քաղաքացի: Ամեն տարի մեկնում եմ Ղարաբաղ՝ հայրական տուն, որտեղ ունեմ հորիցս ժառանգած սեփականություն: Ս.Թ. ապրիլի 16-ից ես դարձյալ հարազատ օջախում էի՝ Խնապատ գյուղում, որտեղ հիվանդության պատճառով մնացի սովորականից շատ ավելի՝ մինչև հոկտեմբերի 23-ը: Հիվանդությունն այնպիսին էր, որ ես Ռուսաստան մեկնեցի արդեն եղբորս ուղեկցությամբ: Սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, պարզվեց, որ խախտել եմ սահմանված կարգը և Հայաստանի Հանրապետությունում 180 օրվա փոխարեն մնացել 188 օր, որն էլ հիմք դարձավ, որ իմ նկատմամբ դրվի Ռուսաստանից Արցախ մեկնելու արգելանք, այլապես պետք է վճարվի 50 հազար դրամ՝ որպես տուգանք ՀՀ-ում 180 օրից ավելի գտնվելու համար:

Արդյոք սա անհեթեթություն չէ՞, պարոն Փաշինյան: Երբ տուգանք կամ արգելանք է սահմանվում Ռուսաստանի այն բնակիչների նկատմամբ, որոնք ծագումով գոնե Ռուսաստանից չեն, որի մասին կա նույնիսկ նշում ռուսական անձնագրերում:

Ես երբևէ Ղարաբաղը չեմ առանձնացրել Մայր հայրենիքից՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության անբաժան մասը: Բայց ներկա պահին, ուզենք-չուզենք, որը նաև ընդունվում է Ձեր կողմից, Արցախն առանձին հանրապետություն է: Ես չեմ մեկնել Հայաստանի Հանրապետություն և այնտեղ նույնիսկ մեկ րոպե չեմ հանգրվանել, որ իմ նակատմամբ արգելքներ դրվեն: Անմիջականորեն մեկնել եմ Ղարաբաղ, իմ ծննդավայրը, ընդամենը հատելով ՀՀ-ի պետական սահմանը և հարազատ գյուղից զատ այլ վայր չեմ մեկնել, որի մասին կան ապացույցներ՝ ներառյալ մուտքը Արցախ և գյուղական համայնքի տեղեկանք-վկայությունը: Այլ երկրներում ապրող, ծագումով արցախցիների նկատմամբ Արցախում նման արգելք կամ սահմանափակում չկա և ես չեմ խախտել այն երկրի օրենքը, որտեղ մեկնել եմ:

Նկատի ունենալով վերոհիշյալը, հարգելի պարոն Փաշինյան, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ չեղյալ համարելու արգելանքն իմ նկատմամբ և հնարավորություն տալու Հայաստանի Հանրապետության տարածքով անարգել մուտք գործելու Արցախի Հանրապետություն:

Սարմեն Ազիզբեկի Հակոբյան

Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի նախկին բնակիչ

Ռուսաստանի դաշնության Ստավրոպոլի երկրամասի քաղաքացի