ԵԿՄ-ականները երկուշաբթի նիստ կանեն՝ «բռնելու» փաստաթղթեր կեղծողին

ԵԿՄ-ականները երկուշաբթի նիստ կանեն՝ «բռնելու» փաստաթղթեր կեղծողին

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող իր եղբոր խնդրանքով, վերջինիս կողմից հիշյալ երկրի քաղաքացիություն ստանալու և առողջական խնդիրների բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է ՀՀ պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր:
Այդ նպատակով` նախնական համաձայնության է եկել Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահի հետ և անձամբ ԵԿՄ զինանշանով ձևաթղթի վրա տպագրել է  եղբոր կողմից Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը ստորագրվել և հաստատվել է ԵԿՄ կնիքով:
 
«Հրապարակ»-ը այս հարցի վերաբերյալ կապ հաստատեց ն ԵԿՄ-ի Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հստակ ոչինչ չի կարող ասել․ «Բաժանմունքի նախագահը որպես բաժանմունքի անդամի է թուղթը տվել, որ իբր էդ մարդը քառօրյայի ժամանակ՝ մի խումբ երիտասարդների հետ Անիի տարածաշրջանից եկել են մոր մոտ։ Թյուրիմացությունն էդտեղ է, որ ինքը մոր մոտ գրանցված չի եղել։ Հիմա հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Մենք այդ փաստթուղթը չենք տեսել, չեմ կարող հստակ ասել, որ բաժանմունքից է տրված, ոչ անուն-ազգանուն կա, ոչ էլ։ Այդ առումով մենք հրավիրել ենք նիստ, ես ոչ թե չեմ ուզում տեղեկություններ տալ, այլ երկուշաբթի հստակ պատասխաններ կարող եմ տալ»։

Ըստ Ալեքսանյանի՝ մարզում շատ ազատամարտիկներ կան գրանցված ու գործում է ընդհանուր առմամբ 6 բաժանմունք․ «Հիմա մենք պետք է պարզենք 6 բաժանմունքներից որտեղ է եղել այդ խախտումը։ Երկուշաբթի օրը պարզ կլինի, նիստ ենք հրավիրել կարող է եւ էդտեղ բան էլ չկա»։

Նա նաեւ նշեց, որ իրեն այդ գործով չեն հարցաքննել․ «Ընդհանրապես ոչ մի տեղեկություն չունեմ, շատ են զանգահարել՝ մոտիկներ, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել»։