Կա՞ արդյոք Արցախի՝ Ադրբեջանին չինտեգրվելու այլընտրանք, և ո՞րն է այն

Կա՞ արդյոք Արցախի՝ Ադրբեջանին չինտեգրվելու այլընտրանք, և ո՞րն է այն

Ոմանք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրում են Ադրբեջանի հետ ինտեգրվելու հնարավորության մասին խոսելու կամ գոնե Արցախում նման ցանկություն ունեցողներին ինքնակազմակերպվելու կոչ անելու համար: Իսկ ո՞րն է դրա այլընտրանքը, կա՞ ընդհանրապես այլընտրանք: Հայաստանում կամ Արցախում կա՞ մեկը, որն այլընտրանք է առաջարկում: Միակ այլընտրանքը, որի մասին խոսվում է, սեփական հողի վրա ապրելն ու պայքարելն է, բայց ի՞նչ հույսով, ի՞նչ հեռանկարով եւ մինչեւ ե՞րբ: Հեշտ է պայքարի մասին խոսել, երբ դու այդ շրջապատման մեջ չես: Բայց եթե նույնիսկ շրջապատման մեջ ես, չես կարող ասել՝ եկեք շարունակենք այսպես ապրել, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի, անորոշ հեռանկարով:

Հիմա արդեն պարզ է, որ Ադրբեջանը չի բացելու Լաչինի միջանցքը: Հայ ոստիկանների վրա կրակ բացելով, Ադրբեջանը բացառեց նաեւ այլընտրանքային ճանապարհի օգտագործումը, որը գործարկվում էր միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ո՞վ կհամարձակվի անցնել մի ճանապարհով, որն անվտանգ չէ, եւ ցանկացած պահի կարող են հայտնվել ավտոմատավոր ադրբեջանցիներ: Ադրբեջանը թույլ չի տալու նաեւ էներգամատակարարման վերականգնումը, գազամատակարարումն ու մյուս անհրաժեշտ ապրանքների մատակարարումները մշտապես գտնվելու են խափանման վտանգի տակ: Հայաստանի իշխանությունները վաղուց հրաժարվել են Արցախի հարցում որեւէ լուծում կամ այլընտրանք առաջարկելուց: Միակ բանը, որ մինչեւ վերջերս ասում էին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ նրա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ ուղիղ բանակցություններն են, որոնք պետք է վերաբերեին արցախցիների իրավունքներին եւ ազատություններին: Փաշինյանը մի բան էլ է ասում. միջազգային փաստահավաք խմբի գործուղում Արցախ եւ Լաչինի միջանցք, բայց դրան համաձայն չէ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ, այսպես կոչված, միջազգային հանրությունը, որն Արցախի հարցը դիտարկում է որպես Ադրբեջանի ներքին հարց եւ առանց Ադրբեջանի համաձայնության չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին խնդիրներին: Կամ, ասենք, փաստահավաք խումբը գնաց եւ արձանագրեց, որ Լաչինի միջանցքը փակ է, Արցախում էլ հումանիտար աղետ է, հետո՞ ինչ, ստիպելու են միջանցքը բացե՞լ, թե՞ հումանիտար օգնություն են ուղարկելու: Միջազգային հանրությունն առանց այդ փաստահավաք խմբի էլ գիտի, թե ինչ է կատարվում Արցախում, շրջափակման ամբողջ ընթացքում ինչ-որ հայտարարություններ են արվում, որոնք որեւէ ազդեցություն չունեն:

Ադրբեջանը գիտի, որ այն, ինչ ինքը հիմա անում է, միանգամայն համահունչ է, այսպես կոչված, միջազգային հանրության շահերին: Ալիեւը միջազգային հանրությանն ասում է, որ քանի դեռ այդ տարածքում ապրում են հայեր, ռուսական բանակը մնալու է որպես հայերի անվտանգության երաշխավոր: Եթե ուզում եք, որ մենք այդ տարածքը մաքրենք ռուս զինվորներից, պետք է նախ մաքրենք հայերից: Այսպես կոչված՝ միջազգային հանրությունն Ադրբեջանին գործելու համաձայնություն է տվել, բայց սեփական դեմքը պահելու համար մեկ-մեկ հումանիստական բնույթի հայտարարություններ է անում, թե միջանցքը բացեք, մարդկանց եւ քաղաքացիական նշանակության ապրանքների տեղաշարժը մի խոչընդոտեք: Ալիեւը հասկանում է, որ այս հարցը պետք է լուծի առաջիկա 2 տարվա ընթացքում, որովհետեւ 2025 թ․ սկզբին, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատը երկարաձգելու հարց բարձրացվի, ինքը վատ դրության մեջ է հայտնվելու: Եթե համաձայնի, ադրբեջանական հասարակությունն է ընդվզելու, ասելու են՝ փաստորեն, Ղարաբաղի հարցը լուծված չէ, ռուսները մշտապես տեղավորվեցին մեր երկրում, մերժի՝ Ռուսաստանի հետ է թշնամանալու: Դրա համար առաջիկա 2 տարում Արցախը պետք է արցախցիներին, այսպես կոչված, ինտեգրի, որ խաղաղապահների մնալ-չմնալու հարցը չլինի: Ինտեգրացիան հայաթափման առաջին փուլն է լինելու, դրանից հետո ինտեգրվածներին կա՛մ ֆիզիկապես ոչնչացնելու են, կա՛մ բռնի տեղահանելու: Նախիջեւանի հայերն էլ էին ինտեգրված Ադրբեջանին, բայց հիմա որեւէ հայ չի բնակվում Նախիջեւանում:

