Ինչու և ինչպես կազմաքանդել ՀԱՊԿ-ն

Ինչու և ինչպես կազմաքանդել ՀԱՊԿ-ն

Դեկտեմբերի 6-ին սպասվող ՀԱՊԿ նիստին ընդառաջ շարունակվող հասարակական քննարկումները ՀՀ ներկայացուցչի դերի, դիրքի եւ ասելիքի շուրջ կարող են բեկումնային նշանակություն ունենալ։ Ակնհայտ է, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից ստացած օգուտներն ու վնասները Հայաստանի նախագահության շրջանում ո՛չ ավելացել, ո՛չ պակասել են։ Այս դեպքում օրինաչափ են ՀԱՊԿ-ի վերաբերյալ քաղաքական եւ փորձագիտական աղմուկն ու քննարկումները։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին քայլով մեկնեց Մոսկվա եւ Պուտինին վստահեցրեց, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտոր չի փոխելու։ Ժողովրդական լեզվով ասած՝ Իվանի պոչը ոչ թե կթողնենք, այլ ավելի քոքից կբռնենք։

Եվ իսկապես՝ «Գազպրոմը» պահպանեց բացարձակ մենաշնորհային դիրքը ՀՀ տնտեսությունում, ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին խոսք չեղավ, իսկ ԵԱՏՄ-ն հանկարծ դարձավ ավելի լավը, քան առաջ էր, չնայած անցյալ տարիներին Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած ուժը արդարացիորեն պնդում էին, որ ԵԱՏՄ-ն չարիք է ՀՀ տնտեսության համար։ Ավելին, ներկա իշխանությունները հպարտանում են, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է խնդիր առաջացել ՀԱՊԿ հարթակում։

Ռուս հանրության շրջանում ասում են, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու պատճառն ամենեւին Յուրի Խաչատուրովի հանցավոր անցյալը չէ, այլ խնդիր կա հեղինակազրկելու եւ քանդելու ձեւական նշանակություն ունեցող այդ կառույցը։ Այս վարկածը չի տեղավորվում հայ-ռուսական բարելավված հարաբերությունների տեքստում, որովհետեւ ՀԱՊԿ-ն պահպանելու գլխավոր ջատագովը Ռուսաստանն է։ Եվ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առերեւույթ չեզոք վերաբերմունք է դրսեւորում ՀԱՊԿ-ական գործընթացների նկատմամբ, ապա կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ լուծարման հարցը ռուսական օրակարգում է։ Այս ենթադրությունն անհավատալի է թվում, սակայն ունի հիմնավորում։

Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ի շոշափելի գործառույթը ռուսական զենքի վաճառքն է։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ին անդամակցածները պարտավոր են զենք գնել միայն ՌԴ-ից։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցի ժամանակ քննարկվող հարցերից բարձրաձայնվեց ընդամենը մեկը՝ ռուսական զենք գնել-չգնելու հարցը։ Եվ քանի որ Բոլթոնը Երեւան գալուց առաջ այցելել էր Մոսկվա, ապա պարզ է, որ այդ հարցը քննարկել է նաեւ Մոսկվայում։ Դա նշանակում է, որ ՌԴ-ն արեւմտյան պատժամիջոցների ճնշման տակ պատրաստ է հրաժարվել հետխորհրդային տարածքում զենք վաճառելու մենաշնորհից։ Իսկ եթե ՌԴ-ն զենք չի վաճառելու այդտեղ, ապա ՀԱՊԿ գոյությունը կդառնա անիմաստ։ Այս խնդիրը, սակայն, պետք է լուծել այնպես, որ չասեն, թե Ռուսաստանը նահանջեց-հանձնեց։ Այդ պատճառով բեմադրվում է «ՀԱՊԿ քարտուղարի ընտրությունը» վերնագրով դրամատիկ ներկայացում՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի ՀԱՊԿ-ն լուծարվի անդամ պետությունների միջեւ անհաշտությունների եւ վեճերի հետեւանքով։

ՀԱՊԿ-ի կազմաքանդվելուց հետո ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարող են բարելավվել, եւ կարող է կնքվել միջուկային նոր պայմանագիր։ Այդպիսով աշխարհը կմտնի խաղաղության ու անվտանգության նոր դարաշրջան։ Սակայն մինչ այդ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ինչպես նաեւ Բելառուսի, Ղազախստանի եւ, իհարկե, Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է ՀԱՊԿ-ն կազմաքանդելու ներկայացման մեջ վարպետորեն խաղան իրենց դերերը, որի վերջին սերիաներից մեկը բեմադրվելու է դեկտեմբերի 6-ին։

Հակոբ ՄԿՐՏՉՅԱՆ