Մենք կարող ենք ավելի ճկուն լինել, մանևրել

Մենք կարող ենք ավելի ճկուն լինել, մանևրել

Մոլեգնող կորոնավիրուսը ոչ միայն սպառնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, այլեւ, ոմանց կարծիքով, նման է հիբրիդային պատերազմի, անգամ՝ Երրորդ համաշխարհային պատերազմին։ Կորոնավիրուսը նաեւ բազմաթիվ աֆորիզմներ է ծնել, որոնցից մեկն էլ այն է, որ վարակը մարդկությանը հիշեցրեց, որ մարդ արարածը մահկանացու է։ Մեկ ուրիշով՝ աշխարհը երբեք այլեւս այնպիսին չի լինի, ինչպես կորոնավիրուսից առաջ էր։ «Գոյության» 3 ամիսների ընթացքում, բացի տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլելուց, այն հասցրել է նաեւ հողին հավասարեցնել բիզնես-կայսրություններ, փլուզել արժութային շուկաներ, փակել երկրների՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի,  սահմաններ ու կտրուկ սահմանափակել մարդկանց տեղաշարժը` ոչ միայն մայրցամաքների, այլեւ նույնիսկ նույն տնտեսական ու վարչական միավորների ներսում, ինչը, ըստ համաշխարհային սպասումների, կարող է պարենի մատակարարման խզումներ, գների թանկացումներ առաջացնել։ Նավթի համաշխարհային գների ավելի քան 30%-ով կտրուկ անկումը, որ իր սրընթացությամբ, փաստորեն, երկրորդն է 1991թ. Պարսից ծոցի պատերազմից հետո (թեեւ երեկ նավթի գինը նորից բարձրացել է), սպառնում է նաեւ ՌԴ-ից տրանսֆերտների նվազմանը, ռուբլու արժեզրկմանը՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

Եթե սրանք անուղղակի հետեւանքներ են, ապա խիստ ուղղակի սպասումներ կան պղնձի գնի անկումից, որի համաշխարհային գները 6 հազար 200 դոլարից իջել եւ տատանվում է 5․600-5․800 դոլարի սահմաններում։ Շարքային քաղաքացիներիս այս պահին ավելի մտահոգում է առաջին անհրաժեշտության ապրանքների ու ղեղերի հնարավոր դեֆիցիտը։ Հեռանկարը, թե կարո՞ղ է գալ այդպիսի օր, երբ մարդիկ գնան խանութ՝ ընտանիքի համար մթերք գնելու, ու այն չլինի։ Այս թեմայով մենք զրուցեցինք ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի հետ։

- Պարոն Բարխուդարյան, մամուլը գրեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմման համար կառավարությունը դիմել է նախկին պաշտոնյաների, մասնագետների օգնությանը, հրավիրել են նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանին։ Դուք հրավիրվա՞ծ էիք։

- Չէ, ինձ չէին հրավիրել (ծիծաղում է), ստիպված եք ինտերվյու վերցնել հայտնի տնտեսագետներից։

- Հայտնի տնտեսագետներից չէ, ինձ Ձեր կարծիքն է հետաքրքրում։ Պարենային խափանումների վտանգ տեսնո՞ւմ եք։

- Ոչ: Չեմ տեսնում, որովհետեւ բեռնափոխադրումները չեն արգելվում, գործընթացը նորմալ գնում է, եւ պետք չէ պանիկայի մեջ ընկնել։

- Վիրուսի հնարավոր տարածման, այլ, վատագույն սցենարների դեպքո՞ւմ։ Ի վերջո, կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամների ասածից էլ լավատեսություն չէր հորդում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, օրինակ, զգուշացնում էր, որ եթե ամեն ինչ փակենք, ոչ մի ինքնաթիռ Հայաստան չի գա։

- Հա, համաձայն եմ էդ ասածի հետ՝ Գրիգորյանի, ու ավելի զգույշ է պետք լինել, որպեսզի մարդկանց չվախեցնել, որովհետեւ առանց դրա էլ տուրիզմը-բան տուժել են։

- Նախորդ նիստին վեճ ծագեց Զոհրաբ Մնացականյանի, Արսեն Թորոսյանի եւ Ավինյանի միջեւ՝ ավելի արմատական միջոցներ ընտրել-չընտրելու հարցում։ Որքան էլ զարմանալի է, ԱԳ նախարարը կողմ էր ամեն ինչ փակելուն, ի տարբերություն մյուսների, որոնք ասում էին, որ պետք է ավելի ճկուն լինել, անհրաժեշտության դեպքում՝ նոր, թարմացվող ցանկեր սահմանել։

- Համաձայն եմ էդ ճկունության հետ։ Բացարձակ պետք չէ բան անել, ուղղակի պետք է կարողանալ բոլորին ստուգել, կարանտինի միջոցառումներն ավելացվեն եւ առաջին հերթին՝ հենց օդակայանում ռիսկի խմբերը մեկուսացվեն։ Ինչքան գիտեմ՝ սկսել են անել։

- Պղնձի գնի անկում կա։ Մենք արդյունահանում ենք Չինաստան եւ Եվրոպա, եւ հիմա երկու ուղղությամբ էլ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակ է։

- Այսօր պղնձի գներն ընկել են, բայց չեմ կարծում՝ էն շեմում են, որ պետք է մտածել, որ մենք վնասով ենք աշխատում։ Էդպես չէ։ Ուղղակի շահույթը կլիներ ավելի բարձր, եթե գները դրանից կրկնակի բարձր լինեին, իսկ էդպիսի դեպքեր եղել են։ Այնպես որ, չեմ կարծում, որ վնասով ենք աշխատում։ Երբ մենք սկսում էինք, պղնձի գները 1400 էին, 1800-ի դեպքում դառնում էր շահութաբեր։ Հիմա թող կրկնակի ավելացած լինեն ծախսերը, ինֆլյացիան եւ այլն, 6 հազար է, չէ՞, իսկ եղել են ժամանակներ, որ 12 հազար էր։ Դրա համար էլ օրենսդրության մեջ մտավ «ռոյալիթի» հասկացություն, որ մասամբ այդ գերշահույթները բաշխվեն պետբյուջեում։

- Իսկ ինչո՞ւ է կառավարությունը հիմա սցենարներ քննարկում, նախապատրաստվելու համար 2 ամիս ժամանակ չկա՞ր։

- Հարցն ինչո՞ւ եք ինձ տալիս։

- ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է, որ ամեն ինչ վերահսկում են, թանկացումներ չկան, չեն լինելու։ Բայց մենք տեսանք, որ դիմակները մի քանի հարյուր անգամ թանկացան, հետո, իհարկե, մի փոքր գինն իջավ։

- Ես այդպիսի բան չեմ տեսել, ես հիմա խանութում եմ, ապտեկայում, ոչ մի տենց թանկացում էլ չկա, եւ մարդիկ շատ հանգիստ առեւտուր են անում։ Ապրանքն էլ լիքն ա։ Դա էդ ի՜նչ պանիկա ա, մեր ամենամեծ թշնամին սեփական ուժերին չհավատալն է։

- Բայց աշխարհը չի՞ խելագարվել։ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարում է, թե պատրաստ եղեք ձեր մտերիմներին կորցնելու, Գերմանիայի կանցլերն ասում է, որ իր երկրում 70 միլիոն մարդ կվարակվի։ Մարդիկ խելագարության կանխավարկածո՞վ են առաջնորդվում։

- Գուցե։ Նաեւ հակավիրուսներ կան հայտնաբերված, բուժվածների թիվը շատ ավելին է, քան մահացածներինը, չէ՞։

- Արտարժույթի կանխատեսումնե՞րը։

- Չէ, տատանումներ չեմ կանխատեսում, եթե նույնիսկ լինեն, մեզ վրա ըտենց չեն ազդի, մեր ռեզերվները բավարար են, ունենք մեր ազգային դրամը եւ էսօր էլ դրամավարկային քաղաքականությունը, որը շատ լավ անվտանգության բարձիկ է։ Մենք կարող ենք ավելի ճկուն լինել, մանեւրել եւ մեր տնտեսությունն ու մեր բնակչությանը պաշտպանել էդպիսի մեծ տատանումներից։ Բայց չեմ կարծում, որ դրանք լինեն։