Հայաստանի ընդդիմությունը եւս որեւէ այլընտրանքային լուծում չի առաջարկում, միայն քննադատում է Փաշինյանին արցախցիների անվտանգության երաշխավոր լինելուց հրաժարվելու համար, բայց խնդրի լուծման սեփական տարբերակը չի առաջարկում: Օրինակ, ի՞նչ կաներ որեւէ ընդդիմադիր կուսակցություն, եթե ՔՊ-ի փոխարեն հիմա ինքը լիներ իշխանության. պատերազմ կհայտարարեր Ադրբեջանին եւ կբացե՞ր Լաչինի միջանցքը, ինչպես դա տեղի ունեցավ 1992 թվականին, թե՞ կհայտարարեր, որ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ նախկին հանցագործ, դավաճան, թուրքական գործակալ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնել են Ադրբեջանին, թալանել ու ոչնչացրել են բանակը, մենք էլ ստիպված պետք է համակերպվենք ստեղծված վիճակի հետ: Որքան էլ ցավալի է, պետք է ընդունենք, որ Հայաստանի ընդդիմության մեծ մասը հակված է հենց երկրորդ տարբերակին:

Ադրբեջանին ինտեգրվելու միակ այլընտրանքը, այն էլ՝ ոչ հրապարակային, առաջարկում են ռուսները: Նրանք չեն ուզում հեռանալ Արցախից, իսկ դրա համար պետք է, որ արցախցիները մնան Արցախում: Ռուսներն ասում են՝ մենք ձեզ հաց ու սնունդ կհասցնենք, մի քիչ վառելիք, մեր կարողությունների չափ կապահովենք ձեր անվտանգությունը, իսկ դուք դիմացեք շրջափակման դժվարություններին: Ասում են՝ դիմացեք մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, իսկ հեռանկարն այն է, որ դրանից հետո արցախցիները կստանան Ռուսաստանի քաղաքացիություն եւ ավելի հուսալի անվտանգություն: Կան մարդիկ, որ ասում են, թե Հայաստանի կամ հայ ժողովրդի համար ի՞նչ տարբերություն՝ արցախցիները Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի անձնագիր կտանան, արցախցիներն Ադրբեջանի՞ն, թե՞ Ռուսաստանին կինտեգրվեն: Միեւնույն է՝ այդ տարածքն այլեւս Հայաստան չի լինելու: Միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանն արցախցիներին իրենց տներից չի վտարելու, կոտորածներ ու զտում չի կազմակերպելու, նրանց ինքնությունը չի ոչնչացնելու, իսկ Ադրբեջանը ոչնչացնելու է: 

Իսկ եթե Ռուսաստանը պարտվի ուկրաինական պատերազմում, այդ դեպքում արցախցիներին այլ բան չի մնա, քան ընդունել Ադրբեջանի ինտեգրման ծրագիրը, թողնել եւ հեռանալ Արցախից: Ռուսաստանի պարտության մասին են երազում նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նրան պաշտպանող ու նրանից սնվող մի հսկա բազմություն: Նրանց տրամաբանությամբ՝ որքան շուտ Ռուսաստանը պարտվի, այնքան շուտ կլուծվի Արցախի եւ արցախահայերի հարցը, ինչն իրենց հնարավորություն կտա անհոգ ու երջանիկ պաշտոնավարել Հայաստանից մնացած տարածքում՝ կիսելով նյութական եւ ֆինանսական միջոցները եւ ազատվելով Արցախի բեռից: Եթե Ռուսաստանն արդեն պարտված լիներ, իրենք արդեն իսկ հասած կլինեին իրենց երազանքին: Հիմա ո՞վ է հիշում Հադրութի կամ Շուշիի կորստի մասին, կամ որ հիշում են, ի՞նչ:

Ավետիս Բաբաջանյան