Ես իմ ժամանակի մեջ կոռուպցիա փնտրելու բաժին չունեմ

Ես իմ ժամանակի մեջ կոռուպցիա փնտրելու բաժին չունեմ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախարար նշանակվեց մոտ մեկ ամիս առաջ՝ Արծվիկ Մինասյանի հրաժարականից հետո։ Նա Նիկոլ Փաշինյանի կառավարության այն եզակի անդամներից է, որ «ժառանգություն» է մնացել Կարեն Կարապետյանի կառավարությունից։

 

Նաեւ եզակիներից է նրանով, որ մինչեւ նախարարի պաշտոնին հասնելը բարձրացել է կարիերային աճի բոլոր աստիճաններով՝ առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչության պետ, փոխնախարար, հիմա էլ՝ նախարար։ Այսինքն՝ ոմանց նման միանգամից «երկնքից» չի ընկել կամ, ավելի ճիշտ՝ փողոցից չի ընկել նախարարի կաբինետ։ Բայց Տիգրան Խաչատրյանը մի «թերություն» ունի՝ նա Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» թիմի անդամ չէ, չի քայլել Փաշինյանի հետ ապրիլյան օրերին, ճամփա չի փակել, ակցիա չի արել, դըմփ-դըմփ-հու՝ եւս։ Հետեւաբար, ինչպե՞ս ստացվեց, որ այս ամենով հանդերձ՝ նա Փաշինյանի կառավարությունում նշանակվել է նախարար՝ հարցրինք նրան։

 

«Էդ հարցը ինձ չի, որ պետք է տաք, թե ինչպես ստացվեց, որ ինձ առաջարկվեց զբաղեցնել նախարարի պաշտոն, այլ նրան, ով իրավունք ուներ էդ նշանակումը կատարելու։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ էդպես էլ չի ճիշտ ասել, որ ես նախորդ կառավարության «ժառանգությունն» եմ այս կառավարությանը, որովհետեւ պետական կառավարման համակարգում ծառայել եմ 1995 թվականից սկսած եւ տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, տարբեր կառավարությունների հետ եմ աշխատել։ Եվ դա միայն այն պատճառով, որ ունեցել եմ որոշակի մասնագիտական մասնակցության հնարավորություն»,-ասաց Խաչատրյանը՝ այս դեպքը եւս վերագրելով իր մասնագիտական պատրաստվածությանը։

 

- Դուք այս պահին կիսո՞ւմ եք գործող կառավարության քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ։

 

- Իհարկե, լինելով քաղաքական թիմի մաս՝ կիսում եմ բոլոր այն պատասխանատվության տեսակները, որոնք կրում է կառավարությունը։

 

- Պարոն նախարար, կասե՞ք՝ ո՞րն է գործող կառավարության տնտեսական զարգացման հայեցակարգը, ծրագիրը։

 

- Ես մեկ նախադասությամբ կասեմ՝ տնտեսական աճի ներառականության աստիճանի բարձրացումը։ Դրա մասին խոսել է ե՛ւ վարչապետը, ե՛ւ խոսել են կառավարության տարբեր անդամներ։ Աճը պետք է ազդի ավելի մեծ թվով մարդկանց վրա, տնտեսությունը պետք է ավելի մեծ թվով մարդկանց հնարավորություն տա ունենալ աշխատատեղեր, ստանալ արժանավայել եկամուտ։

 

- Բայց երբ լսում էինք վարչապետի ծրագիրն ԱԺ ամբիոնից, նա ավելի շատ խոսում էր հեղափոխության մասին, հեղափոխության արժեքների ամրապնդման մասին, ընտրությունների անցկացման մասին, որտեղ տնտեսության վերաբերյալ հստակ, առարկայական թեզեր չէին հնչում։

 

- Վերջին օրերին վարչապետը խոսել է նաեւ էն մասին, որ ժամանակն է նաեւ տնտեսական հեղափոխության եւ ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները լիարժեք իրագործեն իրենց տնտեսական ազատության հնարավորությունը։

 

- Հիմա՞ է ժամանակը, վեց ամիս ա՞նց։

 

- Գիտե՞ք, բոլոր քաղաքական փոփոխությունները, որոնք կատարվել են եւ շարունակում են կատարվել, որովհետեւ վարչապետն առիթ է ունեցել ասելու, որ հեղափոխությունը չի ավարտվել, դրանք նրա համար են, որպեսզի մարդիկ շարունակաբար եւ ավելի վստահորեն իրագործեն իրենց տնտեսական կարողությունները։

 

- Պարզապես հիմա քննադատում են նրան, որ այդ տնտեսական ակտիվությունը, որը պետք է բերեր նաեւ սոցիալ-տնտեսական զարգացման, դա ժողովուրդն իր մաշկի վրա դեռ չի զգում։

 

- Ես ասացի, որ էդպիսի արդյունքները կարճաժամկետ փոփոխություններ չեն առաջացնում։ Ամենը, ինչ տեղի է ունենում, երկարաժամկետ առումով մարդկանց կյանքը փոխելուն է ուղղված։ Համապատասխանաբար, պետք է համբերությամբ լցվել եւ սպասել, սպասել, երբ այդ հնարավորությունները կդառնան աշխատատեղեր, եկամուտներ, բարեկեցություն։

