Ասֆալտի ու մանդարինի «համտես», աղավնի թռցնել․ ով ինչպես սկսեց

Ասֆալտի ու մանդարինի «համտես», աղավնի թռցնել․ ով ինչպես սկսեց

Երեկ տրվեց ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, թեպետ Նիկոլ Փաշինյանն իր թիմով անցած շաբաթվանից արդեն իսկ մարզային այցելություններ էր իրականացնում, իսկ համացանցում քարոզարշավը մեկնարկել էր ավելի վաղ։ Վերջին տասն օրերին Ֆեյսբուք են գործուղվել «փրկիչներ», որոնք իրենց «լայվ»-երով ու գրառումներով ապահովում են մեր շուրջօրյա դիվադադարը, խոսում իրենց կուսակցության փայլուն գաղափարների, ոմանք՝ հեղափոխությունն ավարտին հասցնելու՝ նախորդ ռեժիմից ազատագրումն արձանագրելու, որոշներն էլ՝ նորերի «կործանարար» կառավարումից փրկելու մասին։ Սակայն ոմանց կենսագրություններում միակ հիշարժան «գործը», որ արել են, իրենց ծնվելն է։ Ինչեւէ, առաջադրված տասնմեկ ուժերը 12 օր ունեն` շրջելու ողջ Հայաստանով, համոզելու, որ իրենց ձայն տան, իրենց ասելիքն ընտրողին հասցնելու համար:

Թե որքանով ծրագրային եւ գաղափարական քարոզարշավ կընթանա, դժվար է ասել, բայց մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկն արդեն իսկ մթնոլորտը լարվել է։ Իշխող ուժին մեղադրում են վարչական ռեսուրսի կիրառման, աշխատանքային ժամերին երթեր-հանրահավաքներ-հանդիպումներ անելու, քարոզչություն իրականացնելու մեջ: Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հակադարձում է՝ բոլորն ազատ են իրենց քայլերն ու գործողություններն իրականացնել այնպես, ինչպես ցանկանում են: Այսպիսով՝ պաշտոնական մեկնարկը քաղաքական ուժերը տվեցին յուրովի, մեկուկես տարի առաջ, երբ քաղաքական դաշտը գնում էր ապրիլյան ընտրություններին, եւ այսօր քաղաքական դաշտում «հեղափոխական» փոփոխությունները չնկատելն անհնար է․ կտուրներ մագլցող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հիմա շրջում է կառավարական ավտոշարասյունով, ելույթներ ունենում ոչ թե տանիքների վրայից, այլ շարժական հարմարավետ բեմահարթակի։ Փոխարենը իր կուսակցական գրասենյակում էր հանրությունից թաքնվել անցած ապրիլին հրապարակային հարթակներին հպարտորեն կանգնած ուժը՝ Հանրապետականը, որի հիշարժան կարգախոսներից մեկն էր․ «Մեր դեմ խաղ չկա»։ Եվ, այդուհանդերձ, «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» բացահայտ հայտարարություններ երեկ չեղան եւ ոչ էլ «սեւ-սպիտակի» բաժանում, սակայն քաղաքական ուժերից շատերը «մնացել» էին այդ հայտարարության տակ։ Մինչ ոմանք փորձում էին «մաքրվել» սեւ պիտակից, մյուսներն «աններելի» սայթաքումներ ունեցան։ Խոսքը Սասուն Միքայելյանի մասին է։

Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը թալինցիներին ասաց․ «Այս հաղթանակը, որ տարաք դուք, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը»։ Հայտարարությունը ազգայնականների պարսավանքին արժանացավ։ Համացանցում նկատեցին, որ անձնական ճակատում, ապրիլից հետո, իսկապես Սասունը մեծ ու կարեւոր հաղթանակ է գրանցել՝ որդին դարձել է Հրազդանի քաղաքապետ, ինքն էլ առաջիկայում կզբաղեցնի ԵԿՄ ղեկավարի պաշտոնը՝ կրկին դառնալով պատգամավոր։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը երեկ սկսեց Արագածոտնի մարզից եւ ավարտեց Շիրակում։ Քարոզարշավին մասնակցում էին կառավարության անդամներ՝ վարչապետի ԺՊ-ի գլխավորությամբ։ Նրանք արձակուրդ են վերցրել՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար: Ինքը՝ Փաշինյանը, չնայած հայտարարել էր, որ արձակուրդ չի վերցնելու, քանի որ օրենքը նման բան չի պահանջում, եւ պատրաստվում էր քարոզարշավին մասնակցել աշխատանքային օրվա ավարտից հետո, սակայն նախօրեին փոխեց որոշումը։ Ասում են՝ այս որոշման վրա ազդեցություն է գործել քայլարշավի ոչ այնքան հաջող ընթացքը։

Արձակուրդում է պետական ապարատի մեծ մասը՝ նախարարներ, փոխնախարարներ, փոխվարչապետեր, վարչության պետեր, անգամ՝ օգնականներ ու խորհրդականներ։ Փաստորեն, Նոր Հայաստանում էլ են պատրաստ հանուն ընտրությունների պարալիզացնել պետական ապարատը։ Իշխող ուժն իր քարոզարշավին «վարչապետական» բովանդակություն տվեց, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր քարոզում, որ դեկտեմբերի 9-ի ընտրությամբ որոշելու են ապագա վարչապետի հարցը։ Ստացվում է՝ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը թեեւ հանրային դիմադրության շնորհիվ մերժվեց, սակայն քարոզարշավի տրամաբանությունը մնաց նույնը։ Հեղափոխական վարչապետը կրկին պնդեց, որ ժողովրդին տված բոլոր խոստումները՝ արտահերթ ընտրությունների անցկացում, մենաշնորհների վերացում, շուկաների ազատականացում եւ այլն, կատարել են։ Բնականաբար, ապագային միտված խոստումներ էլ հնչեցին։ Ի դեպ, թիմից զատ, դաշինքի առանձին թեկնածուներ էլ բակային հանդիպումներ, քայլերթեր էին անցկացնում, «լայվ» մտնում։

Հանրապետական կուսակցությունն ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսեց կուսակցական կենտրոնական գրասենյակում հրավիրած ասուլիսով։ Բանախոսը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հայտարարեց, որ սեւի ու սպիտակի իրականությունն իրենց արդեն իսկ պարտադրվել է․ «Այն, ինչ այսօր է, սպիտակ է, երե՛կ էր սեւ», ուստի ՀՀԿ-ն ընդունում է մարտահրավերը, եւ առաջիկա օրերին դիմակազերծելու են «կեղծ դեմոկրատական» իշխանությանը։ «Փաշինյանին ընտրությունների գիշերը մեծ անակնկալ է սպասվում»,- սպառնաց Արմեն Աշոտյանը։ Մի բան պարզ է, որ ընտրարշավն ընթանալու է ՀՀԿ-«Իմ քայլը» թեժ դիմակայությամբ։

Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը երեւանյան քայլերթով սկսեց արշավը: Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մոմ վառելուց հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական մի քանի տարվա դադարից հետո մեծ բացահայտում արեց՝ սեւից ու սպիտակից բացի աշխարհում շատ գույներ կան։ «Մենք ՕԵԿ ենք, ո՛չ սեւ ենք, ո՛չ սպիտակ, սիրե՛ք աշխարհը»,- խորհուրդ տվեց նա։ ՕԵԿ-ը նույնպես դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում, իրենք տեսնում են «ոտնձգություն հայ ազգային արժեքների, հայոց եկեղեցու նկատմամբ», իսկ ՕԵԿ ղեկավարի փաստմամբ՝ ամուր կառչած են մեր ազգային արժեքներից։ Դրանից բացի, ներկայումս ազգը լրջագույն այլ խնդիրների առաջ էլ է կանգնած: «Ութ ամիս անցել է, ութ ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե Հայաստանն ինչպես պետք է զարգանա»,- ասաց Բաղդասարյանը, իսկ իրենք դա չեն տեսնում:

Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքի անդամներն իրենց «փափուկ» քարոզարշավը սկսեցին Հայաստանի հյուսիսային դարպասից։ «Տավուշում ապրող մարդն է, որ գիտի՝ ինչ է նշանակում Հայաստանի անվտանգություն, դուք եք մեր անվտանգության երաշխավորները»,- հայտարարեցին «Մենք»-ականները՝ ոչ մի խոսք չասելով գործող իշխանության արտաքին քաղաքականության մասին։ Բայց խոստացան՝ Հայաստանն ու նրա շահը առաջինն են լինելու Ռուսաստան-Արեւմուտք կողմնորոշումների ծիրում։

«Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի առաջին օրվանից երկու թեւի է բաժանվել, առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ կուսակցական մի թիմով Սյունիքի մարզում էր, Երեւանի Նոր Նորք համայնքում էին Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ երկրորդ թիմի անդամները։ «Լուսավորիչները» թերեւս որոշել են հետեւություն չանել Երեւանի ավագանու ընտրությունից, նրանց պայքարը ոչ թե հանուն իշխանության է, այլ՝ ընդդիմության։ «Դուք որոշելու եք, թե ովքեր են մյուսները՝ 2-րդը, 3-րդը, 4-րդը: «Լուսավոր Հայաստանը» պայքարում է խորհրդարանում երկրորդը լինելու համար»,- ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին չմասնակցեց Գագիկ Ծառուկյանը։ Նախօրեին ԲՀԿ առաջնորդի ծնունդն է եղել, ավանդույթի համաձայն, նա նշել է Հայաստանից դուրս եւ կուսակիցների փոխանցմամբ՝ պետք է վերադառնար երեկ երեկոյան։ Միայն Միքայել Մելքումյանն էր մամուլի ասուլիսի հրավիրվել, որտեղ խոսեց իրենց 36 կետանոց տնտեսական ծրագրերի մասին։

Աղմկոտ ստացվեց «Սասնա ծռերի» մեկնարկը․ խորհրդարանի բաց այգում քարոզարշավի մեկնարկին «ծռերի» կողմից արված՝ մեկը մյուսից քննադատական հայտարարությունները չշրջանցեցին նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ հեղափոխությունը կայացել է «Սասնա ծռերի» շնորհիվ, իսկ Վարուժան Ավետիսյանն ապագա խորհրդարանին երկու տարվա կյանք կանխորոշեց։ «Պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, եւ նոր ժամանակներում ձեւավորված եւ կուսակցություն կոչվելու իրավունք ունեցող ուժերը կկարողանան լիարժեք մասնակցել ընտրություններին եւ արտահայտել մեր ժողովրդի կամքը»,- հայտարարեց Ավետիսյանը: Ի պատասխան, Փաշինյանը սպառնաց․ «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը, ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ ու թուլակամ իշխանությունը չէ։ Այդպիսի մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա գնալ այդ ճանապարհով՝ ով ուզում է լինի»։

Երեւանում` Արամ Մանուկյանի արձանի մոտ համակիրների հետ հանդիպումով իր քարոզարշավը սկսեց ՀՅԴ-ն։ Միակ ուժը, որն ընտրարշավին ներկայացավ նոր «գույնով», նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն էր։ Քաղաքացիական պայքարի խորհրդանիշ Մաշտոցի պուրակը երեկ նրանք ողողել էին նարնջագույնով, «Ապագան քոնն է» կարգախոսը կրող բուկլետի հետ քաղաքացիներին մեկական մանդարին էին բաժանում։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը մանդարին չուներ, փոխարենը աղավնի թռցրին Էջմիածնի Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում․ նրանք «աստվածաշնչյան Հայաստան» կերտելու իդեալ ունեն։ «Սա սովորական աղավնի չէ, այլ նոյյան առասպելական աղավնի է, որն ավետիսը բերեց վերազարթոնքի: Սա Հայաստանի վերակերպումի խորհրդանիշն է»,- ասաց կուսակցության ղեկավար Լեւոն Շիրինյանը։ Կուսակցությունը քարոզարշավի ընթացքում նախընտրական շտաբներ չի ունենա, կլինեն մեքենաներով եւ շեշտը կդնեն լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքի վրա: Ընտրություններին մասնակցում է նաեւ նորաստեղծ «Ազգային առաջընթաց»-ը, որին երեկ ոչ մի տեղ չտեսանք։