Գերեվարված համագյուղացու համար փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Գերեվարված համագյուղացու համար փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի բնակիչները այս պահին փակել են Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով բանակցել ադրբեջաբական կողմի հետ շուրջ 4 ամիս առաջ գերեվարված 34- ամյա Կարեն Ղազարյանի վերադարձի շուրջ:

«Հրապարակը» դեռ 2 օր առաջ գրել էր, որ Ղազարյանի հարազատների գլխավորությամբ նման բողոք ակցիա է կազմակերպվելու: Բերդավանցիներից մեկը մեզ հետ զրույցում նշել էր, որ բնակիչներին զայրացրել է հայկական կողմի՝ գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկի մերժումը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն 2018 թվականի 15-ին հաղորդագրություն էր տարածել, թե Հայաստանի զինուժի դիվերսիոն խումբը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է հատել սահմանը։ Իսկ ադրբեջանական բանակի ստորբաժանումները հայտնաբերել են եւ հետ մղել, իսկ խմբի անդամներից Կարեն Ղազարյանին գերեվարել են։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում Զինված ուժերում, և որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար․

«ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ», - գրել էր Հովհաննիսյանը։