Այս նախագիծն ուղղակի գլխատում է դպրոցի ղեկավար կազմը

Այս նախագիծն ուղղակի գլխատում է դպրոցի ղեկավար կազմը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգը։ Ըստ ԿԳՄՍՆ-ի, ներկայում գործող ֆինանսավորման բանաձեւը լուծում չի տալիս այնպիսի խնդիրների, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական եւ ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների եւ աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը եւ այլն։

«Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում դպրոցների ֆինանսավորման գործընթացում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը նշեց, որ նախնական հետազոտություն արվել  է, առաջիկայում էլ նախատեսում են քննարկումներ կազմակերպել մարզպետարանների հետ եւ հարցը դնել հանրային քննարկման. «Ինչո՞վ է սա տարբերվում գործող կարգից․ նախ՝ մենք անցում ենք կատարում ըստ դասարանի թվով ֆինանսավորման, որովհետեւ դպրոցի ֆինանսավորման մոտ 60-70 տոկոսն ուսուցչի աշխատավարձն է, եւ կարեւոր չէ, թե դասարանը քանի հոգով է համալրված:

Տրամաբանությունը սա է: Ֆինանսավորման կազմի մյուս մեծ մասն ուղղվում է ոչ ուսուցչական կազմի ֆինանսավորմանը։ Այս որոշմամբ ուզում ենք կարգավորել աշխատանքային քաղաքականությունը, որովհետեւ մինչեւ հիմա հաստիքները կազմել են՝ ով ոնց կարողացել է։ Հիմա մենք փորձում ենք հստակեցնել նաեւ աշխատավարձային քաղաքականությունը, որովհետեւ դեպք ունենք, որ հարեւան գյուղերում, մոտավոր նույն աշակերտների քանակի պարագայում մի տնօրենը ստանում է 2 անգամ ավելի աշխատավարձ, քան մյուսը: Դրա համար փորձել ենք կարգավորել այս հարցը եւ քաղծառայողի բաժնի պետի ծառայողի հաստիքի նվազագույնը դնել, այսինքն՝ ամենափոքր դպրոցի տնօրենը կստանա նախարարության բաժնի պետի չափ, բայց պայմանավորված աշակերտների եւ դասարանների թվի մեծացմամբ՝ պատասխանատվությունը մեծանում է, եւ գործակիցներ են կիրառվում աշխատավարձի նկատմամբ: Կփորձենք հաստիքները, որը հիմա բավականին շատ քննարկվում է համացանցում, բերել քրիստոնեական տեսքի ու սահմանել ենք աշխատանքային քաղաքականության հետ կապված դրույթ, որ եթե 2020-ի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի անձը ստացել է ավելի բարձր աշխատավարձ, քան առաջարկում ենք այս նախագծով, ինքը կստանա այդ բարձր աշխատավարձը, ումը որ ցածր կլինի, կհավասարվի բանաձեւով ստացվող թվին»:

Վ. Գասպարյանը չի կարծում, թե կգտնվի մի իդեալական բանաձեւ, որն իդեալական ձեւով կսահմանի բոլոր հնարավոր ծախսերը։ «Մենք այս բանաձեւով փորձում ենք լուծել ներկայիս կառավարման մոդելով առկա խնդիրները»,- շեշտում է նա: 

Աշակերտի թվով ֆինանսավորման նախորդ համակարգը բավականին բացասական հետեւանքներ է թողել մեր կրթական համակարգի վրա․ այս կարծիքին է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը. «Բազմաթիվ հարեւան դպրոցներ իրար հետ լարված հարաբերությունների մեջ են, քանի որ շատ դեպքերում իրարից աշակերտ էին տանում, իրար դեմ աշխատում՝ ասելով, որ այդ դպրոցը լավը չէ, բերեք մեզ մոտ: Հիմա մենք, փաստորեն, անցնում ենք ըստ դասարանային ֆինանսավորման համակարգի, որով Հայաստանն աշխատում էր 90-ականներին: Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որովհետեւ թե ինչպիսին պետք է լինի դպրոցի ֆինանսավորումը, դա մեծապես կախված է նրանից, թե որն է մեր կրթական փիլիսոփայությունը, տեսլականը, որի ամբողջական պատկերը դեռ չունենք»: 

Փորձագետի կարծիքով, եթե մենք գնում ենք դպրոցներին ավելի մեծ ինքնուրույնություն տալու ճանապարհով, ապա ենթադրվում էր, որ դպրոցների ղեկավար կազմը ոչ միայն չպետք է կրճատվի, այլեւ նույնիսկ ավելացվի. «Մենք մեկ այլ ռեֆորմով գնացել ենք ուսուցիչների վերապատրաստման նեոլիբերալ համակարգի, այսինքն՝ ազատականացնում ենք այս պրոցեսը, եւ մրցույթով է լինելու ուսուցիչների վերապատրաստումը: Այդ առումով ես ենթադրում էի, որ դպրոցների մենեջմենթը պետք է ավելի ուժեղացվի, որպեսզի կարողանա դպրոցին տրվող ինքնուրույնությունը նորմալ ձեւով կառավարել, բայց, իմ տպավորությամբ, այս նախագիծն ուղղակի գլխատում է դպրոցի ղեկավարությանը, եւ հիմնական հարվածը գնում է հենց ղեկավար որոշ հաստիքների վրա, օրինակ՝ ուսումնական գծով փոխտնօրենը դառնում է ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն, այսինքն՝ այս մարդու բեռն ավելացվում է, եւ մինչեւ 12 դասարան ունեցող դպրոցներում այս ծանրաբեռնված ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենը ստանում է ընդամենը կես դրույք»:

Խաչատրյանն ընդգծում է` Հայաստանում 1400 դպրոցներից 1000-ում ունենք 12 դասարանից պակաս դասարաններ, ըստ որի կստացվի, որ  1000 դպրոց ունենալու է կես դրույքով ուսմասվար, սա էլ իր հերթին կնշանակի դպրոցները գլխատել. «Մենք 465 դպրոց ունենք՝ մոտ 100 աշակերտով, եւ 516 դպրոց էլ ունենք՝ մինչեւ 300 աշակերտ։ Այսինքն՝ հստակ է, որ այս 960 դպրոցներում, հաստատ, 12 դասարան չկա: Այստեղ շատ մեծ կորուստ ենք ունենում մյուս 2 հաստիքների մասով, որոնք ընդհանրապես չկան, դաստիարակության գծով փոխտնօրեն միայն մասնագիտացված դպրոցների դեպքում է լինում, իսկ ո՞վ պետք է ընտանիքների հետ աշխատանքներ տանի այդ խիզախ, արմատական ռեֆորմների մասով՝ բացատրելով, օրինակ, թե ինչու թվանշան չկա: Նույն խնդիրը կա կազմակերպչի հաստիքի դեպքում, որն էլի կարեւոր դեր է կատարում միջոցառումների հետ կապված, կամ՝ ո՞վ է զբաղվելու աշակերտական խորհուրդների կոորդինացման հարցերով: Գրադարանավարի հաստիքը, որ ստացվում է մինչեւ 12 դասարան չունեցող դպրոցներում, գրադարանավար չի լինելու: Նաեւ գործավարի հաստիքը, որը շատ գործառույթներ իր վրա է վերցնում, քանի որ ուսուցիչներից շատերը չունեն համակարգչային հմտություններ»: 
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքով, ֆինանսական լուծումն ածանցյալ է, ամեն ինչ կախված է հիմնական քաղաքականությունից. «Նախ սկզբունքային փոփոխություններ են անհրաժեշտ կրթության եւ դպրոցների կառավարման համակարգերում, ինչից հետո հնարավոր կլինի որոշել, թե ինչպես ենք ֆինանսավորում, ինչ մեխանիզմներով»: 

Նա կարծում է, որ իրավիճակի լավ ուսումնասիրություն չի արվել. «Մի շարք մարզային դպրոցների դեպքում լրջագույն խնդիրներ ունենք, որոնց լուծումն այս կամ այն բանաձեւի դեպքում ես չեմ տեսնում: Օրինակ՝ Շիրակի մարզի Շաղիկի հիմնական դպրոցում ընդամենը 2 ուսուցիչ կա, նախարարությունը կամ Շիրակի մարզպետարանն ինչպե՞ս է պատրաստվում այդ չափորոշիչները ներդնել այդ դպրոցում։ Այսինքն՝ մենք մի շարք դպրոցներում ունենք անգամ ուսուցիչների խնդիր, ո՞նց ենք դա լուծելու, իսկ կրթության որակը զգալի չափով կախված է դրանից: Նախ պետք է արվի կարիքների գնահատում, մենք պետք է հասկանանք, թե ինչ կարիքներ ունենք, նոր այդտեղից հասկանանք, թե ինչ ֆինանսավորում է հարկավոր այդ կարիքները բավարարելու համար»: 
Քյուրումյանը չի պատկերացնում, թե ինչպես է այս բանաձեւն օգնելու մի կարեւորագույն խնդրի լուծմանը, այն է` բարելավել կրթության որակը. «Որտե՞ղ են այն խթանները, որի հիման վրա կորոշվի, որ այս դպրոցը լավ է աշխատում եւ լրացուցիչ ֆինանսավորում կստանա»: 

ՄԿՈՒ ոլորտի փորձագետ Հերմինե Ուլիխանյանին եւս հետաքրքրում է, թե արդյոք նախապես կարիքների գնահատում եւ մոնիթորինգ արվե՞լ են դպրոցներում։ «Ինչի արդյունքում որոշվել է մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի, ԴԱԿ-ի, սոցմանկավարժի, հոգեբանի եւ մյուս հաստիքների ոչ նպատակահարմարությունը, ինչը, պարոն Գասպարյանի խոսքերի համաձայն, ոչ անհրաժեշտ հաստիքներ են»,- ասում է նա ու ընդգծում, որ եթե որոշակի ուսումնասիրություններ արված լինեին, կտեսնեին տվյալ աշխատակիցների կողմից արված ահռելի աշխատանքը, որոնք մի քանի գործառույթներ են անում, իսկ երբեմն էլ 50-60 գործառույթ միավորվում է մեկ հաստիքի մեջ: 

«Վարչական անձնակազմը դա դպրոցի հրամանատարական կազմն է, եւ կազմակերպչական առումով նրանց ջանքերը նույնն են` անկախ դպրոցի աշակերտների թվից»,- ընդգծում է Հերմինե Ուլիխանյանը: