Գլխավոր քարտուղարի հարցն էլ է չորրորդական, 800 հեկտարն էլ, երկիրն էլ, ժողովուրդն էլ

Գլխավոր քարտուղարի հարցն էլ է չորրորդական, 800 հեկտարն էլ, երկիրն էլ, ժողովուրդն էլ

Ի՞նչ անել, որ Հայաստանը միջազգային կառույցներում, որոնց անդամակցում է, կարողանա մյուս անդամների հետ խոսել հավասարը հավասարի հետ՝ անկախ իր չափերից ու դիրքից։

Թերեւս ունենա իշխանություն, որը վայելում է հարգանք երկրի ներսում եւ երկրից դուրս, որն ամուր կանգնած է երկու ոտքի վրա, չի տառապում թուլամտությամբ, հաշվարկում է ճիշտ, ունի պատասխանատու ղեկավար եւ լիդեր՝ բառիս բուն իմաստով։ Ունե՞նք այսօր։ Թերեւս միայն այն մասով, որ երկրի բնակչության մի մասի հարգանքն է վայելում։ Դեռեւս։

Այս որակների բացակայությունը նրան արտաքին հարցերում նահանջի է դրդում, որին հաջորդում են արդարացումներն ու դրած մեծ ծրագրերից սահուն, «հիմնավորված» հետընթացը։ Ցավոք, այդ նահանջը շատ ավելի խորն է ազգային, Արցախի, արտաքին քաղաքական հարցերում։

Նիկոլ Փաշինյանը վերջերս լրատվամիջոցների ներկայացուցիչների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել է, թե ինքն Աստանայում պնդելու է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա Հայաստանի ներկայացուցիչը, որը Վաղարշակ Հարությունյանն է։ Դա համարել է նաեւ սկզբունքային հարց, հերթը դեռ մերն է, մենք պետք է ղեկավարենք։

ՀԱՊԿ-ում պարզվեց, որ այդ սցենարը գրեթե անհնար է, եւ այժմ էլ արդեն գլխավոր քարտուղարի հարցը մեզ համար սկզբունքային չէ ու անգամ կարեւոր էլ չէ՝ հետին մի հարց է, բացարձակ անպիտան պաշտոն, որ Բելառուսն անգամ շնորհ կանի Հայաստանին, եթե համաձայնի իր թեկնածուին «բրթել» գլխավոր քարտուղարի պաշտոնին։

Նոյեմբերի 20-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանն ասում է․ «Հույս ունեմ՝ բոլորս հասկանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առնվազն գլխավոր հարցը չէ կամ այնքան էլ էական չէ: Այստեղ շատ ավելի գլոբալ եւ կարեւոր հարցեր են քննարկվում: Խոսքը ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր ունեցած պարտավորությունների, վերջինիս կողմից մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է: Գլխավոր քարտուղարի պաշտոնն այս համատեքստում երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական հարց է…»։

Այսքանը։ Հարցը փակվեց։ Ու արդեն հրապարակավ հրաժարվում ենք Սանկտ Պետերբուրգում այդ պատասխանատվությունից։ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ չկա որեւէ պրոբլեմ, քանի որ հարցն էլ անկարեւոր է։ Սա արտաքին ճակատում փորձություն էր, որից Հայաստանը տապալված է դուրս գալիս՝ անգրագետ արտաքին քաղաքականության պատճառով։

Բազմիցս են գնահատականներ հնչում, որ այսօրվա իշխանությունն անում է նույն բաները, ինչ նախորդը։ Ցավոք, պարտվողական կեցվածքի, նահանջող գաղափարների ու նշաձողի մասով էլ նույնը կարող ենք ասել։

Հիշենք բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկը․ 2016 թվականի ապրիլին ամեն թիզ հողի վրա արյուն թափեցինք, իսկ վերջում պատահական իմացանք, որ 800 հեկտար կորցրած տարածք ունենք։ Հանրապետության ղեկավարն առանց մի կաթիլ հուզմունքի ասաց․ «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, բացի դրանից, գոյություն ունի նաեւ գնահատական, դու եթե ինչ-որ մի բան կորցրել ես, էդ մի բանն ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարակա՞ն նշանակություն ունի, մարտավարակա՞ն նշանակություն ունի, թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն։ Եթե զուտ մետրով չափենք, ասեմ, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտար, դա 1 հազարերորդն էլ չի կազմում։ Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն, հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են»։

Երբ դեռ չէինք կորցրել, այդ հողերը մեզ համար լինելիության երաշխավոր էին, այսօր Արցախի ոչ մի շրջան չզիջելու հարցը ՀՀԿ-ի քարոզչական մեխերից է, իսկ երբ հեկտարներ կորցրինք, դրանք հանկարծ դարձան որեւէ իմաստ չունեցող տարածք։ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անգամ հայտարարում էր, թե «դրանք անմշակ, անպիտան հողեր են»։

Սա պետության ղեկավարի անպատասխանատու կեցվածք է հայրենիքի, ժողովրդի ու հայրենիքի պաշտպանների նկատմամբ, որը, ցավոք, փոխանցվում է հաջորդաբար։ ՀԱՊԿ-ում բոլորովին չանհանգստացող ղեկավարը վաղը կդնի նոր պահանջ, որը չկատարելով՝ դա կհամարի անկարեւոր։

Ու ի սկզբանե նահանջող իշխանությունը, որի մոտ ամեն ինչ կարգին է միայն ելույթներով, վաղը կարող է ասել՝ գիտե՞ք, ՀԱՊԿ-ն մեզ համար կարեւոր նշանակություն չունի, առաջնային նշանակություն ունի Հայաստանի անվտանգությունը, թեկուզ՝ առանց ՀԱՊԿ-ի։ Գիտե՞ք ինչ, մեզ համար չորրորդական հարց է, թե որ տնտեսական միության մեջ կլինի Հայաստանը, կարեւորը, որ մեր լոլիկը դրսում սպառում ունենա, թեկուզ՝ առանց ԵՏՄ-ի բազմամիլիոնանոց շուկայի։ Գիտե՞ք, մեզ համար չորրորդական հարց է՝ Արցախը կզարգանա ազատագրված շրջաններո՞վ, թե՞ նրանից 5-ն առանձնացրած։ Կարեւորը մնացած մասի անվտանգությունն է ու խաղաղությունը։ Եվրոպայի խորհուրդն այնքան էլ կարեւոր չէ, չէ՞ որ մենք առանց նրանց էլ դուխով առաջ ենք գնում Եվրոպայում։ Իսկ որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ չլինի, դրանից ի՞նչ վնաս, առանց դրա էլ բոլորը գիտեն, որ պետություն ենք։

Նախորդ իշխանության դրած նահանջի քաղաքականությունը շարունակվում է առավել շեշտված, իսկ դա անխուսափելի կորուստներ է խոստանում։ Իսկ հանրային ընկալման մեջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի անկարեւորությունն ասոցացվում է Սերժ Սարգսյանի նշած 800 հեկտարի անկարեւորության հետ։ Երկար ժամանակ տաբու դարձած «հանձնելու» թեման հիմա դարձել է բոլորի քննարկման թեմա՝ ե՞րբ կտան, ինչքա՞ն ու ինչպե՞ս։

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