Տիպիկ ամերիկյան պահվածք կամ՝ հեռակա զրույց Ջո Բայդենի հետ

Տիպիկ ամերիկյան պահվածք կամ՝ հեռակա զրույց Ջո Բայդենի հետ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը թվիթերյան իր գրառումով հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: Նա նաեւ նշել է, որ պետք է ռուսներին ասել՝ չխառնվեն բելառուսական գործերին: Մենք շատ էլ չփորփրեցինք, թե Բայդենը երբ է կատարել այս գրառումը, բայց հասկանալի է, որ դա եղել է բողոքի ակցիաների ամենաթունդ պահին, երբ Լուկաշենկոյից պահանջում էին վերընտրություն կազմակերպել: Այսօր, երբ Բելառուսում արդեն կառավարություն է ձեւավորվում, երբ Եվրամիությունը քննարկում է Լուկաշենկոյի հետ իր հետագա համագործակցության տարբերակները, որ առաջիկա ձմռանը չմրսի, դեմոկրատ Բայդենի հայտարարությունը բավականին ուշացած է թվում: Այդուհանդերձ, նրա գրառման մեջ կա մի բան, որ կարող է գրավել ողջ աշխարհի ուշադրությունը: Բայդենն ըստ էության ասել է՝ մենք խառնվենք Բելառուսի ներքին գործերին եւ ռուսներին թույլ չտանք մեզնից շուտ խառնվել: Սա տիպիկ ամերիկյան պահվածք է՝ իրենց կարելի է ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ:

Մենք, իհարկե, հակառակը չենք պնդում, որ ռուսներին կարելի է խառնվել մյուսների գործերին, իսկ ԱՄՆ-ին՝ ոչ: Պարզապես հետաքրքիր է, թե ինչու պետք է ԱՄՆ-ն օվկիանոսի մյուս կողմից խառնվի Բելառուսի կյանքին, իսկ Ռուսաստանը, որ Բելառուսի հետ սահմանակից է, որ Բելառուսի հետ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ անդամ է, չպետք է մտահոգվի այնտեղ ստեղծված իրավիճակով: Ուրեմն՝ ԱՄՆ-ին, այդ երկրի ձեւավորած կոալիցիային, ՆԱՏՕ-ում նրա դաշնակից Թուրքիային կարելի է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով մտնել ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան Սիրիայի տարածք, իսկ Ռուսաստանն իրավունք չունի Սիրիա զորք եւ սպառազինություն ուղարկել՝ ահաբեկչությունն այնտեղ ճնշելու համար: Եվ դա այն դեպքում, Երբ Սիրիայի լեգիտիմ իշխանություններն օգնության խնդրանքով դիմել էին բացառապես Ռուսաստանին: ԱՄՆ-ի կողմից տարատեսակ ներխուժումների եւ միջամտությունների օրինակները շատ են: Հիշենք Հարավսլավիան, Ուկրաինան, Հյուսիսային Կորեան… Իսկ այն մասին, թե ուժերի ինչպիսի գերլարումով Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային թույլ չտվեց մտնել Լիբիա (սպառնալիքը մինչ այս պահն էլ կա), գրեցին ոչ միայն ռուսական, այլեւ համաշխարհային թերթերը: Հիմա հերթը հասել է Բելառուսին՝ փակում են Ռուսաստանի վերջին ցամաքային ճանապարհը դեպի Եվրոպա, եւ Մոսկվան, այդպես է մտածում Բայդենը, իրավունք չունի միջամտելու «Բելառուսի գործերին»: Այ քեզ արդարություն, այ քեզ տիպիկ ամերիկյան պահվածք:

Լսե՞լ է, արդյոք, պարոն Բայդենը Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին: Կարծում եմ՝ այո: Նա, վստահ եմ, ոչ միայն լսել է, այլեւ տեղյակ է բոլոր մանրամասներին, ընդհուպ այն իրողությանը, որ ԱՄՆ նախագահի Մեծ կնիքով կնքված հայ-թուրքական խաղաղության սահմանի քարտեզ-փաստաթուղթը վերջին 100 տարում դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Ո՛վ արդարամիտ Ջո Բայդեն, կարո՞ղ եք մեկնաբանել, թե ինչու Թուրքիան չկատարեց Սեւրի դաշնագրի՝ հայկական հարցի հետ կապված որեւէ կետ, իսկ այնուհետեւ էլ արհամարհեց ԱՄՆ նախագահի իրավարար վճիռը, ըստ որի՝ պետք է ապառազմականացներ հայ-թուրքական սահմանն իր ողջ երկայնքով:

Դուք, պարոն Բայդեն, որ անհանգստացել եք բելառուս ընդդիմադիր գործչի հարցով, ինչո՞ւ չեք գրում, որ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի խայտառակ անարդարության զոհ դարձած հայ ժողովրդի շահերը, ինչո՞ւ չեք պահանջում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան առանց նախապայմանների բացի Հայաստանի հետ սահմանը, որ ՆԱՏՕ-ի զենքերով չսպառնա Հայաստանին եւ չփորձի ուժի ցուցադրումով քաղաքականություն թելադրել իր հարեւան երկրին: Դուք նման բան չեք անի, պարոն Բայդեն:

Բայց եթե հանկարծ բանը հասնի ռուսական 102-րդ զորակայանը գործի դնելուն, վստահ եմ, հայտարարելու եք, որ պետք է պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, իսկ Ռուսաստանին թույլ չտալ «միջամտել» Հայաստանի գործերին:

Կուզենայի խոսել տիպիկ ամերիկյան պահվածքի եւս մի առանձնահատկության մասին: Բայդենն ու նրա նախագահ դառնալուն անհամբեր սպասող ԱՄՆ-ն չգիտեն ներողություն խնդրել այն երկրներից եւ ժողովուրդներից, որոնք վերջնահաշվում տուժում են այդ գերտերության գործողություններից: Ներողություն խնդրելու մշակույթ համաշխարհային տիրակալության ձգտող ԱՄՆ-ում կարծես չկա: Դիցուք՝ ո՞վ պետք է ներողություն խնդրի բելառուս ժողովրդից, որին խաբելով, թե ընդդիմությունն է հաղթել նախագահական ընտրություններում, Բայդենն ու նրա էմիսարները հանեցին փողոց՝ սեփական քաղաքական հաշվարկներն առաջ տանելու համար: Եղան նաեւ զոհեր:

Ո՞վ է, օրինակ, պատասխան տալու 2008-ին Հայաստանում գեներացված հետընտրական զարգացումների համար, որ նույնպես հանգեցրին զոհերի, եւ կամ ո՞վ է պատասխան տալու Հայաստանում այս խայտառակ մանկապարտեզն իշխանության բերելու համար, որ ընդամենը երկու տարում պառակտեց ազգային պետությունն ու վերածվեց լրջագույն սպառնալիքի սեփական երկրի համար: Ես, իհարկե, ունեմ այս հարցի պատասխանը, պարոն Բայդեն, բայց կուզենայի Ձեզնից լսել: Մանավանդ կուզենայի, որ ասեիք, թե ինչպես եք վարվում այն ժողովուրդների եւ ազգերի հետ, որոնք ոտքի վրա կամ կարճ ժամանակ անց մերժում են տիպիկ ամերիկյան կեցվածքներն ու հեռահար ծրագրերը: