Առջևում նաև կադրային հեղափոխություն է

Առջևում նաև կադրային հեղափոխություն է

Կառավարությունում ընտրություններից հետո նոր վերակազմավորում է սպասվում եւ գործազրկության նոր ալիք։ 18 նախարարության փոխարեն ունենալու ենք 11 կամ 12-ը։

Դրանց մի մասը միանալու է իրար, մյուսները կրճատվելու են։ Եթե հաշվի առնենք, որ ամեն նախարարություն՝ կից կառույցներով, մոտ 300-400 աշխատող ունի, բուն նախարարության ապարատում՝ 150-ի կարգի, ապա ստացվում է, որ կրճատումների արդյունքում առնվազն 3-3,5 հազար մարդ անգործ է մնալու։ Վարչությունների ու առընթեր կամ կրկնվող ֆունկցիաներով մարմինների կրճատվող հաստիքների հետ միասին գործազուրկ չինովնիկների բանակը, ամենահամեստ հաշվարկով, մոտենալու է 5 հազարին։

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ճշտում է․ «Մի պատկերացրեք, որ վերակազմավորում է լինելու, մարդիկ ազատվելու են աշխատանքից ու վերջ։ Այդպես չի լինի»։ Սակայն որեւէ թվային տվյալ նա չհայտնեց։ «Այդ հարցերը հիմա քննարկվում են։ Աշխատանքային քննարկումներ են ընթանում կառավարությունում։ Դեռ վերջնական պատկեր չկա, եւ այս պահին որեւէ տեղեկություն հայտնել չենք կարող։ Վերջնական տարբերակը կլինի, կհրապարակենք»,- ասաց խոսնակը։ Որոշ լուրերի համաձայն, կրճատվողների մոտ մեկ երրորդը կտեղավորվի կառավարման համակարգում, սակայն նախընտրական փուլում թեկուզ 1000 պետական պաշտոնյայի մոտալուտ գործազրկության մասին պաշտոնապես հայտարարելն ինքնասպանություն կլիներ։ Ահա թե ինչու քննարկումները փակ են։

Ի մի բերելով ապարատում մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները՝ այս պահի դրությամբ ունենք հետեւյալ պատկերը։ Վերակազմավորման արդյունքում վերանալու են մշակույթի, սփյուռքի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունները։ Սփյուռքի նախարարության փոխարեն ունենալու ենք վարչություն, սահմանափակ աշխատակազմով՝ ԱԳՆ-ի կազմում։ Փաստորեն, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկը՝ հզորացնել այն, ավելի մեծ գործառույթներով ու լծակներով գերատեսչություն դարձնել, որի մասին նա պատմում էր իր ասուլիսում, չի անցել։ Մշակույթի նախարարությունը, ըստ կառավարության աղբյուրի, միանալու է կրթության նախարարությանը։ Առանձին ստորաբաժանման կարգավիճակից զրկվելու են նաեւ հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովները։ Պետեկամուտների կոմիտեն, այս պահին քննարկվող տարբերակում, կրկին միանալու է ֆինանսների նախարարությանը։ Կուլիսներում դա բացատրում են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից դժգոհություններով։

Միանալու են բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունները։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանին հարցրինք, թե արդյոք լսե՞լ է նման որոշման մասին։ Չէ՞ որ այսպիսի քննարկումները չպետք է անցկացվեն առանց բնապահպանների մասնակցության։ «Նման խոսակցություններ վաղուց են լսվում։ Մե՛կ, որ բնապահպանության նախարարությունը գյուղնախի հետ են միավորելու, մե՛կ՝ տարածքային կառավարման նախարարության հետ։ Բայց ոչ մի հստակություն առայժմ չկա։ Իսկ նախարարությունը ոչ մի քննարկում չի անցկացնում»,- պատասխանեց նա։

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը եւս ստույգ տեղեկություն չուներ։ «Ես նման բան չեմ լսել»,- ասաց նա։ Մեր հարցին, թե որպես տարածքային կառավարման մասնագետ, ինչ կարծիք կունենա նման վերակազմավորման մասին, նա պատասխանեց․ «Ավելի շուտ՝ բացասական, քան դրական»։ Նախարարություններում անհանգիստ են, չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ «Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ պլաններ ունեն մեր վերաբերյալ, որ նաեւ մեր անելիքը հասկանանք՝ մնում ենք-գնում ենք։ Փորձում ենք ինֆորմացիա ստանալ, մեզ ասում են՝ դեռ քննարկում ենք։ Բա ինչո՞ւ են հայտարարում, եթե ոչինչ հայտնի չէ»,- հարցնում է մեր աղբյուրը, որը նախարարության միջին օղակից է։ Հաճախ փոփոխություններից առաջ եւ հետո նախարարություններում յուրօրինակ դեպրեսիա է լինում։ Հայտնի է, որ այսօր Հայաստանում կանոնավոր փող տվող միակ գործատուն պետությունն է, եւ մոտալուտ գործազրկությանը սպասելիս աշխատողը կորցնում է աշխատունակությունը, սպասում է վատ լուրի։ Նոր նախարարություններն էլ երկար ժամանակ չեն կարողանում բնականոն գործել, քանի որ փաստաթղթային բազան է փոխվում, նոր իրավական դաշտ է ստեղծվում, որին ադապտացվելը նույնպես ժամանակ է ուզում։ Այս անգամ ադապտացման շրջանը երկար է լինելու։ Առջեւում ոչ թե կառուցվածքային բարեփոխում է, այլ իսկական հեղափոխություն։

Հիշեցնենք, որ վերջին կառուցվածքային բարեփոխումը կատարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա օգտագործում էր «օպտիմալացում» տերմինը ու չէր թաքցնում, որ դրա հետեւանքով գործազրկություն է լինելու։ Այն ժամանակ կառավարությունը նախարարություններին հարցումներ էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել թափուր հաստիքների, ուռճացված աշխատակազմով բաժինների թվերը։ Արդյունքում նախարարություններից կրճատվեց մոտ 200 հոգի։ Առողջապահության նախկին նախարար, կառավարման մասնագետ եւ այդ թեմայով աշխատությունների հեղինակ Արարատ Մկրտչյանը պատմում է, որ երբ առաջին անգամ մտել է նախարարի աշխատասենյակ, հավաքել է աշխատակազմին ու ասել․ «Տպավորություն ունեմ, որ նախարարությունը խանգարում է համակարգին, եթե համոզվեմ, որ այդպես է, կլուծարեմ նախարարությունը»։ Նա կողմ է նոր կառավարության ռեֆորմին։ Նույնիսկ ավելի մեծ կրճատում է առաջարկում՝ վերացնել բոլոր փոխնախարարների պաշտոնները։ «Պետական կառավարման բարեփոխումներ արվել են բազմիցս, բայց պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալուց շատ հեռու ենք։ Անընդհատ միավորումներ, միաձուլումներ, տրոհումներ ենք արել։ Կոալիցիաներ ձեւավորելուց է ուռճացվել ապարատը, եւ ողջ այդ բեռը նստած է մեր հարկատուների ուսերին։ Հիմքում եղել են այս կամ այն անձին պաշտոն տալը, ոչ թե արդյունավետ կառավարումը։ Մեր կառավարման համակարգը ռացիոնալ չէ, ծանր է, ահռելի միջոցներ է տանում, որոշումները դանդաղ են ընդունվում ու իրականացվում, չինովնիկական համակարգում անպտուղ քննարկումներն են շատ, ֆունկցիաների նույնականացումը։ Ուստիեւ կարծում եմ՝ պետք է էապես կրճատվի համակարգը»,- ասում է նա։ Բայց գտնում է, որ կրճատումների շուրջ քննարկումները բաց ու հասկանալի պետք է լինեն հանրության համար։