Ինչպե՞ս կարող է գողացված մեքենայի վաճառքն օրինական լինել

Ինչպե՞ս կարող է գողացված մեքենայի վաճառքն օրինական լինել

Վերջապես պարզվեց բնապահպանական տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության բուն պատճառը։ Արթուր Գրիգորյանն օրերս սոցցանցի իր էջին գրել է, որ  փորձել է տեսչական ստուգումներ իրականացնել Սեւան ազգային պարկում, որոնք երբեք չեն իրականացվել։ Սակայն այն օրը, երբ ծրագրված են եղել ստուգումները, շուտափույթ կերպով ազատվել է աշխատանքից։

Իրավաբան, նախկին ակտիվիստ Արթուր Գրիգորյանը հանրությանը հայտնի է Մաշտոցի պուրակի համար պայքարի «բոցաշունչ» օրերից, նոր իշխանությունը, գնահատելով նրա անաչառությունն ու բարձր համբավը բնապահպանական շրջանակներում, նշանակել էր ոլորտը վերահսկող մարմնի ղեկավար, սակայն կարճ ժամանակ անց՝ 2019 թ․ հունվարի 25-ին, անսպասելի տեղեկացանք, որ նրան ազատել են աշխատանքից։ Ո՛չ նա, ո՛չ էլ նրա ազատման հրամանը ստորագրած վարչապետ Փաշինյանը հրապարակային բացատրություններ չտվեցին։ Հանրությունը որոշեց, որ Արթուր Գրիգորյանը հեռացավ Ամուլսարի հարցում վարչապետի կարծիքից տարբերվող տեսակետ ունենալու համար։ 2 օր առաջ Գրիգորյանը սոցցանցում անկեղծացավ՝ նրա գրառումից պարզ դարձավ, որ պաշտոնին հրաժեշտ է տվել ոչ թե Ամուլսարի, այլ Սեւանա լճի խնդրի պատճառով։ Սեւանի ճահճացման համար նա մեղադրում է լճի էկոհամակարգի պատասխանատուներին, որոնք նախկինում եւ հիմա «բացարձակապես նույն մարդիկ են, այժմ էլ գտնվում են իրենց նույն դիրքում՝ բացարձակապես նույն գործելաոճով»:

Տեսչական ստուգումները, ըստ Արթուր Գրիգորյանի, պետք է անցկացվեին Սեւանի տարածաշրջանի բնակիչների բողոքների հիման վրա։ Ստուգումները վերաբերելու էին ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման գործընթացին, արհեստական կերերի ազդեցությանը Սեւանի էկոհամակարգի վրա, ձկան կեղտից հատակին նստող ազոտի ազդեցությանը, ուսումնասիրվելու էր հարակից «օբյեկտներից» կեղտաջրերի հոսքի խնդիրը դեպի Սեւան, ափամերձ տարածքների համատարած վարձակալության եւ կառուցապատման օրինականության հարցն էր դրվելու, Վովա Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Արամ (Բուլկի) Հարությունյանի, այլոց տարածքների եւ շինությունների օրինականությունը, տարածքների մաքրման եւ այլ հարցեր։ Հունվարի սկզբին Արթուր Գրիգորյանը Սեւանի ավազանում անարդյունավետ հսկողության հարցը քննարկելու առաջարկով դիմել էր վարչապետին, ներկայացրել էր, որ կա սիգի ստվերային բիզնես՝ տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ: Դյուրագրգիռ վարչապետը բարկացած հանձնարարական էր տվել ոստիկանությանը, Գեղարքունիքի մարզպետարանին ու բնապահպանական տեսչությանը՝ խնդրին լուծում տալ:
 

Արթուր Գրիգորյանը ոստիկանապետի սեղանին էր դրել խանութից գնված սիգի պահածոներ, որոնց պիտակներից երեւացել է, որ դրանք նաեւ արտահանվում են: «Առանց հումքի օրինական ձեռքբերման հիմքի, սիգի պահածոն չէր կարող անցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության եւ սննդի անվտանգության այլ անհրաժեշտ գործընթացներ»,- գրում է Գրիգորյանը։
 Ոստիկանապետ Օսիպյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից մեկ շաբաթ անց վարչապետը ստորագրել է Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման դիմումը։ Այդ ժամանակ Փաշինյանը Դավոսում էր։ Փաստորեն, չի էլ սպասել, որ վերադառնա, ուսումնասիրի հարցն ու նոր որոշում կայացնի։ Արթուր Գրիգորյանի խոստովանությունը մեծ արձագանք ստացավ մամուլում։  

Շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանը ԶԼՄ-ների միջոցով ձեւական պատասխան տվեց տեսչական մարմնի նախկին պետին։ Ըստ նրա՝ Սեւանի խնդրով բազմաթիվ ստուգումներ են իրականացվել, աշխատանքներ են տարվել։ «2018 թվականի հունվարից սկսած՝ ստուգումներ են եղել Սեւան ազգային պարկում: Ամբողջ փաթեթը ներկայացվել է նաեւ նախկին պետ Արթուր Գրիգորյանին: Պարզվեց, որ վերջին տարիներին Սեւան ազգային պարկում մոտ 50 քրեական տարբեր գործեր են հարուցվել՝ տարբեր գործողությունների հետ կապված: Հենց հիմա կան քննչական գործառույթներ՝ մաքրման աշխատանքների հետ կապված, ջրօգտագործողների միությունների կողմից ավել ջրապահանջարկի, կեղծ փաստաթղթերի մասով, կրկին կա քրեական գործ հարուցված՝ 208 մլրդ դրամի չափով: Իրավապահ մարմիններն ամբողջովին ներգրավված են»,- ասել է նախարարը։ Նաեւ հակադարձել է Արթուրին՝ սիգի պահածոների վաճառքի մասով․ սիգի որսը թեեւ արգելված է, բայց վաճառքը՝ ոչ:
Այժմ Արթուր Գրիգորյանը նոր գրառում է անելու, նորից հակադարձելու է ազգանվանակից նախարարին։

- Պարոն Գրիգորյան, նախարարը ստո՞ւմ է՝ ասելով, որ ստուգումներ եղել են ու մի քանի անգամ։

- Ոչ մի ստուգում էլ իրականում տեղի չի ունեցել, եղել են ստուգումներ քննիչների որոշմամբ։ Երկու անգամ քննիչի որոշմամբ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ստուգում են արել, որը համալիր չի եւ չի վերաբերում այն հարցերին, որոնք ես եմ բարձրացրել։

- Այսինքն՝ եղել են ընդամենը ուսումնասիրություններ ինչ-որ քրեական գործերի շրջանակո՞ւմ։

- Այո։ Դա նույնն է, որ փորձագետ ներգրավես՝ ինչ-որ հարցի պատասխանելու համար, ուղղակի անունը դրվել է ստուգում։ Բայց դա տեսչական ստուգում չէ՝ որպես այդպիսին։ Ես խոսում էի համալիր ստուգման մասին, որը չի անցկացվել։

- Իսկ որ ասում է՝ քրեական գործեր են եղել… Ձեզ որեւէ արդյունավետ քրեական գործ՝ Սեւանի հետ կապված հայտնի՞ է։

- Չեմ բացառում, որ գործեր կան, բայց դրանք աղերս չունեն տեսչական համալիր ստուգումների հարցի հետ։ Եթե կան ինչ-որ փաստերի վերաբերյալ քրեական գործեր, դա ի՞նչ կապ ունի իմ պահանջած գործընթացի հետ։

- Նախարարը նաեւ ասաց, որ սիգի վաճառքն արգելել չեն կարող, որ արգելված է որսը, այսինքն՝ փորձում է պարադոքսալ իրավիճակ ներկայացնել, երբ մենք չենք կարող պայքարել սիգի պահածոների վաճառքի դեմ, որովհետեւ այն օրինական է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ո՞նց կարող է վաճառքն օրինական լինել։ Եթե մեքենան գողացել են, ինչպե՞ս կարող է այդ գողացված մեքենայի վաճառքն օրինական լինել։