Այդ հայտարարությունը միգուցե մեզ չէր ուղղված, այլ միայն՝ Վանեցյանին

Այդ հայտարարությունը միգուցե մեզ չէր ուղղված, այլ միայն՝ Վանեցյանին

Հարցազրույց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանի հետ

- Պարոն Բալայան, ինչպե՞ս եք ընդունել Արայիկ Հարությունյանի՝ խոսնակի միջոցով արված այն հայտարարությունը, որ նախագահ Հարությունյանի համար «ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Դաշնակցությունը հայտնի է իր հակաիշխանական դիրքորոշումներով, սա նաեւ ձեզ ուղղվա՞ծ հայտարարություն է։

- Դաշնակցությունը, իհարկե, չի կիսում ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը, բայց ամբողջ  խնդիրն այն է, որ տարբեր կուսակցություններ տարբեր մոտեցումներ ունեն։ Արայիկ Հարությունյանը նպատակահարմար չի գտել հանդիպել այդ ուժի հետ (նկատի ունի Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը), ինքը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ինչ-որ մի տեղ համընկնում է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։

- Նորմա՞լ եք համարում, որ անկախ պետության ղեկավարը կարող է այսպիսի հայտարարություն անել։

- Գիտեք, քաղաքական գործընթացներ են, եւ ճիշտ չէ, որ ես ասեմ՝ նորմալ է, թե ոչ, չեմ կարող ասել՝ սխա՞լ է արել, թե՞ ճիշտ։ Ամեն ուժ ինքն է որոշում։

- Նա շարքային քաղաքական ուժ չէ, այլ իշխող կուսակցության ղեկավար, պետության ղեկավար։

- Դե․․․ պետության ղեկավարն ինքն է եւ գտնում է, որ կուրսն այդպես պետք է լինի, ես ի՞նչ կարող եմ ասել։

- Դուք այդ պետության ընդդիմադիր ուժերից մեկն եք, կարող եք գնահատել, ասենք՝ արդյոք սա ժողովրդավարությա՞ն դրսեւորում է, թե՞ ճիշտ հակառակը։

- Դե, հրապարակային հայտնել են իրենց դիրքորոշումը, սրանից հետո ի՞նչ պիտի ասենք, եթե հրապարակային են հայտնում, որ չեն ընդունում այս ուժին կամ այն ուժին, դա նորմալ է։ Այս ամենի գնահատողը հասարակությունն է, երբ գա ընտրությունը, ինքն իր դիրքորոշումը կհայտնի։

- Օրինակ, այսուհետ դիսկոմֆորտ չե՞ք զգա Հարությունյանի հետ հանդիպելիս, այն առումով, որ իր սահմանած նշաձողով դուք առնվազն պետք է ընդունեք ՀՀ իշխանությունների կուրսը, Փաշինյանին չքննադատեք։

- Ախր, ամբողջ խնդիրը նրանում է, որ կուսակցությունները հարեւաններ չեն, որ խռովեն, նեղանան իրարից, խնդիրը նրանում է, որ կան քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն իր դիրքորոշումներն է ցուցադրում ․․․Ինչո՞ւ չընդունենք հանդիպման հրավերը, մեկ էլ եմ կրկնում՝ մենք չենք կարող խռովել՝ ինչպես հարեւաններ, պիտի հանդիպենք, քննարկենք, դա միամտություն կլինի, որ քաղաքական ուժն այլ կարծիք ունեցող ուժի հետ չպիտի հանդիպի։ Ենթադրենք՝ վաղն Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսում, արդյոք մենք չպե՞տք է նստենք իրար հետ քննարկենք, տեսնենք՝ էս երկրի ճակատագիրը ոնց ենք որոշում։

- Այդ հարցը ճիշտ կլիներ Արայիկ Հարությունյանին ուղղեիք, ինքն է խտրականություն դնում՝ ում հետ հանդիպել, ում՝ ոչ։

- Նորմալ չի լինի, չէ՞, ասել՝ գիտեք, ես ընդդիմություն եմ, քեզ հետ չեմ քննարկում՝ ժողովրդի հոգսը ոնց քաշել։ Քաղաքական ուժերը, անկախ դիրքորոշումներից, պետք է պետության ամրապնդման համար մի կողմ դնեն տարաձայնությունները։ Այլ քաղաքական ուժեր միգուցե այլ պատկերացումներով առաջնորդվեն, մենք, սակայն, պետության հետ կապված հարցերին պարտավոր ենք այլ կերպ նայել, մենք կարող ենք քննարկել, քննադատել, հանրությանը ներկայացնել մեր կարծիքն այս կամ այն երեւույթի վերաբերյալ, բայց չենք կարող չհանդիպել որեւէ ուժի հետ, որովհետեւ, մեկ էլ եմ ասում՝ թշնամիներ չենք։

- Այսինքն, եթե լինի հանդիպման առաջարկ, դուք չե՞ք բարդույթավորվելու, որ կարող եք ընկալվել ոչ իրական ընդդիմություն, որը տարաձայնություններ չունի ՀՀ  իշխանությունների վարած կուրսի հետ։ 

- Գիտեք, այդ հայտարարությանը գուցե մեզ չէր ուղղված, ավելի ճիշտ՝ մեր անունը չի հնչել, միգուցե դա կապ ուներ միայն Վանեցյանի՞ հետ, ես չեմ կարող ասել։ Հիմա եթե Արցախի Հանրապետության նախագահն ասում է՝ եկեք այս հարցը քննարկենք, ինչո՞ւ չպիտի քննարկենք։ Այո, մենք բացահայտ ասել ենք իրեն, որ այս, այս հարցերում համաձայն չենք, բայց նորից եմ ասում՝ մենք թշնամիներ չենք։

- Լավ, այլ կերպ տամ հարցը՝ եթե Արայիկ Հարությունյանը Դաշնակցության հետ հանդիպելու ցանկություն ցուցաբերի, հասարակության մոտ չի՞ ձեւավորվի կարծիք, որ ձեզ իրական ընդդիմություն չեն համարում, ձեզնից վտանգ չեն տեսնում, դրա համար են հանդիպում, իսկ, այ, ումից վտանգ են տեսնում, նրանց չեն հանդիպում։

- Ի՞նչ է նշանակում վտանգ կամ․․․ Ամեն քաղաքական ուժ իր գիծն ունի, եթե հանրությունն ընդունում է մեր քաղաքական գիծը, նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, եթե հասարակությունը մեզ չընդուներ, մենք ԱԺ-ում այսօր չէինք լինի։

- Հիմա, որ հստակ դիրքորոշում չեք հայտնում այս աղմկոտ հայտարարության վերաբերյալ, չե՞ք վախենում, որ հասարակությունը հաջորդ ընտրություններին ձեզ այդ մի քանի մանդատն էլ չի տա։

- Ես անձնապես համաձայն չեմ Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ։