ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հանդիպել են․ի՞նչ հարցեր են քննարկել

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն հանդիպել են․ի՞նչ հարցեր են քննարկել

Այսօր Դաշնակցականներն ու ԲՀԿ-ականները հանդիպել են։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը։ Հանդիպումը նախաձեռնել է ՀՅԴ  Գերագույն մարմնը։   Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և  Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ-ի կողմից Ծառուկյանի հետ միասին հանդիպմանը մասնակցել են Վահե Էնֆիաջյանը ու  Գևորգ Պետրոսյանը: 

«Հրապարակի» հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ օրակարգի շուրջ է տեղի ունեցել հանդիպումը, ի՞նչ հարցեր են քննարկվել, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց․

«ԲՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ մենք բաց քաղաքական ուժ ենք, եթե խնդիրներ կան, որոնք հուզում են մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին, մենք բաց ենք այդ խնդիրները քննարկել և խորհրդարանական ուժերի, և՛ արտախորհրդարանական ուժերի հետ, ՀԿ-ների, առանձին անհատների հետ։ Հիմա Դաշնակցությունն առանձին գործընկերների կողմից այդպիսի հանդիպում ունենալու նախաձեռնություն էր դրսևորվել, պարոն Ծառուկյանն էլ ընդառաջեց այդ նախաձեռնությանը։ Հանդիպել ենք, խոսել ենք երկրում առկա խնդիրների մասին, թե ի՞նչ նոր շունչ կարող ենք հաղորդել տնտեսության զարգացման գործին։ Կոնկրետ հարցով որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, որևէ խնդրի վերաբերյալ կոնկրետ պարտավորություններ չեն սահմանվել։ Ընդամենը երկրի վիճակից ելնելով, նաև Արցախի խնդրի հետ կապված, թե ինչ կարող ենք անել, որ նաև արտախորհրադարանական ուժերի հետ համագործակցելով փորձենք երկրում դրական տեղաշարժ անել՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով»։

- ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց մասով առանձին-առանձի՞ն պետք է լուծեն այդ խնդիրները, թե՞ համագործակցության միտում կա 2 քաղաքական ուժերի միջև։

- Իրենք ասացին, որ պատրաստվում են այդպիսի հանդիպումներ ունենալ նաև այլ քաղաքական ուժերի հետ, ես չգիտեմ, թե իրենք այլ քաղաքական ուժերի հետ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, բայց դա ավելի շատ միմյանց լսելու, առկա խնդիրները վեր հանելու, ընդհանուր քննարկելու նպատակ ուներ։ Եթե լինեն համագործակցության կոնկրետ քայլեր, բնական է, հանրությունը կիմանա այդ մասին։

- Իրենց հանրահավաքի ժամանակ Դաշնակցականները մտահոգություններ հայտնեցին, հանդիպման ժամանակ դրանք քննարկվե՞լ են, ԲՀԿ-ն կիսո՞ւմ է այդ մտահոգությունները։

- Ես հանրահավաքին չեմ մասնակցել, չգիտեմ՝ իրենք կոնկրետ ինչ են բարձրաձայնել, ես նորից եմ ասում, որ խոսքը վերաբերում է երկրի առջև ծառացած տարբեր խնդիրներին, և այնպես չէ, որ մենք միայն համագործակցում են ԱԺ-ում ներգրավված քաղաքական ուժերի հետ։ Եթե համագործակցությունը ի նպաստ Հայաստանի է, ապա կարևոր չէ, թե այդ ուժը խորհրդարանական ներգրավվածություն ունի՞, թե՞ ոչ, նախկինում իշխանությո՞ւն է եղել, թե՞ ընդդիմություն։ Մենք պատրաստ ենք բոլոր կարող ուժերի հետ հանդիպումներ ունենալ, քննարկել համագործակցության հարցեր՝ բացառապես մեկ նպատակով՝ փորձել երկիրը դուրս բերել այս ստեղծված իրավիճակից՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների իմաստով։

- Այդ թվում նաև Հանրապետակա՞ն կուսակցության հետ։

- Եթե մենք ասում ենք, որ մենք բաց ենք, ապա ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե նա ունի ազգանպաստ ծրագրեր, կարող ենք համագործակցել։ Կարող է՝ այդ ուժի հետ մենք ունենք տարաձայնություններ, բայց մենք որևէ մեկին պատերազմ չենք հայտարարել, մեզ համար ընդունելի են բոլոր այն առաջարկները՝ անկախ դրանց ծագման աղբյուրից, որոնք ուղղված են երկրում դրական տեղաշարժերին։