Արդյոք «իմաստ» ունի՞ թիվ բառը

Արդյոք «իմաստ» ունի՞ թիվ բառը

 ​ ​Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք. «Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»: «Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»: «Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»: «Գնել են թվով 53 կոնյակ»:

Օրինակների այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ հարկ չկա, որովհետև անհրաժեշտ հարցը հավանաբար արդեն ծնվեց. իսկ այստեղ ի՞նչն է սխալ, ինչպե՞ս պետք է լինի: Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ բառակապակցություններին՝ թվով երկու, թվով երրորդ, թվով հինգ, թվով 53: Հիմա հարց տանք. իսկ ուրիշ ի՞նչ են երկու-ն, երրորդ-ը, հինգ-ն ու 53-ը, եթե ոչ թիվ: Արդյո՞ք իմաստ ունի թվականի հետ «թվով» բառաձևի գործածությունը: Չէ՞ որ նրա մեջ «թիվ» բառի իմաստն արդեն իսկ կա:

Սա այն դեպքերից է, երբ երկու բառից մեկն անհարկի է գործածվում, ուղղակի ավելորդ է: Լեզուն ավելորդություններ չի սիրում և ձգտում է սեղմության: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել և այսուհետև ասել (գրել), օրինակ, ոչ թե թվով երկրորդ, այլ երկրորդ, ոչ թե թվով երեք, այլ պարզապես երեք և այլն: ​

​ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