Ո՞րն է վերջին կանգառդ․․․

Ո՞րն է վերջին կանգառդ․․․

Փաշինյանը շատ է  ասել, թե չի հասկանում՝ ո՞րն է Ադրբեջանի վերջին կանգառը։ Այդ հարցը  պատասխան ունի։ Առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ․ թշնամու վերջին կանգառը քո սեփական տունն է։ Անգամ ծիծաղելի է մտածել, որ թշնամին կարող է գոհանալ, երբ կանգնի տանդ պարիսպների տակ ու այնտեղից ձայն տա՝ սիրելիս, ես տանդ պարիսպների մոտ եմ, չեմ բարձրանա, այստեղ էլ կքնեմ։ Դու խաղաղ եղիր, ես կհսկեմ քո խաղաղ քունը։ Երբ թշնամին արդեն պարիսպներիդ տակ է, ու դու մտածում ես, թե  հավատարմ շուն ես բերել տան շքամուտքիդ մոտ, որպեսզի հսկի Տանդ խաղաղությունը, դու կամ խելագար ես, կամ տունը գրավով տանուլ տված մարդ։ Ուրիշ բան չի կարող լինել։ Կարծում եմ պարզ է,  թե ո՞րն է Ադրբեջանի վերջին կանգառը։ Իսկ ո՞րն է Հայաստանի իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի  վերջին կանգառը։

Հանձնելով Հայաստանի տարածքները, մարտավարական դիրքերը առաջ է սլանում։ Կապանի մայրուղին՝ կանգառը հանձնեց ու ինչ որ մուլտֆիլմային մի ճանապարհ սարքեց, որը քամու, անձրևի, ձյունի ամեն մի շնչից անօգտագործելի է դառնում։ Թշնամուն բերեց ու տեղավորեց Սյունյաց գյուղերում, իր քաղաքացուն դուրս հանեց՝ ասաց՝ սա քո՜նը չէ։ Իշխանասարը հանձնեց, Սև լիճը, դիրքերը, գյուղերը թշնամու բոստան սարքեց։ Հետո առաջ ընթացավ՝ Ջերմու՜կ․․․ Հիմա Գեղարքունիք է հասել ու մի քիչ կանգ է առել՝  թափ առնելու։ Մինչև ու՞ր․․․ Ես այս հարցը Փաշինյանին  չեմ տալիս, որովհետև նրա բոլոր պատասխանները Կապանի մայրուղու փոխարեն զիգզագ, կեռումեռ սարքած մանկական ճանապարհային քարտեզի նման են։ Այդ հարցը նրան չեմ տալիս, որովհետև ինձնից լավ գիտեք, որ նա ժամերով խոսելու է այլ հարցերի մասին այնքան, մինչև մոռանաք ձեր հարցը։ Այդ հարցը նրան չեմ տալիս, որովհետև նա մի այնպիսի պատասխան է տալու,  որ աչքն էլ մոռանաք, աչքացավն էլ։ Նա աչքացավը բուժելու փոխարեն աչքն է հանում։

Նա կարող է ամեն ինչ հանձնել, միայն թե չհանձնի սեփական անձագոյացությունը։ Ինքը դա հայտարարեց՝ այլ փետրավորմամբ, երանգավորումներով։ Նրա հարց ու պատասխանները  նմանեցնում եմ  իրապատումի այս  հերոսի պատասխանին ․ «Դատում են հարազատ հորն ու մորը սպանած մի  երիտասարդի։ Դատավորն  ասում է՝ «Ամբաստանյալ, վերջին խոսք ունե՞ք», սա էլ  թե՝ «Հա, դատավոր ջան․․․  եթիմ տղա եմ, խղճա ինձ»։ Նա կարող է ուրանալ ամեն ինչ, դուք դա գիտեք, տեսնու՜մ եք․․․ Բայց դուք, որ այս ամենի միջով անցնում եք, ո՜նց չեք մտածում, որ կանգառ- կանգառ, տարածք- տարածք, մաս- մաս հանձնելով, ո՞ր կանգառում եք պատրաստ դիմավորել  թշնամուն․․․ Չե՞ք լսում թշնամու շնչառությունը ձեր պարիսպների տակ։ Նիկոլյան խաղաղությունը շալակած ո՞ր կանգառն եք գնում։