Պետք է մեր այսօրվա հողի մշակը դառնա հերոս

Պետք է մեր այսօրվա հողի մշակը դառնա հերոս

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մի շարք ապրանքատեսակների պաշարների մասին թվային տվյալներ: 

Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար եւ այլն: Բացի այդ, նաեւ այս եւ այլ ապրանքատեսակների նոր խմբաքանակ է այս օրերին ներկրվել Հայաստան:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն էլ իր կողմից հայտարարեց, որ բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունենք, դիզվառելիքի մասով՝ մեկուկես ամսվա, ալկոգելի եւ սպիրտի խնդիր չունենք, ցորենի եւ ալյուրի խնդիր եւս չունենք: Արդյոք սա խուճապ հարուցող տեղեկատվություն է, թե ոչ՝ թող կառավարությունը որոշի, իր պարետատան հետ։ Երեւի իրենց դեպքում նման թվեր հրապարակելը խուճապ չի առաջացնում, նույն բանը լրագրողները հրապարակեն, կպարզվի՝ ահավոր խուճապ են տարածում, երկրի անվտանգությանը սպառնալիք ստեղծում:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, այժմ ԱԺ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը նման արտակարգ դրության պայմաններում պարենամթերքի պաշարների թեմայով մեզ հետ զրույցում ասաց՝ նման իրավիճակներում մեր պարենային անվտանգության խնդիրը մեր անվտանգության խնդիրն է: Դրա համար էլ պետք է առաջնային ուշադրություն դարձվի սննդամթերքի հարցին:

«Քանի որ մենք տրանսպորտային հաղորդակցության առումով սահմանափակ երկիր ենք, պետք է նման իրավիճակներում ունենանք այդ հարցերի պատասխանը՝ հացի խնդիրը, կարտոֆիլի խնդիրը, մնացած պարենային ապրանքների ապահովման մասին: Եվ եթե նույնիսկ արտակարգ դրություն էլ չհայտարարվեր, միեւնույն է, պետք է ուժերը մոբիլիզացնել եւ, իմ կարծիքով, պետք է ստեղծել ոլորտային կառավարման օպերատիվ շտաբ, նախ՝ հանրապետական, հետո՝ մարզային, ապա՝ համայնքային: Խնդիրները շատ արագ ներքեւից կբարձրանան վերեւ, եւ վերեւներում համապատասխան հանձնարարականները, պլան-ժամանակացույցը խիստ հսկողությամբ կիջնի միանգամից ներքեւ»,- ասաց Աշոտ Հարությունյանը:

- Այսինքն՝ մինչեւ արտակարգ դրություն մտցնելը կառավարությունը նախ պետք է պարենային անվտանգության խնդի՞րը լուծեր:

- Չէ, իրար հետ զուգահեռ պետք է գնան: Մենք ունենք պահուստներ, այսինքն՝ մենք պետք է գնահատենք մեր պահուստները, պահուստների քանակից ելնելով՝ արդեն պիտի պլանավորենք մեր հետագա խնդիրները՝ ունենալով վատագույն սցենարներ աչքի առջեւ: Հիմա տարվա եղանակը գարուն է, ունենք դեռեւս լավ ժամանակ, մինչեւ մեկ ամիս, եւ պետությունը պետք է ավելի օպերատիվ կարգով լուծի ցանքերի քանակը: Այն մշակաբույսերը, որոնք խիստ անհրաժեշտ են, պետությունը պետք է վերցնի իր ձեռքը համապատասխան գործիքակազմով: Պետք է գնահատվի սերմերի քանակը, տնկանյութի քանակը՝ լինի գարնանացան ցորեն, գարի, կարտոֆիլ, որպեսզի ներկրվի, ցանվի... կարեւորը ցանելն է էս պահին, ճիշտ ժամանակն օգտագործելն է, քանի որ գարուն է:

- Այսինքն՝ արտակարգ դրությունը կխոչընդոտի՞ ցանքսին եւ գյուղատնտեսական մյուս աշխատանքների կատարմանը:

- Ինչ խոսք, ինքը կունենա իր ազդեցությունը, որովհետեւ արտակարգ դրության պայմաններում արդեն տեղաշարժման սահմանափակումներ կան ոչ միայն օրենքի տեսանկյունից, այլեւ վիրուսի տարածման տեսանկյունից անվտանգության խնդիր կա: Դրա համար պետք է համապատասխան մարդիկ աշխատանք տանեն, հորդորեն մարդկանց, տեղերում տեղեկացնեն, թե մարդիկ ինչպես դուրս գան եւ աշխատեն: Կրկնում եմ, սա իրավիճակ է, որ պետք է մեր այսօրվա հողի մշակը դառնա հերոս, ամեն գնով ինքը պետք է մշակի հողը: