Մնացականյանը պետք է ասի՝ այդ ի՞նչն է լավ
Հարցազրույց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ․
- Պարոն Սարգսյան, Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հայտարարեց, թե առաջին անգամ հայկական կողմի հետ փոխըմբռնման են հասել։ Ու սա՝ բոլոր «մտահոգների» ու մտահոգվածությունների ֆոնին, որ Արցախի հարցում վտանգավոր զարգացումներ են սպասվում։
- Թե այդ փոխըմբռնումն ինչ է նշանակում, պետք է Մնացականյանը բացատրեր՝ ի՞նչ ըմբռնում է, ինչի՞ շուրջ։ Ոչ մի բան չի ասել։
- ԱԳՆ-ից մի թեթեւ պարզաբանել են, որ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձեւավորված դինամիկան, որ համաձայնությունն էլ ձեռք է բերվել 2 երկրների քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ, մի բան, որ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել։ Վերջում էլ ամփոփվել է, որ նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է:
- Հա, ի՞նչ։ Ադրբեջանին ի՞նչն էր մտահոգում։ Այն, որ Վիեննայում կոնկրետ պարտադրանք է եղել, որն իր համար անընդունելի էր, եւ ամեն կերպ փորձում են այնպես անել, որ հայկական կողմը չպնդի (Վիեննայի պայմանավորվածությունների) դրա վրա, Սերժ Սարգսյանի օրոք հասել են դրան, նույն բանին ուզում են հասնել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այնպես անեն, որ Վիեննայի պայմանավորվածությունը ջրվի-գնա։ Նոր իշխանություն է, նրանք ուզում են, որ Հայաստանի նոր իշխանությունը չվերադառնա դրանց։ Դրա համար պետք է ըտենց դատարկ հայտարարություններ, ֆորմատ պահելու ձեւեր, որ, այ, տեսեք՝ Ղարաբաղը չկա, մենք երկուսով ենք։ Սա իրենց համար շատ մեծ նշանակություն ունի։
- Այսինքն՝ Մամեդյարովի լավատեսությունը նրա համար է, որ ցույց տան, որ Արցախը չկա՞ բանակցություններում։
- Ես էլ այդ եմ ասում՝ իրենց համար դա մեծ հաղթանակ է։
- Նոր չէ, որ չկա, բայց, մյուս կողմից, Փաշինյանն ասում է, որ պետք է լինի։
- Ադրբեջանն ի՞նչ է անում, տարբեր դատարկ հանդիպումներով-բանով ի ցույց է դնում, որ չկա Արցախը։ Իրենց կոնկրետ խնդիրը դա է, ու դա շատ հասկանալի է։ Հիմա՝ Հայաստա՞նն ինչ է անում։ Այ, դա պետք է Մնացականյանն ասի։ Թե էդ ինչն է, որ լավ է, ինչ է։ Ասում են ինչ-որ… հա… Մամեդյարովն էլ ասել էր՝ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով է ուզում կարգավորել, իր հռետորաբանությունը թողել է, հանգիստ է, անվտանգության խնդրի մասին է խոսվում եւ այլն, եւ այլն։ Հիմա այս ամենից կարելի է եզրակացություններ անել։
- Դե, փաստորեն, հայկական կողմն էլ է ասում՝ լավ է։
- Կարող է հայկական կողմն ասել է՝ մի պնդեք, մենք էլ ոչ կկրակենք, ոչ մի բան, խաղաղ կբանակցենք… սրանք էլ ասում են՝ լավ է։ Սա շատ պարզ ու պրիմիտիվ վիճակ է։ Ու այս հարցերը, թե ինչու Արցախի մասնակցությունը չի ապահովվում, պետք է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանին ուղղվի։ Բա հասարակությունն ինչի՞ համար է։
ՀԳ․ Ի դեպ, Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարին, գրել էր․ «Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, ապա կարող ենք ենթադրել, որ…»։ Այսինքն՝ եթե Արցախի նախագահի խոսնակը, ինչպես շարքային քաղաքացին է խոսում՝ ենթադրությունների մակարդակով, դրանից կարելի է ենթադրել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը տեղյակ չէ, մասնակից չէ պրոցեսներին։ Հարց՝ այս դեպքում ինչպե՞ս հասկանալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումը, որ առանց Արցախի ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել։ Իսկ ներգրավում՝ նշանակում է նաեւ տեղեկացվածություն։ Մենք այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանից, ով ասաց․ «Սկզբունքը հետեւյալն է․ վարչապետը չի հայտարարել, որ առհասարակ Հայաստանը չի խոսելու, մինչեւ Արցախը ներկա չլինի, ասել է, որ ինքն Արցախի անունից խոսելու մանդատ չունի։ Այսինքն՝ կարող է խոսել Հայաստանի անունից, եւ հայաստանյան պաշտոնյաները՝ նույնպես։ Հայաստանն էլ է կոնֆլիկտի կողմ, ինչպես Արցախը։ Իսկ Արցախի անունից կարող են խոսել Արցախից»։
Ինչ վերաբերում է տեղեկացված լինելուն, ապա Արման Եղոյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես Արցախի վերաբերյալ իր ունեցած հանդիպումների ու շփումների բովանդակությունը մանրամասն ներկայացրել է Արցախի ղեկավարությանը։ «Ցանկացած խոսք, հանդիպման բովանդակություն, լինի կարճատեւ-երկարատեւ, թե ոչ պաշտոնական, մանրամասն ներկայացրել է։ Տեղյակ եք՝ հաճախ է այցելում Արցախ, Բակո Սահակյանն է հաճախ լինում Երեւանում։ Այլ հարց է, որ հնարավոր է մի բան լինի, որ այդ հանդիպումների արանքում մնացած լինի»,- հավելեց Արման Եղոյանը։ Ի դեպ, Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը կայացել է դեկտեմբերի 5-ին, Միլանում, եւ դրանից շուրջ 14 օր է անցել։ Այնպես որ՝ «արանքում մնալու» խնդիր չէր կարող լինել։
Կարծիքներ