Պայքարը նորի՞ց է սկսվում, թե՞ կոլեկտիվը կհաշտվի այս նշանակման հետ

Պայքարը նորի՞ց է սկսվում, թե՞ կոլեկտիվը կհաշտվի այս նշանակման հետ

Մենք գրել էինք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է նշանակվել, չնայած առողջապահության նախարարը ժամանակավոր պաշտոնակատար է եւ սխալ է, որ պաշտոնակատարի հրամանով տնօրեն նշանակվի, սակայն ամենայն հավանականությամբ այս նշանակման հարցում շտապում էին։

Բավականին մեծ թվով մասնակիցներ եղան մրցույթին եւ հաղթեցին 3 մասնակից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և նախարարության լուծարված ստորաբաժանումներից մեկի՝ պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը: Ինչը նշանակում էր, որ վերջնական վերդիկտը պետք է կայացնի առողջապահության նախարարը։ Հրամանը կարող էր լինել 2 օր առաջ, սակայն Արսեն Թորոսյանը «ձգում էր պաուզան»։ Թեեւ պարզ է, որ նշանակելու է «իր մարդուն»՝ ԲԿ-ի տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանին, սակայն հապաղում էր՝ փորձելով հասկանալ, թե որպես նախարար պահպանո՞ւմ է իր պաշտոնը, թե՞ ոչ։

Բանն այն է, որ համակարգի գրեթե 40 հազար աշխատակցի ղեկավար Արսեն Թորոսյանը ոչ միայն «Իմ քայլի» Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի ընտրատարածքի ռեյտինգայինների մեջ էր ստացել ամենացածր ձայները (3 հազար 576), այլեւ բոլոր նախարարների մեջ՝ առաջ անցնելով միայն բնապահպանության նախարարից։ Մինչ նշանակումն անելը լուրեր էին շրջում, որ հնարավոր է նշանակվի փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որն իր գործի գիտակ է համարվում՝ երկարատեւ աշխատանքի փորձ ունի համակարգում, լավ կազմակերպչի համբավ, սակայն նախարարի նկատմամբ որոշակի ճնշումներ են գործադրվել եւ, ի դժբախտություն ԲԿ աշխատակիցների, նշանակվել է տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանը։