Տգետ եւ ոչ առաքինի անձինք չպետք է պետության համար ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունք ունենան

Տգետ եւ ոչ առաքինի անձինք չպետք է պետության համար ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունք ունենան

Օգոստոսի 30-ին, 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում տեղի Է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ: Այս ավանդույթը սկիզբ է առնում 2010 թվականից, բայց չնայած օրհնանքներին այդպես էլ էական տեղաշարժեր չեն արձանագրվում կրթության բնագավառում:

Վեհափառ Հայրապետը, «Աստվածահաճո և գովարժան է» համարել կրթական գործի մշակների աշխատանքը: Այո, նրանք, ենթադրաբար, «անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում են մեսրոպաշունչ իրենց առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը»։ Այդ դեպքում այսքան ոչ բանիմաց և ոչ այդքան առաքինի անձինք որտեղի՞ց են հայտնվել ԱԺ-ում, պետական կառավարման մարմիններում: Նրանք հիմնականում ՀՀ կրթական համակարգի արդյունքն են, իսկ ավելի լկտիներն ու ամբարտավանները՝ արտասահմանյան համալսարաններինը:

Ներկայում երկրի համար բախտորոշ որոշումներ կայացնողների առնչությամբ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը նկատել է, որ «Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառավարելու համար: Փոխանակ փորձելու նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները՝ նրանք վճռական են տրամադրված ավելացնելու թշնամիների հասցրած վնասը»։ 

Մի կողմից, մեծամիտ, հղփացած հատկապես երիտասարդները և նրանց առաջնորդող, կասկածելի անցյալով ավագները, մյուս կողմից՝ ետնախորշերից պալատներում հայտնվածներն ինչպե՞ս կարող էին ունենալ պետական մտածելակերպ և որտե՞ղ պետք է ձևավորվեր այն. ոմանց ծնողների դաստիարակությա՞մբ, որոնց մեծ մասին ազնիվ իրավապահները մեծագույն հաճույքով կփակեին, թե՞ ետնախորշերի գարշահոտության մեջ… Չնայած այդպիսիներն անցել են այս կամ այն կրթական մակարդակներով, այնուամենայնիվ, կրթական խարխլված համակարգն ի վիճակի չէր լինի որևէ կերպ ազդելու այդպիսիների վրա, առավելևս, որ կրթական գործի մշակները, ինչպես արտահայտվել է Վեհափառ Հայրապետը, հայտնվել են բարդ իրավիճակում, երբ նրանց և նրանց աշխատանքը որոշների կողմից դիտվում է ոչ պատվաբեր, բնականաբար, նաև ոչ եկամտաբար: Վերջինն էլ այն չափումն է, ըստ որի էլ այս կամ այն անձը դիրքավորվում է հասարակությունում: Ոչ թե բանիմացությամբ, ոչ թե առաքինությամբ, այլ՝ «քսակի» մեծությամբ:

Ցանկալի կլիներ, որպեսզի կրթության մշակներին ուղղված այս տարվա հայրապետական մաղթանքներն իրականան, իսկ Երկնավորին ուղղված խնդրանքը բավարարվի՝ նոր ուսումնական տարին լինի խաղաղ և պտղաբեր, դառնա հաջությունների և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան, որպեսզի Տիրոջով զորացած՝ անսպառ եռանդով, նվիրումով և պատասխանատվությամբ շարունակեն լուսավորել, կրթել և դաստիարակել մեր ժողովրդի զավակներին»։

Հույսով, որ մեր ժողովրդի զավակներն ապագայում կլինեն ոչ միայն բանիմաց ու առաքինի, այլև՝ հավատավոր, հայրենասեր ու ազգասեր:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր