Նոր 1917
Շատ լավ կլիներ, եթե երիտասարդ իշխանությունների շարքում պատմաբաններ լինեին: Որովհետեւ այսօր նրանց շատ կօգներ 1917 թվականի փետրվարյան, ապա հոկտեմբերյան հեղափոխության իմացությունը: Երբ բուրժուադեմոկրատական առաջադեմ գաղափարների պրոպագանդումը, որը պետք է Ռուսաստանն ազատագրեր ֆեոդալիզմի մնացուկներից, նրան մոտեցներ Եվրոպային, նոր, դեմոկրատական շունչ հաղորդեր, սահուն վերածվեց տոտալիտար բոլշեւիկյան ռեժիմի:
Երբ հեղափոխության, ցարիզմի ճիրաններից ազատագրվելը հանգեցրեց ի վերջո ստալինիզմի, եւ դա սկսվեց հեղափոխությունն իրականացրած մարդկանց գզվռտոցով ու ազնվականության, սեփականատերերի, ցարի, սպիտակգվարդիականների, ցարական մտավորականության արտաքսումով, ոչնչացմամբ: Իսկ երբ էքսպրոպրիացիայի ենթարկեցին` ունեզրկեցին նախկիններին, խլեցին գործարաններն ու հողը, կուլակաթափ արեցին, պարզվեց՝ երկրում սով է տիրում եւ չքավորություն:
Պարզվեց՝ մարդիկ վախենում են գործարաններ աշխատեցնել, հող մշակել, անասուն պահել, քանի որ հեղկոմները մի օր կգան ու կխլեն ամենը: Անգամ ՆԷՊ-ը չփրկեց իրավիճակը` նոր տնտեսական քաղաքականությունը: Որովհետեւ կայունությունն ու հավատը մի օրում կարելի է կործանել, բայց վերականգնելու համար երկար տարիներ են պետք: Հիմա, երբ մենք գրեթե նմանատիպ իրավիճակում ենք հայտնվել, եւ նոր իշխանությունների գլխավոր ծրագիրը նախորդ տարիներին թալանածը ետ բերելն ու մեղավորներին պատժելն է, շատ մեծ է վտանգը, որ «պատմությունը կկրկնվի», եւ մենք 100 տարի անց կհայտնվենք նույն վիճակում: Իսկ շարունակությունը բոլորիս է հայտնի: Պարզապես եթե 20-րդ դարի սկզբին բնական ընթացք էր, 21-ում նոնսենս է եւ ծիծաղելի: Այնպես որ՝ պատմությունն ուսումնասիրելը ոչ միայն օգտակար, այլեւ անհրաժեշտ գործ է:
Կարծիքներ