«Հրապարակ». Ինքնաշեն տեղադրված խաչքարերը գեղագիտական եւ անվտանգային խնդիրներ են ստեղծում

«Հրապարակ». Ինքնաշեն տեղադրված խաչքարերը գեղագիտական եւ անվտանգային խնդիրներ են ստեղծում

Նախօրեին գրել էինք, որ  իշխանությունը որոշել է քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Որոշման մասին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արդեն տեղեկացրել է մարզպետարաններին, վերջիններս էլ՝ համայնքապետարաններին: «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»,- նշված է նախարարի գրության մեջ, սակայն այս որոշման հիմնավորումների մասին բառ անգամ չկա։  

Տեղական իշխանության մարմինները մասնավոր զրույցներում կարծիք էին հայտնում, որ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։

Երեկ համայնքապետարաններից խուսափում էին այս հրահանգի մասին կարծիք հայտնել։ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը համառորեն չպատասխանեց մեր զանգերին, խոսեցինք նրա տեղակալ Գոռ Թադեւոսյանի հետ, ով լսելով հարցերը՝ որոշեց, որ զբաղված է։ Իսկ մեր պնդումներից հետո, թե կկարողանա՞ն աջակցել խաչքարերը քանդելու գործընթացին, եւ ինչպե՞ս է հիմնավորվում այդ որոշումը, ընդամենը ասաց, որ «դեռ պետք է հասկանալ», ապա թախանձագին խնդրեց, որ մեր հարցերն ուղղենք համայնքապետարանի լրատվականին, ինքը չի կարող պատասխանել։

Մեղրի վարչական շրջանի ղեկավար՝ Արամ Սարգսյանի կուսակից Բագրատ Զաքարյանն էլ ասաց, թե տասն օր հիվանդ է եղել եւ նոր է վերադարձել աշխատանքի, գուցե կա նման որոշում, բայց ինքը ծանոթ չէ դրան։ Ուշագրավ է, որ ծանոթ չլինելը չխանգարեց, որ համայնքի ղեկավարը լծվի որոշումն արդարացնելու գործին։ «Տեսեք, եթե, օրինակ, Մեղրի համայնքում կան խաչքարեր եւ աղբյուրներ, որոնք տարիների ընթացքում կառուցվել են տեղի բնակիչների կողմից, ու այդ տարածքով, ըստ ճանապարհային դեպարտամենտի քարտեզի, անցնում են Հյուսիս-հարավ ծրագրի ճանապարհները, եթե դրանք մտնում են այդ ճանապարհների մեջ, ապա պիտի ապամոնտաժվեն, մի քիչ ավելի կոկիկ, ավելի հարմարավետ տեղերում վերակառուցեն։ Եթե դրան է վերաբերում, դա ծրագիր է, որ պետք է իրականացվի պետության կողմից»,- ասաց Զաքարյանը։ Նկատեցինք, որ խաչերի, խաչքարերի ու հուշարձանների վերակառուցման, այլ վայր տեղափոխելու մասին չէ խոսքը, հիշեցրինք նաեւ, որ Հյուսիս-հարավ ծրագիրն իրականացվում է նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիներից, բայց կարծես թե նման որոշում չի կայացվել, եւ խաչերը չեն կարող ճանապարհի կառուցմանը խանգարել։ «Ես չգիտեմ, ուրեմն պետք է ուսումնասիրել, ծանոթանալ որոշմանը»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ անդրադառնալով այն տեսակետին, որ դա արվում է թուրք-ադրբեջանցիների հետ բարեկամության շրջանակներում, համայնքապետն ասաց․ «Չգիտեմ՝ ով ում հետ է ուզում բարեկամություն անել, բայց խաչքարերը մեր ազգային սրբություններից են, նորմալ երեւույթ եմ համարում խաչքարերը ճանապարհների եզրերին տեղադրելը»։

Մենք պարզեցինք նաեւ, որ կառավարության այս տարվա մարտի 2-ի նիստում, ըստ էության, այս որոշումն «անոնսվել» է՝ հավանություն է տրվել կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշմանը, որը  վերաբերում է փոքր ճարտարապետական ձեւերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին:

Նախագիծը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասնել է, որ «ՀՀ տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող 596-Ն որոշման մեջ հստակեցված չեն այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները»։ Դրա հետեւանքով հանրապետության ողջ տարածքով, առանց որեւէ ընթացակարգերի եւ լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի եւ ճարտարապետական փոքր այլ ձեւերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում, ըստ Ղուլարյանի, խախտվում են ինչպես հատուկ պահպանվող եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կատարելով՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման իրականացման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ (2-րդ կատեգորիա), որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը: «Ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանվող պահանջները եւ ընթացակարգերը: Կգործեն նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ օբյեկտների տարածքներում, այդ թվում՝ միջպետական, հանրապետական ճանապարհների համար՝ համապատասխանաբար 70 եւ 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար՝ 30 մետր գոտիներում, հատուկ նշանակության եւ հատուկ պահպանման հողերում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ կառուցվող, տեղադրվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը: Անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն էլ իր հերթին կհամաձայնեցնի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,- նշել է Ղուլարյանը:

«Գոյություն ունեցող անկանոն վիճակը կարգավորելու նպատակով, նախագծով առաջարկվում է թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող՝ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել լրացում եւ այդ ճարտարապետական փոքր ձեւերի համար, ինչպիսիք են հուշաքարերը, հուշաղբյուրները, խաչերը, խաչքարերը եւ այլն, սահմանել ռիսկայնության աստիճան, կանոնակարգել աշխատանքների ընթացքը, ապահովել լիազոր պետական մարմինների հետ համապատասխան համաձայնեցումների ընթացակարգը»։ Ինչ վերաբերում է արդեն գոյություն ունեցող օբյեկտներին, ապա նրանք, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր,Ղուլարյանի խոսքով, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետեւանքներով: