Եկավ Սահակաշվիլին, եւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը սկսեց աշխատել

Եկավ Սահակաշվիլին, եւ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը սկսեց աշխատել

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ․ հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս արդարադատության նախարարության, հայտարարել էր մրցույթ։ Մրցույթին հայտ էր ներկայացրել վեց հասարակական կազմակերպություն, որոնցից մեկը «Թրանսփարենսի ինթերնեշնլ- հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն է։ 
Թավշյա հեղափոխությունից հետո հաճախ է արծարծվում այն հարցը, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։ 
ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեցինք՝ իրո՞ք չկա համակարգային կոռուպցիա, ինչպես նախկինում էր։
«Բարդ հարց եք տալիս, պետք է լուրջ ուսումնասիրություն անցկացնել հասկանալու համար՝ կա՞, թե՞ ոչ։ Միայն լրատվամիջոցների հրապարակումները բավարար չեն։ Կոռուպցիայի ընկալումներն էլ հարյուր տոկոսով ցուցիչ չեն։ Մեր միջազգային կազմակերպությունն ունի կոռուպցիայի ընկալման համաթիվ։ Եվ մյուս տարվա հունվարին կլինի այդ համաթվի հրապարակումը, ինչից էլ կերեւա՝ կա՞ առաջընթաց, թե՞ ոչ։ Իսկ առայժմ չկան տվյալներ հետհեղափոխական իրավիճակի վերաբերյալ։ Չի կատարվել նաեւ ուսումնասիրություն ո՛չ տեղական, ո՛չ միջազգային կազմակերպությունների կողմից։ Եվ հենվելով ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ չենք կարող լուրջ հետեւություններ անել»,- նշեց Վարուժան Հոկտանյանը։
Հետաքրքրվեցինք՝ հեղափոխությունից հետո տվյալներ չե՞ն հրապարակվել այն մասին, թե՞ կոռուպցիան նվազել է, թե՞ ոչ։
Վարուժան Հոկտանյանն ասաց․ «Դեռեւս այդ ժամանակահատվածի վերաբերյալ չկան տվյալներ։ Մեր կազմակերպությունն այդ տվյալները կունենա 2020թ․ հունվարին»։ Նա հիշեցնում է, որ նման տվյալներ ունենում է «Fredoom House» կազմակերպությունը, կա նաեւ Համաշխարհային բանկի ցուցանիշը, որը ներկայացվում է սեպտեմբերին։
Իսկ կոնկրետ ի՞նչ է պատրաստվում անել «Թրանսփարեսնի ինթերնեշնլ- հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում, ինչպե՞ս են պայքարելու կոռուպցիայի դեմ։ 
«Անելու ենք այն, ինչ նախկինում էինք անում։ Մենք 2017թ․ հունվարից կայինք նման խորհրդում։ Գիտե՞ք ինչ, խնդիրը խորհուրդների կառուցվածքի, կազմի կամ գործառույթների մեջ չէ, քաղաքական կամքի մեջ է։ Եթե եղավ քաղաքական կամք, ապա խորհուրդը շատ լավ կաշխատի։ Դա ցույց տվեց Վրաստանի օրինակը, որտեղ գործում էր նման խորհուրդ մինչեւ Մ․ Սահակաշվիլու՝ նախագահ ընտրվելը։ Եկավ Սահակաշվիլին, եւ այդ խորհուրդը սկսեց շատ լավ աշխատել»,- ասաց նա։