Մահ Վեդիի ջրամբարի շինհրապարակում 

Մահ Վեդիի ջրամբարի շինհրապարակում 

Օրերս Վեդիի ջրամբարի շինարարության ժամանակ մահվան դեպք է գրանցվել՝ վթարի արդյունքում։ Կա զոհ՝ 60 տարեկան տղամարդ, բեռնատարի վարորդը՝ Վ․ Դ․-ն։ Նա «Եղվարդշին» ընկերության աշխատակից էր։ Սակայն դեպքը թաքցրել են՝ որեւէ հրապարակում այս մասին չի եղել։ Մեր ընթերցողներից մեկի ահազանգով հետաքրքրվեցինք կատարվածով։ Ոստիկանությունից հաստատեցին մեր լուրը։ 

«Նման դեպք արձանագրված է օգոստոսի 10-ին,- «Հրապարակին» հայտնեց ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը,- Վեդիի ջրամբարում աշխատանքներ կատարելու ժամանակ մեքենան շրջվել է, 1960 թ․ ծնված տղամարդ է մահացել: Հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում»։  
Վեդիի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռ 2017 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք, իսկ հեղափոխությունից հետո՝ արդեն 2019 թվականին, մեծացել են շինարարության ծավալները, ներգրավվել են նոր տեխնիկա եւ աշխատուժ՝ ընդունված ժամանակացույցից շեղումներ չտալու նպատակով։ Շինարարությունն իրականացնում է «Սահակյանշին» ընկերությունը, որը նախկին իշխանությունների ժամանակ էլ մեծ ծավալի աշխատանքներ էր կատարում։ 

Մենք դիմեցինք ընկերության փոխտնօրեն Կարեն Սահակյանին, խնդրելով ներկայացնել վթարի մանրամասները։ Նա «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ «Սահակյանշին» ՓԲԸ-ն համագործակցում է այլ ընկերությունների հետ, որոնցից մեկը «Եղվարդշինն» է։ Մահացած բանվորին փոխտնօրենը չի ճանաչել։ «Նախնական տեղեկություններով, նրա սիրտը վիրահատված էր։ Այնպիսի տպավորություն ունենք, որ նա մահացել է, նոր է վթարը տեղի ունեցել։ Մեքենան այնպիսի տեղից է շուռ եկել, որ այդտեղ հնարավոր չէր շուռ գալ։ Հարթ տարածություն է, մեքենան բեռնված չի եղել։ Մենք 99 տոկոսով վստահ ենք, որ նա մահացել է, նոր է վթարը տեղի ունեցել»։ 
«Եղվարդշին» ԲԲԸ-ից հաստատեցին, որ բանվորն իրենց աշխատողն էր, սակայն մեկնաբանություններ տալուց հրաժարվեցին։

Մեր խնդրանքը՝ մեզ կապել զոհվածի ընտանիքի հետ, մերժվեց։ Հավանաբար, ընկերությունն անհանգստանալու առիթ ունի։ Մարդն ապրել է, բանվոր է աշխատել, օգտակար է եղել, գործ է արել, եկամուտ բերել։ Ու հիմա, երբ արդեն չկա, երբ մահացել է՝ իրենց ծառայելու պահին, անգամ նրա անունը հիշատակել չեն ցանկանում։ 

Ընկերությանը մոտ աղբյուրը մեզ հայտնեց, որ մահացածը բնակվում էր Ոսկետափ գյուղում։ «40 տարի ղեկին է եղել, տարբեր շինհրապարակներում էր աշխատել, ավելի ծանր մեքենաներ է վարել։ Այս մեկը, կարելի է ասել, դատարկ է եղել շուռ գալու պահին, ընդամենը 5 տոննա բեռ է եղել մեջը։ Դա նրա համար խաղալիք էր»,- մեզ պատմեց մահացածի որդին՝ Էդիկ Դ․-ն։

Վերջինը հենց ինքն է խոսել հոր հետ։ «Դեպքից կես ժամ առաջ եմ զանգել, ասել եմ, որ գալուց ձմերուկ բերի, կարճ, փաստորեն, կես ժամ անց շուռ է եկել»,- ասում է Էդիկ Դ․-ն։ 
Նրանից դեպքի որոշ մանրամասներ պարզեցինք։ 

Փորձառու վարորդը, իրոք, խնդիրներ է ունեցել սրտի հետ։ Նա մահից ամիսներ առաջ ստենտավորվել է եւ իրեն լավ է զգացել։ Ըստ դատաբժշկի, որն իրականացրել է հերձումը, «Եղվարդշինի» նախկին աշխատակիցը մահացել է մարմնական վնասվածքներից, ոչ թե սրտի խնդիրներից։ «Դատաբժիշկն ասաց, որ նա ինֆարկտ չի տարել այդ պահին, նա կոտրվածքներից է մահացել։ Բայց չբացառեց, որ հայրս կարող էր իրեն վատ զգալ։ 40 տարվա վարորդ էր եղել, ինքը չէր կարող շուռ տար, հնարավոր է, որ ինքն իրեն վատ է զգացել, ու մեքենան շուռ է եկել։ Այնպես չէր, որ իրեն ստիպել են գնալ գործի, երբ ուզում էր, գնում էր, բայց ինքն աշխատող մարդ էր, նեղվում էր, երբ անձրեւ էր գալիս, ցեխ էր, ու գործի գնալ չէր կարողանում»,- պատմում է մահացածի որդին։ Նա ասում է, որ հետամուտ է լինելու հոր մահվան հանգամանքների պարզաբանմանը։ 

«Ես ասել եմ բոլորին՝ եթե պատճառ գտնեմ մի մազաչափ, որ իմ հայրը մահացել է հիմնարկի պատճառով, մինչեւ Եվրադատարան հասնելու եմ»։ Մեր տեղեկություններով, այս պահին քրեական գործ հարուցված չէ։ 

Վեդիի ջրամբարի շինարարության ընթացքում սա միակ զոհը չէ։ Հարակից համայնքների բնակիչները պատմում են, որ մոտ մեկ տարի առաջ եւս երկու բանվոր է մահացել։ Մեկը՝ Վեդի գյուղից, մյուսը՝ Դաշտաքարից։