Ոչ ոք չի կասկածում Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքին, բայց միայն դրան չենք կարող ապավինել. Լևոն Բարսեղյան 

Ոչ ոք չի կասկածում Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքին, բայց միայն դրան չենք կարող ապավինել. Լևոն Բարսեղյան 

«Ոչ ոք չի կասկածում Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքին, թե երկրում կոռուպցիա չի լինելու, բայց միայն քաղաքական կամքին չենք կարող ապավինել, կարիք ունենք ինստիտուտցիոնալ բարեփոխումների»,- այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում տեղի ունեցած 2018թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ընթացքում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ»-ի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Ըստ նրա՝ ճիշտ ժամանակն է դեռ անցած տարի բարեփոխումների ենթարկված  ու չընդունված օրենսգիրքը  կատարելագործելու եւ ընդունելու: «Սա ամբողջ ծառի ճյուղերից ընդամենը մեկն է: Հեռուստատեսությունների անկախության, սեփականատերերի թափանցիկության երաշխիքներ են պետք: Դատական իշխանություն չկա մեր երկրում: Երբեք էլ չենք ունեցել: Մենք ունեցել ենք դատական համակարգ, բայց դա նույնն է, ասենք՝ ոչ թե ավտոմեքենա ենք ունեցել, այլ՝ ավտոմեքենայի նկար, ոչ թե Մասիս սար ենք ունեցել, այլ՝ Մասիս սարին սահմանի այս կողմից ենք նայել: Այդ ամբողջը պետք է բարեփոխվի, որպեսզի կարողանանք իսկապես համակարգային առաջընթաց ունենանք: Հեղափոխական էտապում անձերով է շատ բան որոշվում, բայց հետագայում ուրիշ է: Իսկական, ծանր, բուն հեղափոխությունը հիմա պիտի սկսվի կամ չսկսվի»,- ընդգծեց նա: