Վերակառուցված Կինոյի տան բոլոր դռները բաց են

Վերակառուցված Կինոյի տան բոլոր դռները բաց են

Շուրջ 50 տարվա պատմություն ունեցող Կինոյի տան փառահեղ անցյալի, նորոգվող ներկայի եւ հուսադրող ապագայի շուրջ զրուցել ենք Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանի հետ:   

Կինոյի տան քարը քարին դնողները

Կինոյի տունը, ամենայն հավանականությամբ, շահագործման է հանձնվել 1974-ին: Տարբեր տեղեր տարբեր թվեր են գրված, բայց այն փաստը, որ Մարշալ Բաղրամյանի ստորագրությունը Կինոյի տան Բուխարու սրահի պատին եղել է առաջին ստորագրությունը, արդեն ենթադրում է, որ դրանից շատ առաջ չի եղել: Շենքը կառուցվել է, մի կողմից, որպես այն ժամանակ Կինեմատոգրաֆիստների միության աշխատավայր, վարչական մաս, որտեղ ամբողջ 2-րդ եւ 3-րդ հարկը աշխատասենյակներ էին, մյուս կողմից՝ որպես Կինոյի տուն, որի կառուցման գործում մեծ ջանք է գործադրել Լաերտ Վաղարշյանը: Մեծ ներդրում է ունեցել նաեւ Գեորգի Դավիդովը, ով եղել է Կինոյի տան երկարամյա տնօրենը: Երբ 6 տարի առաջ Հարություն Խաչատրյանն ընտրվեց Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Գեորգի Դավիդովին հրավիրեց Կինոյի տուն, ով շատ մեծ սիրով եւ հուզմունքով եկավ: Երկար ժամանակ չէր եղել: Մի տեսակ կարծես մոռացված էր: Քայլում էինք ու ցույց տալիս, թե ինչ ենք հասցրել անել այդ կարճ ժամանակահատվածում, իսկ ինքը, պարզվեց, հիշում է անգամ, թե որ աստիճանի որ քարը երբ են դրել, որ հանքից են բերել, որ վարպետն է սարքել: Այդպիսի նվիրվածությամբ մարդ էր: Կինոյի տան կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ Լեւ Կուլիջանովը, որովհետեւ այն կառուցել են Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների միության ֆինանսական ներդրմամբ: Եվ թե՛ այն ժամանակ (մինչեւ «Ռոսիա» կինոթատրոնը կառուցելը), թե՛ հիմա Կինոյի տունն ամենամեծ դահլիճն ուներ` 510 տեղ:

Հովհաննես Բաղրամյանը Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում: 1974 թվական: Լուսանկարը՝ Գեորգի Դավիդովի անձնական արխիվից:

 

Փարաջանովի ֆիլմի պրեմիերան՝ Կինոյի տանը

Կինոյի տունն այդ տարիներին շատ հետաքրքիր միջավայր ուներ: Հիշում եմ` շատ դժվար էր տոմս ձեռք բերել, որովհետեւ հիմնականում շատ արագ սպառվում էին բոլոր ֆիլմերի տոմսերը: Նույնիսկ մեզ` լրագրողներիս համար շատ դժվար էր Կինոյի տան պրեմիերաներին, միջոցառումներին ներկա լինել: Շատ մեծ պրեմիերաներ են եղել այստեղ, օրինակ՝ Գարրի Կունցեւի` Փարաջանովի մասին հուշերի գրքում, որը ես եմ կազմել, մի շատ հետաքրքիր կտոր գտա. 85թ․-ին հենց այստեղ է տեղի ունեցել Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի պրեմիերան, բայց էլի ռիսկ չեն արել մամուլում գրել, որ Կինոյի տանը Փարաջանովի ֆիլմի պրեմիերան է եղել: Կինոյի հետ կապված բոլոր թերթերի արխիվները նայեցի եւ միայն մի տեղ հանդիպեցի մի փոքր հաղորդագրություն, որ այդ օրերին, հայ-վրացական կինոյի օրերի շրջանակում, տեղի է ունեցել նաեւ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը, բայց Գարրի Կունցեւի հուշերում դա եղել է փառահեղ պրեմիերա: Մի հետաքրքիր հատված կա, երբ Փարաջանովն ուշացած գալիս է ու Կինոյի տան դռների մոտ տեսնում հավաքված լիքը ժողովուրդ, որոնք ուզում են ներս մտնել, բայց դռներն արդեն փակած են լինում, որովհետեւ դահլիճը լեփ-լեցուն է լինում: Փարաջանովը ժողովրդի առաջ բացում է դռներն ու ասում` իրենք ուզում են հանճարի հետ շփվել, թողեք՝ ներս գան: Ու մարդիկ ներս են մտնում: 

Փարաջանովը Դիլիջանի ստեղծագործական տանը: Լուսանկարը տրամադրել է Նինա Օրդոյանը:
 

Բուխարու սրահի հիշողությունը. Սարոյան, Վեռնոյ, Մամուլյան

Շատ հետաքրքիր է եղել Վիլյամ Սարոյանի այցը Կինոյի տուն՝ 1977 թվականին, որի մասին էլի ոչ մի տեղ գրված չէ, ու զարմանալի է, թե ինչու կարեւորություն չի տրվել: Սարոյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել Կինոյի տան Բուխարու սրահում, լուսանկարներից երեւում է, որ կան նաեւ լրագրողներ, հեռուստատեսությունից են նկարում: Դրանից բացի, նրան մեծարել են հենց Կինոյի տան մեծ դահլիճի բեմում, որտեղ նստած են նաեւ Սերո Խանզադյանը, Մարո Մարգարյանը, Վարդգես Պետրոսյանը, Հայրիկ Մուրադյանը, Ջիվան Գասպարյանը եւ այլք եւ, իհարկե, ինքը` Սարոյանը, փառահեղ կեցվածքով հանդիսականի առաջ նստած, իսկ դահլիճում, դարձյալ լուսանկարներից երեւում է, որ ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ էլի պատմում են, որ անհնար էր  մտնել դահլիճ ու ներկա գտնվել Սարոյանի հետ հանդիպմանը: Նույն՝ Կինոյի տան աշխատողներից պատմում են, որ շատ դեպքեր են եղել, երբ հանդիսատեսը Կինոյի տան գլխավոր մուտքի ապակեպատ դռները կոտրել է, որպեսզի ներս մտնի: Կինոյի տանը եղել են նաեւ Անրի Վեռնոյը, Ռուբեն Մամուլյանը: Ըստ էության, չի եղել մի մեծ մարդու այց կամ կարեւոր մի ֆիլմի ցուցադրություն Հայաստանում, որը Կինոյի տանը չլիներ: Հետո կարծես ավանդույթ կար ձեւավորված` բոլոր հայկական ֆիլմերի պրեմիերաներն արդեն Կինոյի տանն էին անում, թեպետ այն ժամանակ Կինոյի տունը Երեւանի տասնյակ կինոթատրոններից մեկն էր: Սովետական Միության ժամանակ Հայաստանում մոտ 700 կինոկետ է գործել՝ սկսած շրջիկ կինոկետերից, որ մեքենայով տարել են ու յայլաներում անգամ ֆիլմ ցուցադրել սարվորների համար, մինչեւ գյուղերի ակումբներ, մեծ կինոթատրոններ: Իսկ Կինոյի տանը ոչ մի միջոցառում դատարկ դահլիճներում չի անցել, նույնիսկ հիշում եմ` ամեն ուրբաթ կինոլեկտորիում կար Կինոյի տանը, ֆիլմերի ցուցադրությունից առաջ Անետա Երզնկյանը խոսում էր այդ ֆիլմերի մասին, եւ շատ դժվար էր տոմս գտնելը, նույնիսկ պետք է ծանոթ «խառնեիր», որ ինչ-որ ձեւ թույլ տային՝ մտնեիր ներս ու այդ կինոլեկտորիումին մասնակցեիր, որոնք լեփ-լեցուն դահլիճներում էին անցնում:

Ուիլյամ Սարոյանը «Բուխարու սրահ»-ում: 1977 թվական: Լուսանկարը՝ մեծանուն հայ լուսանկարիչ Պողոս Պողոսյանի:

 

Կինոյի տան կողոպտված ու կողպված շրջանը

Ժամանակի ընթացքում շատ լուրջ մշակութային կենտրոնի էր վերածվել Կինոյի տունը, հատկապես որ կառուցված էր գեղեցիկ միջավայրի մեջ, կողքը` այգիներ, շատրվաններ, լուրջ քաղաքային միջավայր կար: Այդ ծաղկումը մինչեւ 80-ականների վերջը պահպանվեց: Ուրիշ երկիր էր, մարդիկ ուրիշ կյանքով էին ապրում, բազմաթիվ կինոթատրոններ կային, նաեւ աշխատանքից հետո կինո, թատրոն գնալու ավանդույթը կար: Բնական է, որ անկախության տարիներին արդեն չէր կարող այդ նույն սխեման գործել, որովհետեւ իրավիճակն այլ էր` պատերազմ, տնտեսական դժվարություններ, Սովետական Միության կոլապս, կապերը փլվեցին, կինոթատրոնները, վարձույթը վերացան, Կինոյի տան տարածքի մի մասը վաճառվեց, այդ միջավայրն էլ վերացավ: Հիշում եմ Կինոյի տան ձմեռային այգին, որը շատ ծաղկուն տեղ էր` ծառաշատ պուրակով, ֆիլմերի ընդմիջումներին կամ որեւէ միջոցառումից առաջ այդտեղ տեսնում էինք Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Մհեր Մկրտչյանին ու այդ ժամանակվա մեծերին իրար հետ խոսելիս, սրճելիս: Բաղրամյանը հենց այդ ձմեռային այգում՝ ուռենու տակ նստած նկար ունի: Հիմա դա ավերակ ու մեծ մասով վաճառված տարածք է, որտեղ գարեջրատուն են ուզում բացել (այսինքն՝ բացում են), եւ որի հետ կապված՝ Կինոյի տունը դատական պրոցեսների մեջ է: Այդ միջավայրն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վերացավ, ու Կինոյի տունը հետագայում շատ տխուր վիճակում հայտնվեց: Որպես ճարտարապետական կառույց՝ Կինոյի տունն այնպես էր կառուցվել, որ ամբողջովին վիտրաժներով լիներ, իսկ այդ վիտրաժները նայում էին Խանջյան փողոցին ու Վարդան Մամիկոնյանի արձանին: Դա Կինոյի տան մեծ ֆոյեն էր, որտեղ ֆիլմի դիտումից առաջ մարդիկ հավաքվում էին, խոսում կինոյի մասին, ապրեցնում այդ կինոմիջավայրը: Բայց հետո՝ 90 ականների վերջերին, 2000-ականների սկզբներին, դա անխղճորեն վաճառվեց, վիտրաժները քանդվեցին, այդ հատվածն այլեւս չկա, դրա վրա կառուցեցին հայտնի բարձրահարկը: Խոստացվել էր նոր Հոլիվուդ ստեղծել Հայաստանում, կինոգործիչներին դարձնել ամերիկյան տիպի կինոյի մարդիկ եւ այլն, բայց Կինոյի տան մուտքն էլ փակվեց, ու մարդիկ մոռացան, որ այդտեղ կա դահլիճ, միջավայր, որտեղ կարելի է կինո գնալ: Ի դեպ, այդ տարիներին վաճառվեց Կինեմատոգրաֆիստների միության Դիլիջանի ստեղծագործական տունը, որը նույնպես բացառիկ մշակութային, ստեղծագործական միջավայր էր, որտեղ ժամանում էին կինոյի խոշորագույն վարպետներ: 

