Սխալ մոտեցումներ

Սխալ մոտեցումներ

Տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում մեր ֆուտբոլում: Հայաստանի թիվ մեկ՝ ազգային հավաքականը անսպասելիորեն տապալեց բոլորիս հիմնավոր հույսերը՝ անկարող լինելով հաղթահարել Եվրոպայի Ազգերի լիգայի մրցումների նախնական, ամենապարզունակ արգելքը: Նրանից ոչ պակաս խայտառակ արդյունք գրանցվեց 19 տարեկանների միջազգային մրցաշարում, որն օրերս ավարտվեց մեզ մոտ՝ Երեւանում: Կարո՞ղ էիք երեւակայել, որ դաշտի տերերը սկսնակների տպավորություն են թողնելու, անսովոր՝ 0։4, 1։5, 0։7 հաշիվներով ամոթալի պարտություններ են կրելու: Իհարկե, չի կարելի անտեսել, որ հյուր եկած մրցակիցները ներկայացնում էին ֆուտբոլային ճանաչված երկրներ՝ Պորտուգալիա, Հոլանդիա, Գերմանիա: Սակայն միեւնույն է՝ արդարանալու տեղ չկա: Մի՞թե կարելի է սեփական հարկի տակ անցկացրած երեք հանդիպման ընթացքում բաց թողնել 16 գնդակ եւ դրան պատասխանել խեղճուկրակ միակ գոլով: Սա, եթե կարելի է այսպես բնորոշել, նոկաուտ հիշեցնող տհաճ մի բան էր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ամենին դեռ չի տվել գնահատական, բայց հանդես է եկել մի արտասովոր նախաձեռնությամբ՝ ծրագրել է Երեւանում կառուցել նոր խաղադաշտ, այնպիսին, որը «կհամապատասխանի ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի ամենախիստ պահանջներին»: Միայն թե դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է մտադիր այն կառուցելու: Ավելին, նախագիծն էլ առայժմ գոյություն չունի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, պարզորոշ է մեկ բան՝ խաղադաշտն ունենալու է ստույգ 33 հազար (նույնիսկ կլոր թիվ էլ չէ) նստատեղ:

Հասկանալի է, նախատեսվածը կյանքի կոչելու համար հարկ է լինելու ծախսել բազում միլիոնավոր դոլարներ: Երեւակայությունը, ինչ խոսք, շռայլ է, սակայն մյուս կողմից հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է սպասվում Հանրապետական ստադիոնին, որտեղ դեռ ոչ ոք չի արգելել անցկացնել միջազգային պաշտոնական խաղեր, եւ հետո՝ երկա՞ր է քնած մնալու «Հրազդանին» վերաբերող հույժ կարեւոր հարցը, խաղադաշտ, որով ժամանակին բոլորս ենք հպարտացել: Իհարկե, «Հրազդանը» նորոգման ժամանակակից տեսքի բերելու կարիք ունի, ինչի համար ավելի նվազ ֆինանսական ծախսեր կպահանջվեն: Ինչո՞ւ, ուրեմն, երես թեքել նրանից, «խաղից դուրս» վիճակում պահել այն: Իսկ որ «Հրազդանը» վերափոխվելով կարող է հիանալի ծառայել իր նպատակին՝ կասկած չի կարող լինել: Մոսկվայի «Լուժնիկին»՝ ձեզ օրինակ:

Եվս մեկ ուղղակի զարմանալի բան, որ հրապարակվեց մամուլում՝ պարզվեց, որ Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել մեր ֆուտբոլի հանրահայտ վետերան Սերգեյ Բոնդարենկոյին: Այո, վաստակավոր գործիչ է ճանաչվել «Արարատ» թիմի երբեմնի առանցքային կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն:

Կասկածից վեր է, որ 60-70-ական թվականներին նա զգալի դերակատարություն է ունեցել հայկական ֆուտբոլի հեղինակությունը բարցր պահելու շնորհակալ գործում: Ի դեպ, 1967-81 թվականների ԽՍՀՄ առաջնություններում Բոնդարենկոն «Արարատում» հանդես է եկել բոլորից շատ՝ 392 անգամ, այդ ընթացքում խփելով 32 գոլ: Ավելին ասեմ․ չեմ հիշում թեկուզ մեկ դեպք, երբ որեւէ խաղի ընթացքում մարզիչը որոշում կայացներ նրան փոխարինելու մեկ ուրիշ ֆուտբոլիստով:

Կարճ ասած, Սերգեյ Բոնդարենկոն իր հիանալի ունակություններն է դրսեւորել, բնականաբար, որպես ֆուտբոլիստ: Տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ի՞նչ առնչություն ունի դրա հետ «Ֆիզկուլտուրայի գործիչ» կոչումը: Եվ եթե նրան, այնուամենայնիվ, արժանացնում են նման պատվի, ապա ինչո՞ւ են անտեսվում մեր մյուս անվանի վետերանները, դե, ասենք, Նորայր Մեսրոպյանը (նրա 70-ամյակը նշվել է երկու տարի առաջ): Եվ գիտե՞ք ինչու է առաջ քաշվում հենց այս հարցը. բանն այն է, որ նա եւ վաղամեռիկ Ալեքսանդր Կովալենկոն (այս տարի լրանալու էր նրա 75-ամյակը), սկսած 1965 թվականից, անփոփոխ մասնակցել են «Արարատի» բոլոր այն հաղթարշավներին, որոնք ավարտվել են ԽՍՀՄ չեմպիոնական մեդալների եւ գավաթների նվաճումներով: Նման բացառիկ բան աչքաթող անելն անկարելի է:

Իսկ հիմա՝ ամենագլխավորի մասին: Անմիջականորեն ու զուտ մարզական պատկառելի ասպարեզներում ակնհայտ նվաճումների հասնելու համար ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի կոչում շնորհելն առնվազն զավեշտ է: Մեծ սպորտում գոյություն ունեն պարզ տրամաբանությանը համապատասխանող հրաշալի ավանդույթներ, որոնց անհրաժեշտ է հավատարիմ մնալ: Դիցուք, Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում կա, ինչը շնորհվում է ծանրակշիռ նվաճումների հասնող, շնորհալի մարզիկներ աճեցնող-պատրաստող փորձառու մասնագետներին: Մինչդեռ անտեսվում է «Սպորտի վաստակավոր վարպետ» անվանումը: Սա առավել արժանի գնահատականն է մարզիկի, որը մեծ ասպարեզներում նվաճել է բարձրագույն տիտղոսներ, եւ որի պատվին հնչել է հանրապետության օրհներգը:

Սխալ է, եթե պրոֆեսիոնալ մարզիկին ոչ թե այս, այլ մեկ ուրիշ կոչում է շնորհվում: Իսկ սխալը հարկ է շտկել: Թեկուզ՝ ուշացումով:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ

Մարզական լրագրողների միջազգային միության անդամ