 

- Նախորդ իշխանություններն էլ էին նույնն ասում, մենք էլ տասը տարի համբերատար սպասում էինք, մինչեւ որ վերջապես մերժվեցին ու հեռացվեցին։

 

- Ի՞նչ եք ակնկալում, որ ես պատասխանեմ։

 

- Ուզում եմ ավելի հուսադրող որեւէ բան ասեք, որ ավելի արագ կլինի այդ ամենը, քանզի հեղափոխության արդյունքը պետք է լինի այն, որ ավելի արագ մեր կյանքը լավանա։

 

- Ավելի արագ լավանալու համար ստեղծված ամենակարեւոր բանն այն է, որ տնտեսական կյանքին մասնակցելու հնարավորությունները հիմա անհամեմատ ավելի մեծ են։ Այսինքն՝ ցանկացած մարդ, ով կարծում է, որ ինքը կարող է իրեն հետաքրքիր թվացող ուղղությամբ բիզնես ստեղծել, զարգանալ, ունի այդ հնարավորությունը՝ առանց խոչընդոտների։

 

- Դուք Ձեր մեջ կրո՞ւմ եք հեղափոխության արժեքները, եւ ո՞րն է Ձեր հեղափոխական տեսլականը տնտեսության զարգացման մասին։

 

- Մրցունակությունն էն կարեւորագույն փոփոխությունն է, որ պետք է գիտակցվի տնտեսության յուրաքանչյուր բիզնես մասնակցի կողմից։ Արտադրողականությունն էն կարեւոր խնդիրն է, որ ունի գրեթե յուրաքանչյուր բիզնես միավոր։ Եվ ներդրումներն էն ճանապարհն են, որ պիտի կատարվեն, որով պիտի անցնել էդ խնդիրը լուծելու համար։ Սա հենց՝ ամբողջության մեջ վերցված, էն արժեքներն են, որոնք Դուք նկատի ունեք։

 

- Բայց այդ նույն արժեքները դավանում էին նաեւ նախորդ կառավարությունում, Կարեն Կարապետյանն իր ողջ «դրայվով» դա էր պրոպագանդում, Ձեր նախկին նախարար Սուրեն Կարայանն էլ էր դրա մասին խոսում ոչ պակաս էնտուզիազմով։

 

- Ե՞վ։

 

- Եվ ուզում եմ հասկանալ՝ տարբերությունը ո՞րն է Ձեր՝ որպես հեղափոխական թիմի նախարարի եւ նախորդների միջեւ, ո՞րն է այն հեղափոխական կրեդոն, որը պետք է միանգամից առաջ մղի մեր տնտեսությունը։

 

- Ասեմ՝ անել ամեն ինչ, ինչ պետք է Հայաստանում ցանկացած բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար, արտադրողականությունն ավելացնելու համար, եթե իրենք ունեն տեսակետներ, այդ տեսակետներին օգնելու եւ աջակցելու համար։

 

- Նախորդ կառավարությունում, որտեղ Դուք փոխնախարար էիք, չէի՞ք անում այդ ամենը։

 

- Անում էի։

 

- Եվ ո՞րն է տարբերությունը նախորդի եւ այսօրվա միջեւ։

 

- Պետք է անեմ ավելի մեծ պատասխանատվությամբ։

 

- Գործող կառավարության շատ անդամներ իրենց նախարարություններում կոռուպցիա բացահայտելու պարտավորություն էին ստանձնել՝ հայտնաբերել իրենց նախորդների թույլ տված չարաշահումները եւ այլն։ Երբ Դուք նշանակվեցիք, Ձեր առջեւ նման խնդիր չի՞ դրվել, եւ արդյոք ձեր նախարարությունում չկա՞ն չարաշահումներ՝ թույլ տրված նախկին նախարարների կողմից։

 

- Իմ առջեւ էդպիսի խնդիր չի դրվել, ես կարծում եմ, որ էս նախարարությունում առանձնահատկությունն է մի քիչ ուրիշ։ Այսինքն՝ ես չգիտեմ, թե Դուք կոնկրետ ինչ նկատի ունեք, որ ասում եք՝ կոռուպցիոն ինչ-որ բացահայտումներ են արվել…

 

- Դե, առողջապահության նախարարը, սփյուռքի նախարարը, իրենք բոլորն ընկած՝ կոռուպցիա են ման գալիս, ձեզ մոտ չկա՞, թե՞ Դուք չեք փնտրում։

 

- Շատ բարդ հարց եք տալիս, որ միանգամից պատասխանեմ։ Ես իմ ժամանակի մեջ էդպիսի առանձնացված բաժին չունեմ՝ կոռուպցիա փնտրելու, բայց կարծում եմ, որ էս նախարարությունում էդպիսիք առկա չեն էն ծավալներով, որոնք որ մյուս բնագավառներում մտահոգությունների տեղիք են տվել։ Բայց եթե առկա են էդպիսի դրսեւորումներ, ապա ժամանակներն էնպիսին են, որ դրանք աննկատ մնալ չեն կարող։