Նոր ժամանակներ` Կինոյի տան ու կինոյի համար

6 տարի առաջ՝ միության նոր նախագահի եւ նոր ընտրված վարչության կողմից դրվեց խնդիր, որ ամեն ինչը պետք է վերականգնենք, եւ Կինոյի տան բոլոր դռները պետք է բացվեն, որովհետեւ, մեծ հաշվով, դրանք փակ էին հանդիսատեսի առաջ: Դահլիճում համարյա ամեն ինչ փտած էր` մանրահատակից մինչեւ աթոռներ, պատեր, տեխնիկան հնացած էր ու բանի պետք չէր: Բայց միջոցներ չկային, տարածքները վարձակալության էին տրված ծիծաղելի գներով, անհասկանալի (թեպետ շատ լավ էլ՝ հասկանալի) շռայլություններ ու անիմաստություններ էին թույլ տրված՝ կասկածելի գրքերի տպագրություններ, ինչ-որ հրատարակություններ, ինչ-որ միջոցառումներ եւ այլն, բայց ո՛չ կինո: Ո՛չ ջեռուցում կար դահլիճում, ո՛չ հովացում, ո՛չ օդափոխություն, եւ ամեն ինչ փտում էր: Մի քանի ամսվա խնայողությունների, կառավարման մոդելի վերանայման արդյունքում հնարավոր եղավ մտածել մեծ դահլիճի վերականգնման մասին: Այն ուղղակի կորում էր մեր աչքի առաջ: Մեծ ջանքերի գնով հնարավոր եղավ այդ ծրագիրն իրականացնել: Ամեն ինչ փոխվեց. ամբողջ հատակը վերականգնվեց, նույնիսկ ժամանակին խփված մանրահատակից գտնվեց, որ ամեն ինչ պահպանվի իր ճարտարապետական տեսքի մեջ: Խնդիր էր դրված կինոցուցադրման տեխնիկական առումով՝ դահլիճը դարձնել գերժամանակակից, իսկ միջավայրը պահպանել: Դահլիճի կառուցման գործում գերմանացիները բավականին մեծ դեր են ունեցել: Ամբողջ ակուստիկ համակարգը մտածված է բոլոր մանրամասներով, եւ այդ ամենը պետք էր պահպանել: Նորոգվեցին աթոռները, լույսերի համակարգը, պատերը, ամբողջը մաքրվեց, վերականգնվեց, հետո մեր միջազգային գործընկերների հետ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության արդյունքում, հնարավոր եղավ տեխնիկական առումով նույնպես լավագույնս կահավորել դահլիճը՝ նոր, ժամանակակից էկրան, կինոպրոյեկցիոն նոր DCP պրոյեկտոր, ձայնային նոր՝ դոլբի համակարգ եւ այլն: Ամբողջությամբ նոր ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով կառուցվեցին նաեւ դահլիճի ջեռուցման, հովացման ու օդափոխության համակարգերը, եւ այսօր արդեն Կինոյի տան դահլիճը Հայաստանի թիվ մեկ կինոէկրանն է:

Մյուս դահլիճների գործածության հարցը եւս ակտուալ էր՝ փոքր դահլիճը, որը տրամադրված է նաեւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնին: 125 տեղանոց այդ դահլիճը եւս պետք է համապատասխաներ նոր ժամանակի պահանջներին: Այդ խնդիրը նույնպես դրվեց եւ արվեց: Այսօր այդ դահլիճը եւս ունի ջեռուցման, հովացման եւ օդափոխության ժամանակակից համակարգ, նոր էկրան, նոր DCP պրոյեկտոր եւ այլն: Նաեւ փոքրիկ մի դահլիճ կար՝ Բուխարու սրահին կից, կարծես թե հյուրերի կամ, այսպես ասած, «պրասմոտրերի» համար էր՝ հնացած, մաշված, ոչ կինոմիջավայրային: Այդ դահլիճը նույնպես փոխվեց 180 աստիճանով: Այդ 35 տեղանոց փոքրիկ սրահն այսօր 80 տեղանոց ժամանակակից դահլիճ է՝ տեխնիկապես հագեցած եւ նորացված միջավայրով:

Եթե չչափազանցնեմ, կարող եմ ասել, որ Կինոյի տունը գրեթե նորից կառուցվել է այս վերջին 6 տարիների ընթացքում, եւ Հարություն Խաչատրյանի խոստումը՝ որ պետք է բացվեն Կինոյի տան բոլոր դռները, արդեն իրականություն է: Կինոյի տան բոլոր դռները բաց են: Նույնիսկ եթե մի փոքր հումորով ասեմ, այդ բոլոր դռների բաց լինելու առկայությունն անգամ խանգարում է, որովհետեւ մեր հանդիսատեսը շատ հաճախ խճճվում է բաց դռների լաբիրինթոսում: 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