Վենետիկի հանձնաժողովը թող «քիթը չխոթի» մեր գործերի մեջ

Վենետիկի հանձնաժողովը թող «քիթը չխոթի» մեր գործերի մեջ

Հայաստանի իշխանությունների հայտարարած վեթթինգը հասավ մինչեւ Վենետիկի հանձնաժողով, որի՝ 119-րդ նստաշրջանի զեկույցը, հայտնվելով մամուլի էջերում, ալեկոծեց հանրային շրջանակները։ Վենետիկցիները Հայաստանի իշխանություններին փորձել են հասկացնել, որ մեղմ ասած, ոգեւորված չեն վեթթինգի գաղափարով, ՍԴ դատավոր-անդամ բառախաղով եւ չեն ողջունում հեղափոխական լուծումները։ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ իր պատասխանը հղեց Վենետիկի հանձնաժողովին՝ հասկացնելով, որ ինքը հավատարիմ է իր իսկ հռչակած բարեփոխումներին։ 

Քաղաքական մի շարք դատավարությունների մասնակցած փաստաբան Հարություն Բաղդասարյանը, անդրադառնալով վեթթինգին, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը չի տեսնում իշխանությունների կողմից գործողությունների իրականացման ծրագիր։ 
«Ես սկզբունքորեն դեմ եմ վեթթինգին, որովհետեւ այն իրականացվում է մինչեւ դատավորի նշանակվելը։ Այսինքն՝ համակարգի միջից ուզում են գտնել մարդկանց, զտել, որ հետո նշանակեն դատավոր։ Բայց դատավորի նկատմամբ վեթթինգը հավասարազոր է հաշվեհարդարի։ Ցանկացած դեպքում, երբ դատավորն օրենք է խախտում, նրան պետք է ենթարկել քրեական պատասխանատվության, ոչ թե վեթթինգի։ Քանի որ ո՛չ օրենք է ընդունված, որ պետք է դատավորները ենթարկվեն վեթթինգի, ո՛չ էլ հնարավորություն է ընձեռվում, որ դատավորները ներկայացնեն հաշվետվություն իրենց գործունեության մասին, այդ վեթթինգը դառնում է անիմաստ մի բան։

Իմ պատկերացմամբ՝ բոլոր դատավորներին, այդ թվում նաեւ՝ ՍԴ դատավորներին,  պետք է հրապարակային հնարավորություն տալ, որ հանդես գան, թե իրենք ինչպես են աքշխատել, որտեղից իրենց նյութական միջոցները եւ բացի դատավորի գործունեությունից՝ ուրիշ ինչո՞վ են զբաղվում։ Հանրությունը կփորձեր հասկանալ, թե դատավորն իր ստացած աշխատավարձով է ապրում, թե կաշառք է վերցրել։ Եվ դա հիմք կլիներ, որ հասարակությունը կգնահատեր ոչ օրինական գործողությունները։ Այդ դեպքում դատավորները հրաժարական կտային։ Իսկ հիմա տեսնում ենք, որ կառավարությունը, ԱԺ-ն լցված են «մասնագետներով»։ Այս պայմաններում նոր դատավորները մեր երկրի համար կարող են գլխացավանք դառնալ։ Եթե գործադիր կամ օրենսդիր իշխանության բացերը դատական իշխանությունը փորձում է հարթել, վաղն էլ եթե վեթթինգի արդյունքում «մանկապարտեզի երեխեքը» դառնան դատավորներ, այդ ժամանակ մեր վիճակն ավելի վատ կլինի։ Եվ վեթթինգի արդյունքում մենք կունենանք ավելի վատ պետություն»,- կարծում է Հարություն Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի զեկույցին, ապա փաստաբանը Վենետիկի հանձնաժողովին խորհուրդ է տալիս «քիթը չխոթել» մեր պետական գործերի մեջ, քանի որ ՀՀ քաղաքացիներն իրենք կորոշեն Հայաստանի քաղաքականությունը։ 
Իսկ վեթթինգ իրականացնելու համար նա առաջարկում է անցկացնել խորհրդարանական լսումներ։ 
«Իշխանությունը պետք է կարողանա ցույց տալ, որ վեթթինգի արդյունքում գալու են ավելի լավ դատավորներ։ Եթե դա այդպես չեղավ, ապա պետք է մենք ատամներով պահենք եղած դատավորներին, որովհետեւ նրանք պրոֆեսիոնալ են, իսկ վաղվա եկողները հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն»,- նշեց փաստաբանը։

Թագուհի Հակոբյան