Խալիֆի հերթական բարբաջանք-հեքիաթները՝ հազարումի գիշերվա հեքիաթների երկրներում

Խալիֆի հերթական բարբաջանք-հեքիաթները՝ հազարումի գիշերվա հեքիաթների երկրներում

Հայտնի դարձավ, որ արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում խաղաղության պայմանագրի նվիրյալ ջատագով եւ մեր ժողովրդի ոխերիմ թշնամի Իլհամ Ալիեւը հերթական շանտաժն է արել մեր պետության հանդեպ՝ գագաթնաժողովի բարձր ամբիոնից լուտանքներ թափելով, նպատակ ունենալով մեր դեմ հանել արաբ ժողովրդին։

Բարբաջելով Ադրբեջանում, այդ երկրի տարածքի մի մասի վրա դեռեւս թարմ անցյալում մեր հաստատած երեսնամյա տիրապետության ընթացքում իբր թե միտումնավոր մեր կողմից ավերված մեչիդների ու մզկիթների մասին, Հեյդարօղլին արաբական երկրներին ահազանգում է հայկական, այսպես կոչված, իսլամատյացության մասին։ Այդ երեսնամյա տիրապետության փաստով մենք իսկապես պիտի կարողանանք հպարտանալ, այո, մենք կարողացել ենք հաղթել Իլհամին եւ իր հորը՝ երեսուն տարի մեր ձեռքում պահելով նրանց երկրի տարածքի քսան տոկոսը, եւ մեր ժողովրդի այսօրվա ժամանակավոր հոգեւոր ճգնաժամի ու հուսալքության պայմաններում պիտի ասենք՝ հա՛յ ժողովուրդ, մի հուսահատվիր, քո այդ 30 տարին քո հաղթանակի հերոսական անցյալն է, դա պատմություն է, որ դու հպարտությամբ պիտի կրես՝ ի հեճուկս եւ ի ցավ քո թշնամիների, դա այլեւս հավերժի համար արձանագրված պատմություն է։ Բացի դրանից, հայտնի է, որ պատմությունը սովորություն ունի կրկնվել․․․

Պատերազմ է եղել, մենք արդարացի, հարկադրված պատերազմ ենք մղել, մենք ագրեսոր չենք եղել, մենք կռվել ենք արցախահայությանը եղեռնից փրկելու նպատակով եւ այդ յոթ շրջանները հավերժ գրաված պահելու նպատակ ամենեւին չենք ունեցել, դրանք պահել ենք իբրեւ բանակցություններում հնարավոր փոխզիջման հասնելու գործոն, որը, ավաղ, չհաջողվեց իրականացնել։ Այդ պատերազմի ընթացքում, հասկանալի է, ավերածություններն անխուսափելի պիտի լինեին, բայց մենք միտումնավոր մզկիթ չենք ավերել, վկա՝ Շուշիի դեռեւս անվնաս կանգնած մզկիթը։ Իսկ Շուշիի մզկիթի կողքին ազերիի խոշտանգած Ղազանչեցոց եկեղեցին է, Կանաչ ժամը, Հադրութի մեր եկեղեցին, այլ եկեղեցիների` Ալիեւի ցուցումով «մաքրված» հայերեն արձանագրությունները։ Հիմա, ինչ է, դիմենք աշխարհի քրիստոնյա երկրներին եւ խաչակրաց արշավա՞նք կազմակերպենք․․․
Արաբական երկրներում լավ գիտեն ամեն ինչ, հիշում են պատմությունը։ Գիտեն, որ Սիրիայի ավազուտներում դեռեւս թափված են եղեռնված հայ ժողովրդի մասունքները, Դերզորում իսլամիստները տարիներ առաջ պայթեցրին եղեռնի զոհերի հիշատակի համար կառուցված հայկական եկեղեցին, որտեղ պահվում էին նաեւ եղեռնի զոհերի մասունքները. Փաստորեն, ստացվում է, որ նույնիսկ եղեռնի զոհերի ոսկորները հարյուր տարի հետո է՛լ հանգիստ չունեն իսլամիստների ձեռքից։ Արաբները գիտեն, որ եթե հրահրված թշնամանք չկա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է նորոգել եւ իր պետական ծախսերով նորոգել է իր երկրում գտնվող շատ հայկական եկեղեցիներ, մենք՝ հայերս էլ մեր պետական միջոցներով նորոգել ենք Eրեւանի կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը։ Արաբները գիտեն, որ եթե պետականորեն հրահրված թշնամանք չկա, մի արաբ մեծահարուստ կարող է նորոգելու փող տալ եւ տվել է մեր հայտնի վանքերից մեկի, կարծեմ` Հաղարծինի համար։ 

Արաբները տեսնում են եւ գիտեն, որ հեյդարօղլու «հորեղբայր» Էրդողանn արաբական երկրների տարածքների վրա փորձում է վերակենդանացնել օսմանյան կայսրությունը. թուրքական զորքերը Սիրիայում են եւ Լիբիայում։ Առայժմ՝ միայն այդ տեղերում։

Արաբները գիտեն այս ամենը, բայց այդ երկրների մեր դեսպանատներն անտարբեր պիտի չմնան հեյդարօղլու վտանգավոր բարբաջանքների հանդեպ։ Այս ստահակն ուզում է հիմա էլ մեր դեմ հանել ողջ արաբական աշխարհը։ Դրա պտուղներն արդեն կան, երեկ փաստաթուղթ հրապարակվեց այն մասին, որ Հորդանանը, մեր տված կանխավճարի առկայության դեպքում իսկ, չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները՝ Հայաստանին որոշ զինատեսակներ մատակարարելու գծով ստանձնած։ Ավելին, այդ երկիրը համագործակցում է Ադրբեջանի հետ՝ զենքի արտադրության եւ մատակարարման հարցերում։

Ես գիտեմ, որ Ադրբեջանում ակնդետ հետեւում են այստեղ ասվող եւ գրվող ամեն ինչին, նույնիսկ բզբզում են մեր սոցցանցերը՝ հակերական սեւեռուն մարմաջներով համակված։ Թե որ այդպես է՝ ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանի պետական սնարի առաջին դեմք եւ պետական կառույցի երկրորդ պաշտոնական դեմք Մեհրիբան Ալիեւան կարդար իմ այս հոդվածն իր ամուսնու համար եւ դառը ժպտար վերջինիս դեմքին, ինչը, ավաղ, նա ի վիճակի չէ անել, քանի որ, ասում են, բազմաթիվ պլաստիկ վիրահատություններից հետո նրա դեմքը զրկվել է ժպտալու համար անհրաժեշտ մկանային համապատասխան ունակություններից․․․

Զավեն  ԲԵԿՅԱՆ